Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին․ Փաշինյան

Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նախ ցավակցություններ հայտնեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին և շուտափույտ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորներին։

«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով։ Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը։ Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային էպիկենտրոնը, որն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը, որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց, որ այս դժվարին պահին Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ։

Ուստի, ըստ վարչապետի, Հայաստանն իր օգնությունը ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել՝ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում։

«Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին։ ՀՀ կառավարությունը Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։