Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանն ազատվել է աշխատանքից` արցախցիներին անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու պատճառով

Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանն ազատվել է աշխատանքից` արցախցիներին անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու պատճառով

Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ, բարեկամներ, գործընկերներ, հարազատներ, իմ բուժառուներ, սրտանց շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների, բարի մաղթանքների և ջերմ խոսքերի համար։ Զգացված եմ ամեն մի բառի համար, գիտեմ որ արժանանում եմ ձեր սրտանց վերաբերմունքին, որը փոխադարձ է։ Իմ համար շատ կարևոր է և թանկ ձեր բոլորի անհատական և հանրային առողջությունը։ Միշտ պատրաստ եմ որպես բժիշկ և մարդ լինել իմ հայրենակիցների կողքին։ Շնորհակալ եմ ձեր վստահության համար։

Ուզում եմ ներկայացնել իմ «ամենակարևոր և ամենաարժանի նվերը», ստացած իմ տարեդարձի նախօրեին՝ աշխատանքից ազատման հրամանը։ Պատճառը՝ անվճար հեռավար բուժօգնության տրամադրումը Հայաստանի և Արցախի իմ հայրենակիցներին, որի համար հիվանդանոցին վճարում չեմ արել։

Երկու ամիս շարունակ պատերազմի օրերին և հետո էլ կորոնավիրուսի թվերի աճի հետ մեկտեղ, ես իմ ներդրումն եմ ունեցել ազգիս առողջության և բարօրության համար։ Որոշ ղեկավարների և պաշտոնյաների հոգուն և գիտակցությանը հասանելի չի մարդկանց օգնելու ցանկությունը և կարողությունը, բարեգործությունը և մարդասիրությունը, այլ միայն անձնական շահն ու հօգուտը կարող են լինել նրանց կյանքի կարգախոսը։ Այս երկրին ոչ մի ոլորտում մասնագետներ և պրոֆեսիոնալներ պետք չեն, միայն դիլետանտներ և դավաճաններ են պետք։ Ես էլ միացա այն նվիրյալ «անպիտան պրոֆեսիոնալների» շարքին, որոնց ակտիվ, անձնվեր և անտրտունջ գործունեության ժամանակ ազատեցին աշխատանքից։ Այ ստահակ ղեկավարներ և իշխանավորներ, ոնց եք ապրելու ժողովրդի անեծքի տակ։ Կարծում եմ հանրությունը կարձագանքի նման շարունակվող արատավոր երևույթները կանխելու համար»: