ՀՀ ժամանած սիրիահայ գործիչները շվարած են. չգիտեն՝ ինչպես վերադառնալ արյունալի թատերաբեմ դարձած Հալեպ

ՀՀ ժամանած սիրիահայ գործիչները շվարած են. չգիտեն՝ ինչպես վերադառնալ արյունալի թատերաբեմ դարձած Հալեպ

Ինչպես հայտնի է, Սիրիայի թուրքամետ ընդդիմադիր խմբավորումները վերջին մի քանի օրերին ահաբակեչական հարձակումներ են իրականացնում երկրի մեծությամբ երկրորդ՝ Հալեպ քաղաքում, ինչպես նաև այլ բնակավայրերում:

Նրանց պնդմամբ, վերջին ժամերին իրենց հաջողվել է առաջխաղացում ունենալ դեպի Հալեպի կենտրոն՝ վերահսկողություն սահմանելով քաղաքի մի շարք շրջաններում, գրավելով կառավարական և ռազմավարական որոշ օբյեկտներ: Զուգահեռաբար, արաբական հանրապետությունում ռուսական ռազմական մասնագիտացված կենտրոնից հայտնել են, որ ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել ապստամբներին և ետ մղել նրանց ահաբեկչական հարձակումները:

Հալեպից սփռվող Radio Yeraz ի լրագրող, հասարակական գործիչ Անի Մինասյանը, ով մի քանի օր առաջ է ժամանել Հայաստան, «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում դրությունն անչափ մտահոգիչ է և վատ:

«Հարազատներիս հետ խոսել եմ: Ամեն ինչ շատ վատ է: Օդակայանները, ճանապարհները փակ են: Նույնիսկ չգիտեմ էլ՝ ինչպես վերադառնալ Հալեպ»,-մեզ հետ զրույցում նշեց սիրիահայ գործիչը:

Նրա խոսքով, ինքը պարբերաբար կապ է հաստատում հարազատների հետ, սակայն տեղեկությունները մխիթարական չեն. սիրիահայությունն, ըստ նրա, կրկին բախվել է պատերազմական փորձության: 

Ինչ վերաբերում է ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան հնարավոր աջակցությանը՝ այստեղ գտնվող մեր համերկրացիներին, «Հրապարակի» զրուցակիցը նշեց, որ այդ առումով որևէ պաշտոնական արձագանք չկա: Ասել է թե՝ ամեն ինչ թողնված է բախտի քմահաճույքին: 

Մինասյանը մանրամասնեց, որ Հ.Մ.Ը.Մ.-ի Սուրիայի Շրջանային Վարչության դիվանը՝ ատենապետ եղբ. Յարութ Օգճեանը, ինքը՝ ատենադպրուհի քոյր Անի Մինասյանը եւ գանձապահ եղբ. Յովիկ Սիւլահեան Մայր հայրենիք էին ժամանել՝ Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական Վարչության կազմակերպած Միջ-Դիւանական 11-րդ Խորհրդաժողովին (15 - 17 Նոյեմբեր 2024, Երեւան, Հայաստան) մասնակցելու նպատակով: 

Նա հստակեցրեց, որ իրենք Երևան են ժամանել Բեյրութից, ուստի ետադարձ ճանապարհն էլ, անվտանգության նկատառումով, լինելու է դեպի Լիբանան, որտեղից էլ փորձելու են մեքենայով հասնել հայրենի Սիրիա (գործուղվածներից վերադառնալու են պատվիրակության անդամներից երկուսը):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան, ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Սիրիայից վերադարձել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնել են ՊՆ-ից և նշել, որ վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք նաև, որ թուրքամետ արմատական խմբավորումները հարձակում են իրականացրել և Հալեպի նահանգում գրավել ավելի քան 20 բնակավայր: Ի պատասխան՝ սիրիական զորքերը հակահարձակում են սկսել։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա»* ահաբեկչական խմբավորման դիրքերին: Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող: