Դատախազությունը հանկարծակիի է բերել իջեւանցիներին 

Դատախազությունը հանկարծակիի է բերել իջեւանցիներին 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սևքարի անտառտնտեսությունում առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպք է պարզվել․ մասնավորապես, պարզվել է, որ այդ մասնաճյուղի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013-2017թթ. որպես սեզոնային բանվորներ գրանցել են Սևքար գյուղի երկու բնակիչների: Սակայն վերջիններս աշխատանքի չեն ներկայացել, աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 6.2 մլն ՀՀ դրամ աշխատավարձի գումարը յուրացվել է: 

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը: 

Թե այդ անտառտնտեսության ո՞ր պաշտոնյաների մասին է խոսքը, այնտեղ տեղյակ չեն։ Ամեն դեպքում, այդպես «Հրապարակ»-ին փոխացեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սևքարի անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանը։

«Մենք նման բանի տեղյակ չենք, մեզ ոչ մեկը նման բան չի ասել, թե ինչ ա կատարվել, երբ կկանչեն քննության, կպարզաբանեն՝ ով ա էդ աշխատակիցը կամ այդ բանվորներն այդ ժամանակ ձեզ ինչ-որ բան կասենք, հիմա տեղյակ չենք։ Հավանական ա՝ չեն արել, մեզ ոչ մեկը չի ասել, թե Քննչականը, թե դատախազությունը, ու չգիտենք։ Չգիտեն՝ ում մասին է խոսքը, ում վրա է քրեական գործ հարուցվել»,- նշեց նա։

Հարցին, թե աշխատակիցների շրջանում այս թեմայով զրույց ունեցե՞լ է, տվեց դրական պատասխան՝ նշելով․ «Ես փորձել եմ, բայց ոչ մեկին չեն կանչել, ներկա պահին գործ չկա հարուցված, թե կա, իրենք տեղյակ չեն, չգիտենք»։

Տնօրենի խոսքով՝ եւ ունեն երկարամյա, եւ նոր աշխատողներ, նրանց ընդհանուր թիվը 54-ն է։