ՍԴ նախագահի համար Ստամբուլյան կոնվենցիան պաշտամունքի և աղոթքի առարկա պետք է լինի

ՍԴ նախագահի համար Ստամբուլյան կոնվենցիան պաշտամունքի և աղոթքի առարկա պետք է լինի

Հայաստանի իշխանություններին հաջողվեց Վենետիկի հանձնաժողովի հետ քաղաքական առեւտուր իրականացնել՝ «Հրայր Թովմասյանի դիմաց՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում» բանաձեւով։ Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի դատական բարեփոխումների փաթեթի ու Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ դրական կարծիք է հայտնել, ինչի մասին նախօրեին ավետեցին նաեւ արդարադատության նախարարությունից՝ պաշտոնական հաղորդագրությամբ։ Սա նշանակում է, որ Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, որի դիմաց ՀՀ իշխանություններին թույլ են տվել ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկել՝ մի վերապահումով, որ դա պետք է լինի կամավոր հիմունքներով։ Դատական օրենսգրքի՝ «շանտաժի եւ կաշառքի օրենք» որակված փոփոխությունների առջեւ այլեւս Վենետիկի հանձնաժողովը «կանաչ լույս է վառել», քանի որ դրանից հետո կվավերացվի Եվրոպայի համար այնքան բաղձալի, Հայաստանում ոչ այնքան ցանկալի Ստամբուլյան կոնվենցիան։ 

Թե ինչպես են ՀՀ իշխանությունները վավերացնելու այդ խնդրահարույց կոնվենցիան, որը հայության պահպանողական շրջանակների կողմից բնորոշվել է միասեռականների, ԼԳԲՏ-ականների, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների եւ հայ ընտանիքի դեմ ուղղված օրենք, դժվար է պատկերացնել։ Հարցն այն չէ, որ «Իմ քայլն» ունի բացարձակ մեծամասնություն, որը բավարար է խորհրդարանում կոնվենցիան քվեարկությամբ վավերացնելու համար։ Այլ այն, որ, ինչպես նկատում է Վահագն Չախալյանը, հայության համար երկու զգայուն հարց կա․ մեկը ավանդական ընտանիքի պահպանման, մյուսը՝ Արցախի, եւ, որպես կանոն, հենց այս հարցերում է, որ հանրության պայքարող հատվածը, անկախ քաղաքական հայացքներից ու տարաձայնություններից, ոտքի է կանգնում։ «Այս երկու հարցում ՀՀ քաղաքացիները մի սանտիմետր չեն զիջում։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ո՛չ իրավական, ո՛չ բարոյական առումով արժեք չունի։ ՀՀ քաղաքացիներն իրենք են որոշելու՝ ինչ արժեհամակարգով ապրեն»,- նկատում է Չախալյանը։

Նրա «Կամք» ՀԿ-ն, հիշեցնենք, արդեն 90-րդ օրն է՝ ստորագրահավաք է անցկացնում՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դեմ։ Չախալյանը չի ցանկանում բացահայտել քաղաքացիների թիվը, որոնք միացել են նախաձեռնությանը։ Նա վստահեցնում է․ «Դեռեւս չենք հաշվել, բայց մի քանի հազար կլինի։ Հոկտեմբերի 18-ին «Կամքի» մեկամյակն է, հրավիրված ասուլիսին էլ կխոսենք այդ մասին»։ Եթե իշխանությունները չնահանջեն կոնվենցիան ստորագրելու հարցում, ՀԿ ղեկավարները գործուն քայլեր կձեռնարկեն՝ «Սահմանադրության շրջանակներում», որպեսզի, ինչպես Չախալյանն է ասում, «ազգադավ փաստաթուղթը չվավերացվի»։ Նա չի բացառում նույնիսկ փողոցային պայքարը․ «Ստորագրահավաքը չենք դադարեցնի այնքան ժամանակ, մինչեւ կոնվենցիան չուղարկենք իր ծննդավայր՝ Ստամբուլ»։

Հիշեցնենք․ ստորագրահավաքի իմաստն այն է, որ կոնվենցիան վավերացնելուց հետո ՍԴ-ում այդ ստորագրությունները ներկայացնելով՝ վիճարկեն դրա սահմանադրականության հարցը․ «Մասնագետներն ասում են՝ 30 հազար ստորագրությունով է չեղարկվում, բայց Բուլղարիայում 10 հազար քաղաքացիների ստորագրության հետ էլ է Բարձրագույն դատարանը հաշվի նստել։ Մասնագետներից շատերն էլ մեզ ասում են, որ 5 հազարի դեպքում էլ պետք է հաշվի նստել՝ նկատի ունենալով բնակչության թիվ, ժողովրդավարության աստիճան եւ այլն»։

Կոնվենցիայի՝ Սահմանադրության հետ ունեցած խնդիրների մասին տեւական ժամանակ բարձրաձայնում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Ստամբուլյան կոնվենցիան ընտանեկան բռնություն է համարում նաեւ նույնասեռական զույգի միջեւ տեղի ունեցած բռնությունը։ Սա նշանակում է, որ Ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին»,- գրում է Զոհրաբյանը, մինչդեռ մեր Մայր օրենքն ընտանիքի սահմանումը տալիս է երկու սեռերի միասնության տեսքով։ Վենետիկի կարծիքից եւ այն լուրերից հետո, որ մերոնք «Կոնվենցիա՝ Հրայր Թովմասյանի դիմաց» բանաձեւով առեւտրի են գնացել, Զոհրաբյանը կրկին ակտիվացել է եւ գրառում գրառման հետեւից անելով պնդում է, որ չպետք է թույլ տալ վավերացումը։ «Գործնական քայլերն արդեն կան, ստեղծվել է մեր նախաձեռնությունը, nostambul.am կայքը, շարունակվելու են իրազեկման աշխատանքները: Հետագայում ավելի կակտիվանանք՝ ելնելով կոնվենցիայի վավերացման ճնշումներից»,- ասաց Զոհրաբյանը։

Խորհրդարանական ընդդիմությունից ԲՀԿ-ականներն էին ակտիվ քննադատում կոնվենցիան, Գեւորգ Պետրոսյանն անգամ կոնտրնախագիծ է մշակել՝ 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելու մասին։ Իշխանությունը, սակայն, մերժեց նախագիծը։

Պետրոսյանը փաստում է, որ ԲՀԿ-ն, ի դեմս իրենց ղեկավարի, միշտ է հետեւողական եղել Հայաստանում ավանդական արժեհամակարգը պահպանելու հարցում եւ շարունակելու է այդ գիծը։ Վենետիկում կայացած գործարքը պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի մոտ նոր կասկածներ է առաջացնում. «Ինչպե՞ս կարելի է դատական համակարգի խնդիրները կապել այդ կոնվենցիայի հետ կամ փոխանակել դրանով։ Ես ոչ մի կապ չեմ տեսնում դատաիրավական բարեփոխումների փաթեթի եւ Ստամբուլյան կոնվենցիայի միջեւ, ես նորից պետք է կրկնեմ, որ Հրայր Թովմասյանի պաշտպանությամբ էլ չեմ զբաղվում, որովհետեւ նա դրա կարիքը չունի, բայց այս ամենից տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններին Հրայր Թովմասյանը պետք չէ այն բանի համար, որպեսզի ՍԴ-ն ղեկավարի մի մարդ, ում համար Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները պաշտամունքի եւ աղոթքի առարկա են»։

Ընդդիմադիր պատգամավորը կոչ է անում գործընկերներին՝ չվավերացնել այդ կոնվենցիան։ «Որովհետեւ, եթե մենք չպահպանեցինք մեր ավանդական ընտանիքը, ուրեմն հայ ժողովուրդ գոյություն չունի։ Թող վերամբարձ չհնչի, բայց սա ազգակործան ծրագիր է»,- ասաց Պետրոսյանը։ Կպայքարի՞ ԲՀԿ-ն այդ ծրագիրը խափանելու համար, կնախաձեռնի՞ ու կառաջնորդի՞ փողոցային պայքար։ «Ես փողոցային պայքարի առաջամարտիկ չեմ ու այդ պայքարի որոշումն էլ ես չեմ կայացնում։ Մենք ունենք կուսակցություն, կուսակցության նախագահ, եթե պետք լինի, որոշում կկայացնենք, բայց վստահ ենք, որ ՍԴ-ն մեզ չի կանգնեցնի այդ փաստի առաջ»։