Բորելի և Կոբախիձեի «լեզվակռիվը»
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիության դռները բաց են Վրաստանի համար, սակայն հանրապետությունը պետք է անցնի բարեփոխումների ճանապարհով։ Այս մասին գրում է Mtavari հրատարակությունը։
«Բոլորը պետք է իմանան, որ Եվրամիության դռները բաց են, դուք պետք է անցնեք այդ բաց դռնով, և այդ դռնով անցնելը, ինչպես բոլորը գիտեն, արժանիքների վրա հիմնված գործընթաց է, բարեփոխումներ պետք է արվեն», - ասել է Բորելը:
Նա հավելել է, որ Ասոցացման համաձայնագրով Թբիլիսին արդեն արագացրել է բարեփոխումների իրականացումը, սակայն երկիրը դեռ պետք է վճռական քայլեր ձեռնարկի քաղաքական լարվածությունը նվազեցնելու համար։
Բացի այդ, Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել «պայքարել հակաարևմտյան հռետորաբանության և տեղեկատվության մանիպուլյացիայի դեմ», իսկ այս տարվա խորհրդարանական ընտրությունների համատեքստում նա նշել է ընտրական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Դիվանագետը նաև կոչ է արել բարելավել հարաբերությունները Վրաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ «Ռուսաստանը շահում է» նրանց առճակատումից։
Դրան ի պատասխան՝ Կոբախիձեն հիշեցրել է ուկրաինացի պաշտոնյաների հայտարարությունները Վրաստանում «երկրորդ ճակատի» բացման մասին և հիշեցրել, որ Թբիլիսին չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։ Այդուհանդերձ, նրա խոսքով, Վրաստանը «աջակցում է Ուկրաինային քաղաքականապես» և մարդասիրական առումներով։
Նա հավելել է, որ Թբիլիսին «հավատարիմ է բարեփոխումների ծրագրին, այն քայլերին, որոնք պետք է ձեռնարկվեն ԵՄ անդամակցության համար» և հույս հայտնել, որ մինչև 2030 թվականը Վրաստանը կդառնա Եվրամիության լիիրավ անդամ։
Կարծիքներ