Արտաշատի թատրոնն այլընտրանք է գտել փակ դահլիճներին

Արտաշատի թատրոնն այլընտրանք է գտել փակ դահլիճներին

Նախօրեին տեղի է ունեցել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը, որտեղ ձայների մեծամասնությամբ մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել թատրոնի տնօրենի ԺՊ Կամո Նաղդալյանին։

«Բացի իմ գիտելիքներից, կառավարման փորձից, անցած ճանապարհից, իմ առավելությունը, որը նաեւ մրցութային հանձնաժողովին եմ ասել, այն էր, որ ես այդ թատրոնի ընտանիքից եմ, 10 տարի այս թատրոնում եմ աշխատել, փոխտնօրեն եմ եղել։ Այսինքն՝ այդ ճանապարհն անցել եմ, եւ ինձ ուրիշ տեղից չեն բերել ու ասել՝ կառավարիր»,- ասում է նորանշանակ տնօրենն ու վստահեցնում, որ ինքը ոչ թե կառավարելու է, այլ՝ ծառայելու։

Կամո Նաղդալյանն ասում է, որ մրցույթն անցել է նորմալ, եւ ինքն էլ հիմնականում ներկայացրել է այս 6 ամիսների ընթացքում կատարած իր աշխատանքը․ «Իմ զարգացման հայեցակարգի մեծ մասը ես արդեն արել էի՝ փոքր դահլիճի բացում, վերանորոգում։ Ինքս եմ աշխատակազմի հետ, թատրոնի ուժերով 80 տեղանոց դահլիճը բացել։ Բացումն արեցինք մարտին՝ հրաշալի տիկնիկային ներկայացումով, ուղղակի, կորոնավիրուսով պայմանավորված, ընդհատվեց»։  

Աշխատանքները կարճ ժամանակով ընդհատվեցին, բայց հունիսի 1-ից երեք նոր բեմադրությունների փորձեր են սկսելու, պարետատունը թույլ է տվել 10 հոգանոց փոքր խմբերով աշխատել, փորձեր անել՝ պահպանելով անվտանգության կանոնները․ «Կարծում եմ՝ կհաջողենք, ամեն ինչ պետք է անենք օրենքի շրջանակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Մենք արդեն փոխում ենք մեր մոտեցումն աշխատանքի հանդեպ, առաջինը կգանք եւ Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա ներկայացումը կբեմադրենք»։  

Կ․ Նաղդալյանն այլընտրանք է գտել նաեւ փակ դահլիճներին, ասում է՝ Արտաշատում կան քաղաքներ, որ ունեն ամֆիթատրոններ, նախատեսում է այդ ամֆիթատրոններում բացօթյա ներկայացումներ անել, մինչեւ այս ամենը վերջանա․ «Այլ տարբերակ չունենք, սխալ եմ համարում չաշխատելը, Աստված չանի, եթե նորից արտակարգ դրություն լինի, բայց, ամեն դեպքում, մենք այս հիվանդությանը զուգահեռ պետք է ապրենք, աշխատենք, ստեղծագործենք՝ որոշակի փոփոխություններ անելով մեր աշխատակարգում»։    

Կորոնավիրուսը ֆինանսական հարվածներ է հասցրել բոլոր թատրոններին, Արտաշատի թատրոնի դեպքում ֆինանսական կորուստներն ինչքա՞ն են կազմել։ «Մենք ծախսերի վերանայում ենք կատարել, այսինքն՝ եթե մինչեւ կորոնավիրուսը որոշակի բաներ պետք է ձեռք բերեինք՝ ձայնային, լուսային տեխնիկա, այդ ծախսերը կրճատել ենք, որպեսզի կարողանանք, այսպես ասած, «յոլա գնալ» եւ տարին ավարտենք առանց պարտքերի, քանի որ հասկանալի է, որ արտաբյուջեն ձեւավորվում է տոմսերի վաճառքից, իսկ ներկայացումները կասեցվել են, եւ այդ խնդիրն այսօր բոլոր թատրոններն ունեն։ Բայց քանի որ մենք փորձել ենք փոքր-ինչ տնտեսումներով անել ամեն ինչ, առաջիկա ամիսներին այդ խնդիրը չենք ունենա, ուղղակի գնումներ կատարելիս մի փոքր վերապահումներ կանենք, որպեսզի կարողանանք բեմադրությունները բարձր մակարդակով անել։ Կարծում եմ՝ պարզ է, որ կորուստներ կունենանք բոլորս, խնդիրն այն է, որ հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք, դա էլ կառավարչից է գալիս, կփորձենք ամեն ինչ անել, որ շատ քիչ կորուստներ ունենանք։ Ես այս թատրոնը շատ եմ սիրում եւ ամեն ինչ անելու եմ, որ լավ լինի»։   
Ինչ վերաբերում է թատրոնի շենքի շինարարությանը, ապա այն երկար նախապատմություն ունի․ նախկին կառավարությունը գումար էր հատկացրել թատրոնի վերանորոգման համար, բայց գործն արվել էր շատ անորակ, ինչի արդյունքում նախկին մարզպետը դիմել էր դատարան։ Թատրոնի շինարարության մասով այժմ գործը դատարանում է։

«Դատարանը դեռ որոշում չի կայացրել, սպասում եմ դատարանի որոշմանը, որ կառավարությունը թատրոնի վերանորոգման համար գումարի մյուս մասն էլ հատկացնի։ Բայց կարծում եմ, ինչ-որ բան պետք է անենք նաեւ մեր ուժերով եւ արել ենք․ օրինակ, այս 6 ամսվա ընթացքում ե՛ւ շենքային պայմաններն ենք բարելավել, ե՛ւ բեմում ենք աշխատանքներ տարել՝ շտկելու, հարդարելու ուղղությամբ, այսինքն՝ մեր հույսը չենք դնում միայն պետության վրա։ Հոսանքի լրացուցիչ սարք ձեռք բերեցինք, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հոսանքի ագրեգատ է նվիրել թատրոնին, որովհետեւ հաճախ լինում է, որ ներկայացման ժամանակ հոսանքը գնում է, եւ ներկայացումն ընդհատվում է, բայց 21-րդ դարում ամոթ է, որ նման դեպք լինի»,- ասում է Կ․ Նաղդալյանն ու ընդգծում, որ ամենակարեւոր հարցը, որի վրա շեշտը դնելու է, ներկայացումների որակի բարձրացումն է եւ գեղարվեստական ճաշակի բարելավումը, այդ մասով անելիքներ ունեն բոլոր թատրոնները, այդ թվում՝ Արտաշատի։

«Կադրային քաղաքականության հարցում մոտեցումները պետք է փոխվեն։ Թատերական ինստիտուտի հետ արդեն պայմանավորվածություն ունեմ, որ ավարտական կուրսի ուսանողների հետ փորձենք աշխատել, գան այստեղ բեմադրություններ անեն, ազատ հարթակ տրամադրենք երիտասարդներին։ Նաեւ նշեմ, որ բեմադրական ծախսերը թատրոնն ինքը կհոգա, եւ եթե բեմադրությունները որակով լինեն, կներառենք մեր խաղացանկում»,- ասում է Նաղդալյանն ու նկատում, որ ծրագրերն ու անելիքները շատ են, պետք է լծվեն ու աշխատեն։