Միքայել Բրսոյան. Վերադարձ

Միքայել Բրսոյան. Վերադարձ

Հնամենի դուռը, որ վերջին անգամ նրա մատների հպումից բացվել էր, նորից ճռռաց։ Տարիները փոխել էին նրան։ Թիկնեղ մեջքն այժմ զարդարված էր արդուզարդի պարագաներով։ Լայնեզր կուրծքը փայլփլում էր պարգեւների մետաղական գույներից։ Ոսկեփայլ ակսելբանդը պարանոցի ամբողջ երկայնքով ձգվում էր ու ավարտվում ձախ կրծքից ներքեւ՝ հաղթանդամ բազուկների հարեւանությամբ։ Մազերը կտրված էին կիպ, կոկիկ հանդերձանքն ընդգծում էր նրա վերջին տարիների կանոնակարգով ապրելակերպը։ Մանկական հեքիաթները նրա համար վաղուց իրենց պատշաճ տեղն էին գտել հիշողության խորքում, որոնք միայն պիտի արթնանային երեխաների գիշերային երազները պատկերավոր դարձնելու համար։ Հասունությունը ծորում էր նրա հստակ ու ընդգծված հայացքից։ Նրա բոլոր դիմախաղերը հստակ որոշումներ ծնող շարժումներ էին։ Եթե ավելի պարզ՝ նա երեխայից դարձել էր տղամարդ։

Տան անդամները դեռ քնած էին։ Ամառային արեւախանձ ցերեկներն ու տոթախեղդ գիշերները քարից հաց քամող լեռնականներին հյուծել էին մինչեւ վերջին շունչը. նրանք դեռ քնած էին մանկական քնով։ Հողեղեն անկողիններն այնքան ամուր էին գրկել նրանց մազապատ ու ոսկրացած մարմինները, որ թվում էր՝ ցանկացած անհարմար շարժումից կպայթեն ընկնող կաթիլի պես։ Հագուստն ու իրերը թափթփված էին անկանոն դասավորությամբ։ Տուն մտնելու ճանապարհին կարծես արդեն մերկացել էին, որ ակնթարթ չկորցնեն անկողնուն փարվելու համար։ Դռան ճռռոցը մի պահ երտասարդին սթափեցրեց՝ կտրեց մի ժամանակ երազանք դարձած մտքերից ու տեղափոխեց անդառնալի ներկա։ Մի պահ տատանվեց. արդյո՞ք ճիշտ կլինի անձայն մտնել ներս։ Գուցե մոր՝ երկար սպասումից դալկացած սիրտն ու բաղձալի հանդիպման պահը անհամատեղելի դառնան.... Իսկ եթե ուրախությունը փոխվի.......

Նա այնքան երկար էր սպասել այս հանդիպմանը, անցած տարիների ընթացքում այնքան հաճախ էր պլանավորել իր մուտքը հայրական օջախ, որ այժմ խճճվել էր ծրագրերի ու իրականության խաչմերուկում։ Այժմ զգում էր, որ պլանավորման ու իրականության զգացողությունները անհամեմատ տարբեր էին։ Այդ ամբողջ ընթացքում նա միջավայրին անհաղորդ կանգնած էր, կանգնած էր այնպես, ինչպես անցած տարիներին կանգնել էր աներեր։ Նրա կուրծքն ու երկրագնդի հատակը երբեք զուգահեռներ չդարձան, նա նույն ուղղահայացությամբ այժմ արդեն կանգնած էր հայրական խրճիթի դռան առջեւ՝ սեւեռուն հայացքը գամած քուլայապատ պատուհաններին։

Վերջապես վճռեց... Վերջին տարիների ընթացքում դա այն լավագույն որակն էր, որը ոսկերչական ճշգրտությամբ ներարկել էին նրա մեջ։ Լավագույն դերը նրա համար որոշողի սառնասիրտ կեցվածքն էր։ Անելանելի իրավիճակներում նրան թրծել էին, անմարդկային տանջանքների բարդ ճանապարհը հաղթահարելուց հետո նրա կամքը պողպատյա պնդությամբ կարող էր նույնիսկ անհավանական սխրանքներ գործել։ Եվ իսկապես, սխրանքին հավասար բան էր՝ բացել դուռը ու կանգնել մոր առջեւ:
Ընկերները, որոնց հետ մեկ տարի առաջ երեկոյան թեյի սեղանի շուրջ լայն ժպիտներով քննարկում էին, թե ինչպիսին պիտի լինի իրենց վերադարձը տուն, այլեւս չկան։ Նրանք վերադարձան ժամանակից շուտ, բայց այս դեպքում հերոսությունը կարելի էր համարել մայրերինը։ Երբ հանդիպում են մոր ու որդու հայացքները, նրանք ցանկանում են միայն մեկ բան, որ իրենց միջտարածությունն ակնթարթորեն անհետանա, որ նրանց մարմինների ջերմաստիճանն ընդհանրանա, որ հպման էներգիան խեղդի սրտի անկանոն աշխատանքը, ու նորից կյանքը հրապուրանքի պիկից վերադառնա բնականոն հունի։ Բայց ինչպե՞ս կարողացան դիմավորել մայրերն իրենց որդիներին։ Այդ մայրերի հիշողությունների մեջ հավերժ կմնա վերջին ճանապարհման պահը, որտեղ իրենց որդիների ժպիտներն այրող էին, հրաժեշտի գրկախառնության հարվածող ալիքը քաղաքներ տակնուվրա կաներ։ Նրանք կհիշեն բաժանման պահը մի պարզ պատճառով, որ կարողանան շարունակել ապրել, հակառակ դեպքում՝ մայրն ինչպե՞ս կարող է հարմարվել որդու վերջին սառը ժպիտի, անտարբեր հայացքի ու ձեռքերի հետ, որոնք այլեւս իրեն չեն գրկի։ Ինչպե՞ս կարող են մորը հանդիպելիս որդու աչքերը չփայլել հուզմունքից, այլ փակվել՝ այլեւս բաց չլինելու դատավճռով։

Վերջին տանջանքներից հետո նա դադարել էր ամեն օր մտածել ընկերների մասին, նա երկար բուժումներ էր ստացել, որպեսզի կարողանար վերադառնալ իրականություն՝ արտաշնչել նորից նույն տեղում, որտեղ վերջին շունչը պահելու աղոթքով դուրս էր եկել ընկերների հետ։ Առաջին անգամ հայրական տան շեմին՝ դռան եւ իր արանքում կենդանի տեսքով կանգնեցին ընկերները։ Նրանք նորից ժպտում էին անսասան հայացքով... այնպես, ինչպես ժպտացին այդ աչքերը՝ հավերժ փակվելուց առաջ։ Ընկերներին տոնական հագուստով կյանքում մեկ անգամ էր տեսել. դա այն ժամանակ էր, երբ ընկերները նրան տեսնելու հնարավորություն այլեւս չունեին։ Այժմ նրանց թափանցիկ պատկերները դրոշի նման փողփողում էին իր առաջ՝ ձեռքերը լայնագիրկ բացված։

Ոստյունով նետվեց դեպի դուռը, այնպես, ինչպես ցատկել էր ընկերների վերջին ժպիտը փրկելու համար։ Հայտնվեց դռան հակառակ կողմում։ Մի պահ հնի ու նոր իրականության հատման սառը պատը տաք ապտակ տվեց։ Զգացողությունների եռն ու սրտի զարկերը հասան զարգացման գագաթնակետին։ Աչքերը լցվել էին մթնշաղով, գիտակցությունը հազիվ կարգավորելով՝ ամուր հենվեց աջ ոտքի վրա, զուգահեռ՝ ձախ ոտքի օգնությամբ կես շրջան թեքվեց դեպի ձախ։ Առաջին իրը, որ տարբերեց համատարած խառնաշփոթի մեջ, մոր վառ լուսավորված կրակագույն շալն էր՝ կախված հատուկ դասավորությամբ։ Նախկինում երբեք չէր տեսել շալի նման հարդարանք։ Աչքերով շալը պահած ուշադրության կենտրոնում՝ եւս երկու քայլ առաջ դրեց։ Տախտակապատ հատակը խորը հառաչում էր ամեն քայլից։ Արդեն բավական ժամանակ էր՝ չէր զգացել հաղթանդամ մարդու ներկայություն սեփական մակերեւույթի վրա։ Այն ամեն քայլի հետ իր բողոքն էր արտահայտում փշաքաղեցնող ճռռոցով։

Տան վերջում՝ սենյակի թեքման կետում, լամպը սպառում էր վերջին էներգիան, լույսի շողերը խամրում էին՝ ավելի դժվար դարձնելով տարբերել մանկության առարկաները։ Շոշափելով մոտեցավ առաջին երկաթյա մահճակալին։ Հիշում էր՝ տնից դուրս գալուց անմիջապես հետո փոքրիկ եղբայրն արդեն տոնում էր իր հաղթանակը՝ մեծ ցատկերով թռչկոտելով նույն անկողնուն։ Կարծես վերջապես հաղթել էր ավագ եղբորը. Նա միշտ ցանկացել էր գրավել ավագի առանձին տեղը։ Ձեռքը կամաց սահեցնելով՝ առաջ անցավ սավանի սկզբնամասով, հանկարծ մատների ծայրերը շոշափեցին փոքրիկի եռման ոտքերը, լեռնականի արյան հոսքը փոքրիկի երակներում պայթում էր ջերմությունից։ Միանգամից հետ քաշեց ձեռքը։ Մեկ մեծ լոնքով առաջ անցավ գինու տակառի վրայով ու կանգնեց հոր բազմագույն՝ տարբեր փայտերով հավաքած գահի կողքին. հայրը ծիծաղելով այդպես էր անվանում իր մահճակալը։ Պատուհանից ներխուժած լուսնի աղքատ շողերի ներքո նշմարեց հոր տանջված դեմքը։ Էլի խրոխտ էր, նույնիսկ քնած ժամանակ չէր փոխում դեմքի խիստ արտահայտությունը։ Նախկին բեղերը արմատներ տալով՝ ճյուղավորվել էին ամբողջ դեմքով։

Վերջ... բոլորը տեղում էին։ Արդեն կարելի էր սրտապատառ գոռալ, հայտնել իր գալու մասին։ Ու երբ բոլորը վեր կթռչեին խուճապահար, նա կօգտվեր առիթից ու կգրկեր մորը, կբարձրացներ մինչեւ առաստաղ։ Երազանք էր դարձել նորից հոտոտել նրանից բուրող թարմ հացի հոտը: Նա պաշտում էր, երբ մայրը հաց էր թխում, ու ամեն անգամ գրկում էր նրան՝ գլուխը դնելով կրծքին։ Դեպի մոր անկողին քայլերն արագացան՝ մոռանալով ճռճռան հատակի մասին. նա քայլում էր ինքնամոռաց։ Վերջին քայլը դնելով՝ բարձր գոռաց. «Մա՛յր իմ, ես եկա»։ Տան անդամները վեր թռան։ Մորից արձագանք չեղավ։ Մտածեց՝ երեւի խեղճ մայրը խորն է քնել, ախր նա աշխատում էր բոլորից շատ՝ մոռանալով թե՛ առողջության, թե՛ տարիքի մասին։ Ոտքերը տեղի տվեցին, թուլացան։ Դանդաղ իջնելով՝ ծնկաչոք հենվեց մահճակալին՝ ուղիղ մոր գլխավերեւում։ Վերջապես համարձակվեց գլուխը դնել մոր գլխին ու քնի մեջ ամուր գրկել Աստվածային բույրով հրաշքին։ Գլուխը կտրուկ իջեցրեց՝ ձեռքը զուգահեռ տեղաշարժելով անկողնու մեջ։ Սակայն գլուխը հպվեց բարձին, իսկ ձեռքը, անցնելով դատարկ անկողնու լայնքով, դուրս եկավ վերմակի տակից։ Մայրն անկողնում չէր…

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ