Որտե՞ղ կանցկացվեն ՌԴ-Ուկրաինա նոր բանակցությունները. Հռոմի պապն առաջարկ ունի

Որտե՞ղ կանցկացվեն ՌԴ-Ուկրաինա նոր բանակցությունները. Հռոմի պապն առաջարկ ունի

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում, հունիսի կեսերին՝ ԱՄՆ պատվիրակության մասնակցությամբ։ 

Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ), հղում անելով իր աղբյուրներին։ 

Հանդիպման վայրի և ժամանակի վերաբերյալ որոշումը դեռևս կայացված չէ։

Ինչպես նշում է հրատարակությունը, բանակցություններին կմասնակցեն Միացյալ Նահանգների հիմնական ներկայացուցիչները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ միասին։ 

ԱՄՆ-ն բանակցություններին կներկայացնեն պետքարտուղար և նախագահի ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր օգնական Մարկո Ռուբիոն, ինչպես նաև Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

Ավելի վաղ Սուրբ Աթոռի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել էր Հռոմի պապ Լևոն 14-րդի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար Վատիկանը որպես չեզոք տարածք օգտագործելու նախաձեռնությամբ հանդես գալու ծրագրերի մասին։ 

Կարդինալը շեշտել էր, որ Սուրբ Աթոռը բաց է հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար և պատրաստ է ապահովել բոլոր համապատասխան պայմանները կողմերի միջև կառուցողական երկխոսության համար։ 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին կայացած հեռախոսազրույցների ժամանակ չեն քննարկել Վատիկանի այս նախաձեռնությունը: