Ի՞նչ է կառուցել Ադրբեջանը «նոր երթուղուն» հարակից հատվածներում (տեսանյութ)

Ի՞նչ է կառուցել Ադրբեջանը «նոր երթուղուն» հարակից հատվածներում (տեսանյութ)

Ինչպես արդեն գիտենք, օգոստոսի 25-ին Ադրբեջանին են հանձնվելու Արցախի Բերձոր Աղավնո, Սուս համայնքները, որի հետ միասին նաև փաստացի թշնամուն է հանձնվում Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը` «Լաչինի միջանցքը»: Չնայած նրան, որ մեզ առաջարկվող նոր ճանապարհի վերաբերյալ որևէ գրավոր փաստաթութ չկա, Արցախի ու Հայաստանի իշխանությունները բազմաթիվ հայտարարություններ են արել, որ նոր ճանապարհը գործածվելու է նույն միջանցքային տրամաբանությամբ`ինչպես նախկին ճանապարհը: Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ապա այնտեղ նույնպես բացակայում է նոր երթուղու վերաբերյալ հստակությունը:
Փորձենք հավատալ նոր ճանապարհի միջանցքային տրամաբանության վերաբերյալ հայտարարություններին և դրանք ստուգելու համար դիմենք քարտեզի օգնությանը: Այն, ինչ այդ ճանապարհի հարակից տարածքներում կառուցել են ադրբեջանցիները` պատերազմից հետո, մեղմ ասած, ստիպում է թերահավատորեն մոտենալ այդ հայտարարություններին, քանի որ բազմաթիվ հարցեր են առաջանում: 

Google Earth հավելվածի  քարտեզների միջոցով պատրաստված այս տեսագրության մեջ դուք կարող եք տեսնել ադրբեջանցիների կողմից կառուցված նոր ճանապարհի տեղանքն ու այնտեղ առկա մի շարք կարևոր փաստեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանն ամենևին էլ չի պատրաստվում  նոր ճանապարհը հանձնել մեզ միջանցքի կարգավիճակով:

Պարզվում է, որ բացի, այսպես ասած, «նոր երթուղու» ճանապարհից ադրբեջանցիններն այդ ճանապարհին զուգահեռ կառուցում են նաև այլ ճանապարհներ, որքնք հատվում են «նոր երթուղու» հետ տարբեր հատվածներում, թե ի՞նչ նպատակով` մնում է կռահել: Չնայած ադրբեջանական իշխանական մեդիան արդեն խոսում է, որ այդ ճանապարհը կհատվի նաև Քարվաճառը Կովսականին միացնող նոր ճանապարհի հետ, որը նախնական տվյալներով կանցնի նոր կառուցված կամրջի հատվածով: 

Բացի դրանից, քարտեզների ուսումնասիրությունից պարզ երևում է, որ Ադրբեջանը այդ «նոր երթուղուն» հարակից տարածքում` հենց ՀՀ սահմանի մոտ, նաև կառուցել է նոր շինություններ` ճանապարհից ընդամենը 200-300 մետր հեռավորության վրա: Ինչպես նաև ճանապարհի հարակից հատվածներում` մինչև 2 կմ հեռավորության վրա, տեսանելի են որոշակի շինություններ, որոնք շատ նման են ադրբեջանական դիրքերի:
Այս ամենը բազմաբնույթ հարցեր կարող են առաջանալ, որոնք  պետք է հասցեագրվեն «նոր երթուղու» մասին հայտարարություններ անողներին: Օրինակ`ի՞նչ շինություններ են դրանք ու ի՞նչ նպատակով են կառուցվել և ինչո՞ւ հենց ՀՀ սահմանին հարակից հատվածում, արդյո՞ք դրանք մաքսակետի համար նախատեսված շինություններ են, թե` ոչ, արդյո՞ ք, այդ հատվածում Ադրբեջանը տեղադրել է մարտական դիրքեր ու, եթե այո, ապա այդ դիրքերը մնալու են այդտեղ, թե` ոչ, ինչո՞վ է ապահովագրված լինելու այդ ճանապարհի անխափան ու անխոչընդոտ գործունեությունը, ինչպե՞ս է ապահովվելու ճանապարհի անվտանգությունը, մանավանդ, որ քարտեզից կարող ենք կռահել, որ այդ հատվածներում հնարավոր է նաև, որ միջանցքի համար նախատեսված 2,5 կմ լայնության տարածքում, թշնամին մարտական դիրքեր տեղադրի, ի՞նչ միջանցքային տրամաբանության մասին է խոսքը, եթե թշնամին ճանապարհի հարակից հատվածներում շինություններ է կառուցել ու կառուցում:

Ի դեպ, այս ամենը տեսանելի է 2022թ. փետրվարի դրությամբ, քանի որ Google Earth հավելվածի քարտեզների այդ հատվածի վերջին թարմացումը հենց այդ ժամանակ է եղել: Թե ինչ է թշնամին ավելացրել այդ հատվածում չենք կարող հիմա ստույգ իմանալ:
Եվս մեկ դիտարկում. դեռևս ամիսներ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ նոր զորամասեր են կառուցվել Լաչինի շրջանում: Այս ամենից հետո ևս շեշտենք, որ մինչև չլինի «նոր երթուղու» վերաբերյալ ստորագրված նոր փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինի ինչպիսին է լինելու այդ միջանցքի իրավական ռեժիմը, պարամետրերը, անվտանգության երաշխիքներն, այնպես էլ Արբեջանի վրա պարտավորություն դրված կլինի միջանցքի անխափան ու անխոչընդոտ գործունեության վերաբերյալ, մենք որևէ երաշխիք չունենք, որ այդ ճանապարհը կգործի միջանցքային տրամաբանությամբ ու կարող է անխափան ու անխոչընդոտ կապ ապահովել Հայաստանի ու Արցախի միջև: Մնացած ամեն ինչը պարզապես հիմնազուրկ բառակապակցություններ են: Բանավոր որևէ պայմանավորվածութուն չի կարող երաշխիք տալ վերը նշվածի վերաբերյալ` Գորիս-Կապան մայրուղու օրինակը մեզ թող դաս լինի:

Առաջարկում եմ դիտել տեսանյութը և հետևություններն արեք ինքներդ: