Ծնողն էլ երեխայի հետ լինի,  երեխան պաշտպանված չէ

Ծնողն էլ երեխայի հետ լինի,  երեխան պաշտպանված չէ

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (Շերամի փողոց) երեխայի վրա շների կողմից հարձակման հերթական դեպքն է գրանցվել։ 3 շներ հարձակվել են երրորդ դասարանի տղա երեխայի վրա։

«Մենք դիմել ենք ՀՈԱԿ-ին, քանի որ դեպքը նոր է, հույս և մեծ ակնկալիքներ ունենք, որ մի բան կարվի, դեմը կառնեն, իմ երեախան տուժել է, գոնե հետագայում մյուս երեխաները չտուժեն։ Դեպքը հենց երեկ է եղել, երեկոյան 17։40-ի սահմաններում էր,բայց նենց չի մութ էր, լույս էր, մեր ամենօրյա ճանապարհը»,-նշեց երեխայի մայրը՝ Հասմիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ երեխան միայնակ չի եղել, ինքը հետն է եղել, ուղղակի մի փոքր հեռու է եղել երեխայի դեպքի պահին։

«Ես մոտն էի, հետևից քայլում էի, դեպքը եղել է նորից Շերամի փողոցում՝ 176 և 174 դպրոցների հատվածում։ Երեք շներ հարձակվեցին, կծողը մեկն էր, բայց այն երկուսն էլ պատրաստվում էին առիթից օգտվել, իրոք մենակ լիներ, լրիվ կհոշոտեին երեխուն։ Ճիշտ է, ես պայուսակով խփում էի, բայց ոչնչով երեխուս չէի կարողանում օգնել, բռնել էին ու ոչ մի կերպ չէին թողնում։ Հետևի հատվածն է կծել, սովորաբար կար չեն դնում, բայց էս դեպքում երրորդ մանկականում դրել են, որովհետև էս դեպքում խորն էր։ Երեխայի վիճակը ողղակի ահավոր էր, միսը կախված, արյունոտ։ 9 տարեկան է երեխաս, ահավոր ծանր հոգեբանական վիճակում էր։ Էն շները, որ հարձակվել էին երեխայիս վրա, էդ երեքը, էլի նույն տեղում են հիմա, այսինքն՝ իրանք տեղը չեն փոխում, չեն եկել, չեն հավաքել, էսօր նոր-նոր սկսում են արձագանքել։ Վերջերս շատ են լինում էս դեպքերը, գրեթե ամեն օր լսում ենք, որ սենց-սենց բան է եղել։ Հիմա փաստորեն ծնողն էլ երեխայի հետ լինի, մեկ է երեխան պաշտպանված չէ։Թաղապետարանից, քաղաքապետարանից, էդ ՀՈԱԿ-ից ասում են՝ մեզ իրավունք չեն տալիս կրակենք, սպանենք, լավ, հասկացանք, բայց գոնե հավաքեք, լուծեք էս հարցը, կատաղացնում են՝ գցում մեր երեխեքի վրա»,-պատմեց երեխայի մայրը։

9-ամյա երեխայի մայրը նշում է, որ այսօր էլ է նույն հատվածում դեպք գրանցվել․ «Աղջիկ երեխա է եղել, հենց ամուսինս է տեսել, թե ոնց են էդ երեխուն լավ գզել։ Ամուսինս պատմեց, որ նույն վիճակն է եղել, նրա պատմելով՝ մի քիչ մեծ է եղել մեր երեխայից, մոտավորապես 5-րդ դասարանի աղջիկ։ Հիմա փաստորեն 12 ժամվա մեջ նույն հատվածներում երկու դեպք է եղել։ Որ երեխուս հետ չլինեի, կմտածեի՝ գուցե ինչ-որ բան արել է, քարով է խփել, փայտով է խփել, բայց բան չի արել, իմ աչքով եմ տեսել։Էսօր հենց էդ դպրոցի դաշտում բոլոր տուժածները հավաքվել էին, խոսեցինք։ Հույս ունենք, որ քայլեր կձեռնարկեն, այստեղ հիմա մյուս երեխաների հարցն է, կարող են կորուստները անդառնալի լինել, իրոք կարող են լինել»։