Ռուսաստանով մեկ մարդիկ ուզում են վերադառնալ, բայց մնում են ճանապարհներին

Ռուսաստանով մեկ մարդիկ ուզում են վերադառնալ, բայց մնում են ճանապարհներին

Երեկ առավոտից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ էին հավաքվել, որոնք չէին կարողանում վերադառնալ Հայաստան: Ինչպես արդեն հաղորդել է ԱԳՆ-ն, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանատան աշխատակիցներն անընդհատ կապի մեջ են նրանց հետ, այցելում են «Դոմոդեդովո», խոսում են մարդկանց հետ, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր ու նյութեր են բաժանում օդանավակայանում մնացածներին:  
«Իհարկե, մենք շնորհակալ ենք, բայց մենք սպասում ենք, որ ինքնաթիռ լինի, խոստացել են, որ կլինի, իսկ քանի դեռ ինքնաթիռ չկա, մեր վիճակն անորոշ է», - ասաց մեր հայրենակիցը: 

Օրվա վերջում ԱԳՆ-ն հայտնեց, որ ՌԴ֊ում ՀՀ Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում»։ Երբ կլինի ինքնաթիռ և արդյոք կառավարությունը բանակցո՞ւմ է այս ուղղությամբ, չի հաղորդվում: 

«Դոմոդեդովոն» իրականում այս օրերին Հայաստան վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների չարչարանքների մի դրվագն է, որի մասին չէր խոսվի, եթե չլիներ չվերթի ուղևորների տարածած տեսանյութը: Շատ ավելի վատ վիճակում են նրանք, ովքեր ցամաքային ճանապարհներին են մնացել: Երեկ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Մարտի 18-ից այդ ճանապարհը փակ է: Վերին Լարսով, ինչպես հաղորդում է ԱԳՆ-ն, կարող են անցել միայն բեռնատարները: Փաստորեն, ինքնաթիռներ չեն թռչում, ցամաքային ճանապարհը փակ է։ Ռուսաստանով մեկ մարդիկ չեն կարողանում տուն դառնալ: Հայկական համարներով մեքենաների տերերը  կարող են դրանք թողնել ու մեկնել ինքնաթիռներով, որոնք կլինեն կամ չեն լինի, կամ էլ կարող են մեքենաների մեջ սպասել, մինչև որ Լարսը բացվի: Այլ լուծում կառավարությունն իր քաղաքացիներին, փաստորեն, չի առաջարկում: