Քահանան չի վախենում խավարից․ եթե թիքա-թիքա էլ փրթեք, ավելի շատ կմոտեցնեք Տիրոջը 

Քահանան չի վախենում խավարից․ եթե թիքա-թիքա էլ փրթեք, ավելի շատ կմոտեցնեք Տիրոջը 

Սիսիանի Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցու սպասավոր տեր Պարգեւ քահանա Զեյնալյանը նախօրեին հրաժարվել էր սեղմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը եւ նրան խորհուրդ էր տվել՝ «սպասել Աստծո դատաստանին»։ Սա երկրորդ աղմկահարույց դեպքն է վերջին շրջանում՝ Մարտունու քահանայի դեպքից հետո, երբ նիկոլականների մի խումբ շարժվում է եկեղեցու ուղղությամբ՝ այնտեղից քահանային դուրս շպրտելու նպատակով։ Հնարավոր էր՝ դեպքերն այլ ընթացք ստանային, եւ, օրինակ, հոգեւորականին Լինչի դատաստանի ենթարկեին։

Հիշեցնենք․ նախորդ դեպքը դեկտեմբերի 11-ին էր, երբ Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին արգելել էին եկեղեցի մուտք գործել։ Փակել էին եկեղեցու դուռը, հայհոյել եւ հրմշտել քահանային։ Պատճառը քահանայի մասնակցությունն էր Երեւանում տեղի ունեցած դեկտեմբերի 5-ի հանրահավաքին եւ քարոզներում նրա կողմից «քաղաքական հայտարարություններ» հնչեցնելը։ Մարտունիում տեղի ունեցած միջադեպից հետո առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթեւ վարդապետ Բարսեղյանն այցելել էր Սբ Աստվածածին եկեղեցի, հանդիպել քահանայից դժգոհող անձանց հետ՝ հորդորելով զերծ մնալ անհանդուրժողականությունից եւ հայհոյանքներից եւ առաջնորդվել քրիստոնեական սիրով ու գիտակցությամբ, որպեսզի խաղաղ մթնոլորտում լուծում տրվի առաջացած խնդրին։ Ի շարունակություն այդ հանդիպման՝ առաջնորդական տեղապահն ինքն էր այս կիրակի Սուրբ պատարագ մատուցել Մարտունու Սբ Աստվածածին եկեղեցում, ապա կրկին հանդիպել քահանայից դժգոհ անձանց հետ։ Կրկին հորդորել էր խնդիրը լուծել սիրո եւ խաղաղության մթնոլորտում՝ համաձայն եկեղեցական կարգուկանոնի։ Ի վերջո, ինչպե՞ս է կարգավորվել հարցը։ 

Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանից տեղեկացանք, որ քահանան այս ընթացքում պատարագներ է մատուցել եւ շարունակում է ծառայել որպես հոգեւոր հովիվ։ Վերջին անգամ հոգեհանգստյան պատարագ է արվել զոհված զինվորականի համար։

Կատարվածի վերաբերյալ գյուղապետը մի քիչ տարբեր կարծիք ունի․ «Ես թեթեւակի զրուցել եմ, դա էդպես չի, ինչքան որ ներկայացնում են, էն, որ ասում են՝ 30 հոգով հարձակվել են, Տեր հայր են հայհոյել-բան․․․ թեթեւակի խոսակցություն է եղել 3-4 հոգու մեջ, բայց տենց արձագանք չի եղել, այսինքն՝ էդպիսի մեծ շուքով բաներ չեն եղել, որ հիմա էն, որ ասում ենք… Մենք տենց սովորություն ունենք, որ սութի մի բան ա լինում, արձագանքում ենք, եսիմինչ»։ Գյուղապետը ճիշտ չի համարում բռնությունները։ Ասում է․ «Բոլոր բռնություններին դեմ եմ, բոլո՛ր, եթե մեկը մեկի նկատմամբ բռնություն է իրագործում, ես դեմ եմ դրան։ Ու չկա տենց բան, որ մեկի նկատմամբ բռնություն լինի, ասեմ՝ ապրեք, լավ բռնություն եք արել»։

Խոսեցինք նաեւ հոգեւորականի՝ Տեր Սիմոնի հետ, որն ասաց․ «Ամեն  մի խավարը մեր ազգի համար խավար է, ժողովուրդ ջան, մաքրությունը՝ մաքրություն։ Ինքս՝ որպես հոգեւորական, աղոթում եմ, որ մեր ամբողջ ազգով համախմբվենք, ու մեր մեջ աղոթում ենք մեր ժողովրդի համար, մեր իշխանավորի, մեր եղբայրության, մեր զինվորի համար, մեր մշակույթի համար։ Բոլորի համար մենք աղոթում ենք, մենք ուզում ենք լույս, լույս, լույս»։

Խավարը նրա՞նք են։ Տեր Սիմոնն ասում է․ «Խավար չկա, մենք մեզ ենք փակում խավարի մեջ։ Եկեղեցի չի կարելի զենքով մտնել, եկեղեցում չի կարելի ձեռով բարեւել։ Չգիտեմ․․․ Եկեղեցում լույս է, մենք չպետք է վախենանք լույսից, մենք պետք է վախենանք խավարից»։
Ասացինք՝ գյուղապետը մի քիչ այլ պատկեր է ներկայացնում։ Տեր Սիմոնն էլ, թե․ «Ինչ ասեմ, ասել՝ ասել ա, մենք մի օր Աստծո դատաստանի առաջ ենք կանգնելու։ Ես էլի եմ ասում՝ կա 3 արժեք՝ ընտանիք, հավատ եւ հայրենիք, որի համար յուրաքանչյուրս մեր արյունը պետք ա թափենք։ Իսկ քահանան չի վախենում խավարից, եթե թիքա-թիքա էլ փրթեք, ավելի շատ կմոտեցնեք Տիրոջը։ Եղա՞վ»։