Իսկ գուցե՝ Նիկոլստանի՞ պատմություն

Իսկ գուցե՝ Նիկոլստանի՞ պատմություն

Եթե հայ պատմաբանները հիմա բունտ չանեն, ուրեմն պատմաբան չեն, Նիկոլ են: Չէ, Նիկոլ էլ չեն, Նիկոլից ավելի վատն են: Թքեմ ձեր երեսին… Փակեք պատմության ինստիտուտները, ամբիոնները, դպրոցները, ռադ եղեք տներով: Հերիք է էս խեղճ ժողովրդի վզին նստած՝ արյունը ծծեք: Թքեմ ձեր գիտական կոչումների վրա, ձեր գրքերի ու աշխատությունների վրա: Հենց հիմա դուրս եկեք փողոց՝ թե տղա եք, թե գիտնական եք, թե հայ եք, առհասարակ:

Հո չե՞ք վիրավորվում այս տողերից… Հապա փորձեք, արա, դուք ո՞նց կարող եք այս խոսքերից վիրավորվել, եթե չեք վիրավորվում ձեր մասնագիտության եւ ձեր առարկայի մասին գեղցի Նիկոլի դուրս տված ցնդաբանություններից: Տղա՞ եք՝ գլուխներդ հանեք ձեր ծակից, հակառակվեք Նիկոլին, ո՞ւր է ձեր գիտությունը, դրեք նրա առջեւ, կռվեք, ապացուցեք ձեր ճիշտը, եթե այն տարբերվում է Նիկոլի «ճշտից»: Ողբամ զձեզ… Գոնե հասկանո՞ւմ եք, որ ձեր լռությամբ այսօր հանցակիցն եք դառնում Նիկոլի, ձեր խղճի վրա եք վերցնում Արցախի կորուստը, Արցախ-հայրենիքի պատմության կորուստը, արցախահայոց պատմության կորուստը, Ցեղասպանության հիշողության կորուստը, հայոց պահանջատիրության կորուստը, հանուն Հայրենիքի զոհված մեր հերոսների հիշատակի կորուստը:

Դուք համաձա՞յն եք, որ դպրոցներում այսուհետ դասավանդվի ոչ թե «Հայոց պատմություն», այլ՝ «Հայաստանի պատմություն»: Այո՞, թե՞ ոչ: Խոսեք, հայվանի պես մի լռեք, արա, մի բան ասեք՝ այո՞, թե՞ ոչ: Տարբերություն չկա՞ դրանց միջեւ: Լիքը ընկերներ ունեմ ձեր մեջ, խոսեք վերջապես, էս իդիոտների կառավարությանը հասկացրեք, որ հայ ժողովրդի պատմությունը կարող է լինել միայն հայոց պատմություն եւ ոչ թե Հայաստանի պատմություն: Իսկ գուցե կան Արեւմտյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի առանձին պատմություննե՞ր, որոնց մասին ես չգիտեմ: Չէ-չէ մի՝ Հայաստանի ժողովրդի պատմություն: Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը միշտ պետական միավոր է եղել քարտեզի վրա, իսկ Հայաստանում ապրող ժողովուրդն էլ՝ պետություն ունեցող ժողովուրդ: Այս նույն տրամաբանությամբ եկեք ասենք՝ Հայաստանի գրեր, Հայաստանի էպոս, Հայաստանի եկեղեցի… Եկեք Հայաստանի զինանշանից ջնջենք բոլոր հայկական դրոշները, եկեք Էրեբունին քանդենք, որովհետեւ այնտեղ Հայաստան հիշեցնող ոչինչ չկա, բացի մի սեպագիր արձանագրությունից, որը, եթե տանք թուրքերին, իսկույն կդարձնեն իրենցն ու կվերծանեն իրենց լեզվով:

Մինչեւ Հայաստանի, կներեք, հայ պատմաբանների՝ փողոց իջնելը, եկեք հասկանանք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի տկարամիտ կառավարությունը «Հայոց պատմություն» առարկան վերափոխում «Հայաստանի պատմության»: Ուրեմն մի անգամ, այդ տկարամիտ կառավարության նույնքան տկարամիտ ղեկավարը որոշեց պլստալ Արցախը հանձնելու պատասխանատվությունից եւ հայտարարեց, թե ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, Արցախի վարչապետը չէ: Ի դեպ, 2018թ. ապրիլ-մայիսին նա այդպիսի բան չէր ասում: Ավելին, այդ ժամանակ նրա «հեղափոխությունն» էլ Հայաստանի հեղափոխություն չէր կոչվում, այլ՝ «հայկական հեղափոխություն»: Ավելի ուշ՝ Արցախը հայկական էր, Արցախը Հայաստան էր, Բակո Սահակյանը՝ Արցախի մարզպետ, իսկ ինքը՝ ալամ Հայաստանի-Արցախի վարչապետ: Ամեն ինչ, սակայն, փոխվեց 44-օրյա պատերազմից հետո: Երբ նա կապիտուլացվեց, Հայոց բանակը բաժանեց երկու մասի՝ Արցախի բանակ եւ Հայաստանի բանակ: Արցախինը մնաց Արցախում, իսկ Հայաստանինը փախավ Արցախից:

Սրանից հետո կանգնեց «մեյդանում» ու հայտարարեց, որ ինքը 25 հազար զորք է փրկել՝ Հայաստանի բանակը: Ես պատմաբաններին եմ մեղադրում, բայց գոնե մի գեներալ նրան չասաց՝ այ ուռու գլուխ, դու կյանքումդ 25 հազարանոց զորք տեսած կա՞ս, որ խոսում ես փրկելու մասին: Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ է իրենից ներկայացնում այդ զորքը՝ իր սպառազինությամբ, ստորաբաժանումներով: Ախր էդ 25 հազարանոց զորքը ողջ բանդայիդ վրայով կանցնի ու չի էլ նկատի… Գեներալները չխոսեցին, Քոչարյան Անդոն էլ ավել-պակաս հարցեր չտվեց, ծածկադմփոց արին մի ողջ պատերազմ ու պլստացրին ազգակործան պատուհասին: Սա էլ, քանի որ լավ իմաստով «բիճ» էր, գնաց Պրահայում թուղթ ստորագրեց ու հրաժարվեց Արցախից: Հենց այդ օրերին էլ ծնվեց «ես Հայաստանի վարչապետն եմ, ես Արցախի վարչապետը չեմ» նիկոլաբանությունը: Արցախը, հասկանում եք, գուցե հայկական է, գուցե այնտեղ հայեր են ապրում, բայց Հայաստան չէ… Հետեւաբար, ինձնից ի՞նչ եք ուզում:

Այսպես հասանք պատմությանը: Ինչպե՞ս անվանել առարկան՝ Հայոց պատմությո՞ւն, թե՞ Հայաստանի պատմություն, որ բռնի «Հայաստանի վարչապետ» արտահայտության հետ: Բնականաբար, որոշվեց հարցը լուծել ըստ նպատակահարմարության, այսինքն՝ պատմությունից պոկել հայկականն ու տակը թողնել Հայաստանի մասը: Սա է ամբողջը: Իսկ մեր պատմաբանները լռում են: Թող լռեն, վաղը Հանրապետության հրապարակում մի մեծ խարույկ կվառվի, ու կրակի ճարակ կդառնան հայոց պատմության մասին նրանց բոլոր գրքերը: Եվ ոչ միայն գրքերը: Բա էն գիտական աստիճաններն ու կոչումնե՞րը…

ՀԳ. Արդեն 3 օր է՝ մտածում եմ․ ո՞րն է ճիշտ՝ հայոց լեզո՞ւ, թե՞ Հայաստանի լեզու, հայ գրո՞ղ, թե՞ Հայաստանի գրող, հայ երգահա՞ն, թե՞ Հայաստանի երգահան, հայ նկարի՞չ, թե՞ Հայաստանի նկարիչ, հայ գյուղացի՞, թե՞ Հայաստանի գյուղացի, հայ մտավորակա՞ն, թե՞ Հայաստանի մտավորական… Իսկ գուցե հարցն արագ փակենք, գրենք՝ Նիկոլի լեզու, Նիկոլի գրող, Նիկոլի երգահան, Նիկոլի ծովանկարիչ, Նիկոլի գյուղացի, Նիկոլի մտավորական… Նիկոլի (Նիկոլստանի) պատմություն, վերջապես: