Ո՛չ ԱՊՊԱ պայմանագրի թանկացմանը. «Արդար Հայաստան» կուսակցություն

Ո՛չ ԱՊՊԱ պայմանագրի թանկացմանը. «Արդար Հայաստան» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարի վերաբերյալ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2021թվականի դեկտեմբերի 23-ի նիստում ընդունված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2022 թվականի հունվարի 25-ին գրանցված որոշման համաձայն՝ 2022թ․ փետրվարի 7-ից հիմնական և բազային ապահովագրավճարի տարեկան վերին շեմ ամրագրվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովադրի կողմից տվյալ ավտոմեքենայի գծով կնքված վերջին ԱՊՊԱ պայմանագրում նշված բազային ապահովագրավճարին գումարած 3000 ՀՀ դրամը, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքերի համար սահմանվել է, որ պետք է հիմք ընդունվի միասնական 41 հազար ՀՀ դրամ շեմը։
Նույն որոշմամբ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով, ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները, ինչը կապահովի ապահովագրական ընկերությունների ծախսածածկումը և հասարակությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը։
Այլ կերպ ասած, այսուհետ ցանկացած ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի արժեքը կկազմի 41․000 ՀՀ դրամ, և յուրաքանչյուր տարի այն կաճի 3000 ՀՀ դրամով։
«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ նախատեսված փոփոխությունները չեն բխում հարյուր հազարավոր քաղաքացիների շահերից, որոնք յուրաքանչյուր տարի կնքում են ԱՊՊԱ պայմանագրեր։ Մասնավորապես․
1․ Հիմնավորված չէ յուրաքանչյուր տարի ԱՊՊԱ պայմանագրի գինը 3000 ՀՀ դրամով բարձրացնելու որոշումը։ Ճիշտ հակառակը, որոշման բովանդակությունը հիմք տալիս պնդելու, որ փոփոխությունները միտված են սպասարկել բացառապես ապահովագրական ընկերությունների շահերը՝ գերշահույթներ ստանալու ակնկալիքով։
2․ Ցանկացած տեսակի ավտոմեքենայի համար մեկ միասնական՝ 41 հազար ՀՀ դրամ շեմի սահմանումը յուրովի համահարթեցում է, ինչն արդար չէ։ Ստացվում է, որ գերթանկարժեք ավտոմեքենայի և հնամաշ ու դեռևս Խորհրդային Միության օրոք արտադրված ու ներկայումս շահագործվող ավտոմեքենաների համար սահմանվում է նույն ապահովագրական վճարը։
3․ Մինչև 2017թ․ նոյեմբերի 1-ը կնքված ԱՊՊԱ պայմագրերի հետագա վճարի և բոնուս-մալուս համակարգի հաշվարկման մասին տեղեկատվությունը հստակ չէ, ավելի՛ն, բացակայում է ԲՈՆՈՒՍ համակարգի հաշվարկման մեխանիզմը վթար չունենալու պարագայում, որով պետք է հիմնավորվի Բոնուս-Մալուս համակարգի հավասարակշիռ աշխատանքը (առկա է միայն Մալուսի հաշվարկային մեխանիզմը` կախված հատուցման գումարի չափից):
4․ Հստակեցված չէ կարգապահ վարորդների խրախուսման համակարգը, և սույն որոշման բովանդակությունից հետևում է, որ, ըստ էության, երբևէ վթար չարձանագրած վարորդները «Պատժվում են» տարեկան 3000 ՀՀ դրամով, այն դեպքում, երբ պետք է ճիշտ հակառակը կատարվեր։ Ստացվում է, որ բարեխիղճ վարորդների հաշվին թանկացված գումարով փոխհատուցվում է վթարի համար վճարվող գումարները, և փաստացի տուժվում է կարգապահ վարորդը։
Ժամանակին հնչեղ կերպով նշվում էր, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ։ Հիմա ճիշտ ժամանակն է ընդգծելու, որ ՀՀ քաղաքացին որոշ ապահովագրական ընկերությունների համար գերշահույթ ապահովելու մատերիալ չէ։
Նկատի ունենալով, որ կայացված որոշումը բավականին խրթին ու հստակեցված չէ, շոշափում է հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների շահերը, որ տեսանելի ապագայում այն էլ ավելի է վատթարացնելու նրանց սոցիալական վիճակը, «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է առկախել ու վերանայել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից ընդունված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված որոշումը՝ իրականացնելով համապատասխան ու մասնագիտական քննարկումներ շահագրգիռ բոլոր սուբյեկտների հետ: