Ադրբեջանը պատերազմ է սկսել մշակութային ճակատում

Ադրբեջանը պատերազմ է սկսել մշակութային ճակատում

Իսպանիայի Մադրիդ քաղաքում նախօրեին կայացել է «Ղարաբաղի խանությունները․ պատմամշակութային նույնականացում» խորագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել քառալեզու թարգմանությամբ: Որպես հովանավոր՝ հանդես է եկել Հեյդար Ալիեւի հիմնադրամը, իսկ աջակից՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլշադ Իսկանդերովը շնորհանդեսի ժամանակ հանդես է եկել «Ղարաբաղի դերը ադրբեջանցիների նույնականացման գործընթացում» հոդվածով:

Արցախի մշակույթի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը նկատում է՝ սա պատերազմ է մշակութային ինքնության ճակատում, քանի որ Իսպանիայի ամենահայտնի մշակութային կենտրոնում՝ Մադրիդի Ազգային գրադարանում տեղի ունեցած շնորհանդեսն անցկացվել է պետական բարձր մակարդակով։ «Գիրքը 4 լեզուներով է հրատարակվել՝ ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն եւ ադրբեջաներեն՝ շատ բարձր տպագրությամբ։ Սա արդեն 2-րդ պատերազմն է, բայց՝ մշակութային ինքնության ճակատում։ Ու այս մշակութային պատերազմի փուլն իրենք շատ ակտիվ ձեւով առաջ են տանում։ Գրադարանի տնօրեն Խավիեր Օրտեգա Ալվարեսն իր ելույթում նշել է, որ աշխատությունը կարեւոր դեր կունենա Իսպանիայի եւ Եվրոպայի հանրության մեջ Կովկասի մարգարիտը համարվող Ադրբեջանի մշակութային ժառանգության ամբողջական ընկալման ձեւավորման գործում՝ Շուշիի եւ Ղարաբաղի դարավոր պատմության ընդգրկմամբ: Այսինքն՝ Արցախը համարվում է ժամանակակից ադրբեջանական ինքնության գեներացման հիմնական վեկտորը: Արցախը դիտվում է ադրբեջանցիների ազգային ինքնությունը եւ գաղափարախոսությունը սնող կարեւորագույն գործոն: Ինքնության արմատները տասն անգամ փոխած Ադրբեջանի համար Արցախի ազգային գաղափարախոսության եւ ինքնության ձեւավորման միակ կռվանը։ Առանց Արցախի իրենք ազգային ինքնություն չեն կարողանում գեներացնել, դա իրենց գաղափարախոսությունը սնուցող կարեւորագույն գործոն է»։

Լ․ Ղարախանյանը կարծում է, որ հայ պատմաբանների, դիվանագետների եւ շահագրգիռ բոլոր կառույցների արձագանքը չպետք է ուշանա․ «Պետք է բացասական նոտաներ հղեն բոլորը՝ թե՛ Հայ առաքելական եկեղեցին, թե՛ Պատմության ինստիտուտը, թե՛ Ակադեմիան, թե՛ Մատենադարանը։ Ես արդեն խոսել եմ Մատենադարանի, Ակադեմիայի, մեր նախարարության հետ, որ պետք է արձագանքենք։ Իսկ այս վիճակը նրանից է, որ մենք ազգային «ստուպորի» մեջ ենք»։    

Գիրքը ստեղծող հեղինակների կազմում կան նաեւ վրացի հեղինակներ, որոնք եւս պնդում են, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է։ «Ակադեմիական մակարդակով գիրք են գրել, որի հեղինակ են նաեւ վրացի պրոֆեսորներ, ուղղակի դեռ գիրքը չենք գտնում, որ տեսնենք, թե ինչ են գրել»,- ասում է նախկին նախարարն ու նկատում, որ տելեգրամյան ալիքներով հետեւում են ադրբեջանական հարթակներով տարվող քաղաքականությանը, այդտեղից էլ տեղեկացել են, որ նման գիրք է լույս տեսել։  

Զրուցակիցս նկատում է, որ պատերազմից հետո սա միակ գիրքը չէ, տպագրվել է նաեւ մանկական, դպրոցական գրականություն, ինչպես, օրինակ, «Շուշի», «Նախիջեւան», «Էրիվան», որտեղ Երեւանը մատնացույց է արվում որպես Հայաստանի կողմից օկուպացված պատմական հնադարյան Ադրբեջան։ Նաեւ «Ղարաբաղն Ադրբեջան է» 2 տեսակի գիրք, որից մեկը պատանիների համար է, մյուսը՝ նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների։ «Իրենց նաեւ հանրակրթական ծրագրերն էլ են ներծծված հայատյացությամբ, եւ կոնկրետ գաղափարախոսություն է մշակվում, կոնկրետ աշխատանքներ են տարվում Ղարաբաղն Ադրբեջանի մատաղ սերնդին որպես ադրբեջանական պատմական հողեր ներկայացնելու ուղղությամբ, նաեւ՝ որ մենք օկուպանտներ ենք, թշնամիներ, այս ամեն ինչը նրանց մշակույթն է։ Նաեւ մի գիրք են հրատարակել, որի վերնագիրն է․ «Ադրբեջանի զինված ուժերը՝ երեխաների համար»։ Սա ուղղակի հաշմանդամ մտածողության դրսեւորում է, չի կարելի երեխաների հոգեկան աշխարհն այս ձեւով ապականել, նկարի կենտրոնում էլ Հեյդար Ալիեւն է՝ ձեռքերը վեր պարզած։ Մեկ ուրիշ գիրք էլ են հրատարակել՝ «Ադրբեջանի քրիստոնեական տաճարները», որի կազմի վրա Գանձասարի վանքն է»։   

Թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը մշակութային, դիվանագիտական, քաղաքական մակարդակներում ի՞նչ են անում, արդյո՞ք արվող քայլերը բավարար են՝ հակազդելու Ադրբեջանի կողմից տարվող մշակութային զեղծարարությանը։ «Աշխատանքներ արվում են, չեմ կարող ասել՝ չեն արվում, բայց Ադրբեջանում շատ մեծ մասշտաբներով են աշխատում»,- ասում է Լ․ Ղարախանյանն ու ընդգծում, որ Ադրբեջանում ակադեմիական, գիտական մակարդակով կեղծարարության մեծ ինստիտուտներ են աշխատում, որտեղ տարբեր ցուցահանդեսներ են իրականացնում՝ ներծծված ագրեսիայով, ուսուցիչների մեթոդական ձեռնարկներում նյութեր են զետեղում, որոնք հաստատված են լիազոր մարմինների կողմից եւ ներառվել են երեխաների հետ տարվող աշխատանքների մեթոդական ուղեցույցներում։