Ո՞ւր կորան շներն ու կատուները

Ո՞ւր կորան շներն ու կատուները

Սիրելիներս, ես Վալյան եմ, մի քանի օրից կդառնամ 80 տարեկան: Չեմ սիրել ծննդյանս օրը, շատ անգամ նույնիսկ հեռախոսս եմ անջատել: Ամեն տարի այդ օրը ցանկացել եմ լինել մենակ` ինքս ինձ հետ: Այսօր դատապարտված եմ ծնունդս անցկացնել միայնակ` տնային բանտարկության ենթարկված: Թեպետ շատ անիմաստ ու հիմար մահ կլինի այս վիրուսով գնալը, բայց ես իմ մասին չէ, որ անհանգստանում եմ, այլ մեր յուրաքանչյուրի, իմ ժողովրդի, իմ հարազատների: 

Լռություն է քաղաքում, չարագուշակ, տարօրինակ: Իմ երկար ու ձիգ տարիների ընթացքում չտեսած ու չպատկերացրած վիճակ է, օրերը հաջորդում են միմյանց, այս ամենը տհաճ ու դառը երազ է թվում: Երբ դու ապրել ես բազմազբաղ ու բուռն կյանքով, մի օրվա ընթացքում առնվազն երկու բանկ մտել, գործարքներ կատարել, բազմաթիվ հեռախոսազանգերով հարցեր կարգավորել եւ վերջապես երկու բավականին լուրջ հիմնարկներում բազմաթիվ փաստաթղթեր ստորագրել, որպես գլխավոր հաշվապահ, այժմ տանն ես, մենակ` դատապարտվածի նման: Միայն լուսամուտից նայելով ողբում եմ դատարկ ու լուռ, կարելի է ասել անմարդաբնակ քաղաքիս ու երկրիս համար: 

Ես ապրում եմ մի թաղամասում, ուր կյանքը եռում էր, այնքան շարժ կար, թե մեքենաների, թե մարդկանց, հիմա ձայն անգամ չկա, լռություն է` ճնշող ու սպանող լռություն: Այս բոլորը Դուք գիտեք, իհարկե, սակայն գրելուս նպատակը մի այլ նկատառում է: Մեր փողոցում մշտապես շների անհամար ոհմակ կար, աղբամանների մոտ շատ անգամ կռվում էին ավարը կիսելու համար, նրանց կողքին վազվզում էին նաեւ մեծ թվով կատուներ: Չկան հիմա, հավատո՞ւմ եք: Ես արդեն որերրորդ օրն է հետեւում եմ, չկա ոչ մի շուն եւ ոչ մի կատու: Ո՞ւր կորան այդ կենդանիները: Եվ մի բան էլ, գարուն է, բայց ոչ մի ծտի ծլվլոց չկա, ոչ մի ծիտ չի երեւում: Ո՞ւր կորան Երեւանաբնակ կենդանիներն ու թռչունները: Սա ինձ ավելի է վախեցնում: Ի՞նչ աղետ է մեր ժողովրդին պատուհասել: Եվ վերջապես, ես կարոտել եմ մեր թաղի շների հաչոցին, կատուների մլավոցին եւ ծտերի ծլվլոցին:
Իսկ ավելի լուրջ, կարոտել եմ Եվայիս ու Վիկայիս: Ծանր մղձավանջային երազ է սա: Ասացեք խնդրեմ, ե՞րբ կվերջանա այս ամենը: 

Վալյա Շահվերդյան