Երկու տող՝ Հակոբ Մովսեսին

Երկու տող՝ Հակոբ Մովսեսին

Եղբայր իմ Հակոբ, գիտեմ, իհարկե, որ անկեղծ է վրդովմունքդ եւ ընդվզումդ հայոց լեզվի ապականության եւ հայ երաժշտության մեջ սողոսկող մուղամայնության ու կլկլայնության դեմ, բայց քո ողջ բազմագիտությամբ հանդերձ՝ ինչպե՞ս չես նկատում իշխանությունների վարքուբարքի եւ քաղաքականության մեջ սողոսկող ու ահագնանալով գերիշխող դարձող մուղամայնությունն ու կլկլայնությունը եւ այստեղ եւս վրդովվելու ու ընդվզելու փոխարեն գնում կանգնում ես նրանց կողքին։
Ինչպե՞ս պիտի պայքարես լեզվի եւ երաժշտության, հայ մշակույթի եւ հայի հոգեկերտվածքի անաղարտության ու վեհության, կենսունակության եւ  հարատեւության, Հայաստան հավերժական հայրենիքի եւ ընդհանրապես՝ բարձր մշակույթի համար, եթե համակրում եւ աջակցում ես մի անհայրենիք իշխանության, որի մտածողությունը մուղամային է, որը մուղամային քաղաքականություն է վարում եւ քո չքնաղ երկիրն ու իմաստուն ժողովրդին տանում թրքահաճո եւ ապականյալ ու մորթապաշտ, ոգեղենազուրկ նվաստակեցության։

Չե՞ս տեսնում արդյոք, որ դավաճանական ենթամշակույթ է ստեղծվում, քարոզվում ու տարածվում եւ գործակալներ հավաքագրվում, իսկ դու սխալվելով ու խաբվելով՝ զիջում ես ազնիվ մշակի դիրքերդ եւ հարում անընդունելի ու կործանարար այդ ընթացքին։ 

Եվ քո հանդեպ տածած սիրուց, հարգանքից ու ափսոսանքից դրդված՝ պիտի ցավով հարցնեմ՝ մի՞թե վայել է քեզ՝ դառնալ այդ ենթամշակույթի սպասավորը, թեեւ գիտես, անշուշտ, որ հնարավոր չէ միաժամանակ ծառայել ե՛ւ Աստծուն, ե՛ւ մամոնային։

Հակոբ Սողոմոնյան