Պատերազմից մեզ մնաց մի խլացած ականջ ու անհոգի գոյություն․․․

Պատերազմից մեզ մնաց մի խլացած ականջ ու անհոգի գոյություն․․․

1941 թվականին Սերո Խանզադյանը կամավոր  գնում է կարմիր բանակ։ Երբ վերադառնում է, այսպես է գրում․
Պատերազմից բերել եմ մի խլացած ականջ, երկու շքանշան և ... բեղերս։

Ի՜նչ ցինիկ անկեղծությամբ է գրում՝ պատերազմից բերել եմ մի խլացած ականջ․․․ Ու Սերոն, ում շատ եմ հանդիպել, միշտ բարձր, շատ բարձր էր խոսում։ Այն ժամանակ չէի հասկանում, որ պատճառը պատերազմից բերած իր խլացած ականջն է։ Նա հիշում ու պատմում, գրում  էր պատերազմի ամեն մի մանրուք։   

Տանձավերում,- պատմում է Սերոն,- 29 տղա էր զոհվել, բայց պատի վրա 26-ի նկարներն էին։ Նա հարցնում է գյուղի հին մանկավարժին․ 
֊ Ինչո՞ւ 26֊ի անունը կա միայն, չէ՞ որ 29 զոհ է տվել գյուղը։
֊ Նրանք լուսանկարներ չունեն,֊ պատասխանում է Թևանյանը։ ֊ Չգտանք։

Սերոն խորհուրդ է տալիս  սև շրջանակներ անել, մեջը մաքուր սպիտակ թուղթ և դրանց վրա գրել այն երեք նահատակների անունները, ովքեր լուսանկար չունեն։

Մեր տղաները 44- օրյա  պատերազմ կոչվածից եկան, անոտ, անձեռ, հաշմանդամ, խոշտանգված։ Տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր ու անհետ կորածներ։ Չեմ ուզում ցավը թարմացնել, բայց հազարավոր երիտասարդներից մի բուռ մասունք բերվեց՝ առե՜ք ու սփոփվե՜ք․․․ Գերի ընկածների, անհետ կորածների մասին չեմ խոսում, որոնք առ այսօր տառապում  ու նվաստացվում են։ Հենց այնպես չհիշեցի Սերոյին, ում պատերազմը տվել էր մի խլացած ականջ։ Բայց այդ խլացած ականջով նա ըմբոշխնել էր հաղթանակը և հաղթանակի երգը թնդացրել։ Իսկ մենք ի՞նչ ենք ստացել 44-օրյա պատերազմից։

Այնքա՜ն բաներ կան ասելու, միայն կասեմ՝ պատերազմից հետո մենք խլացա՜նք ու ոչի՜նչ չենք լսում։ Մենք կորցրինք մեր հոգին, որովհետև պատերազմն ու նախճիրը չկարողացանք տարբերել․․․ Հայաստան աշխարհը վերածվեց սև շրջանակների ու նահատակների անունների, որոնց ծնողներին քարշ էին տալիս, ու ոչ մեկը չէր լսում նրանց ձայնը․․․