Հայաստանն ինքնասպան ահաբեկչի դեր է ստանձնել

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ոչ թե Հայաստանի անվտանգության, զարգացման կամ այլնի մասին է, այլ Հայաստանը եւ Հայաստանի տարածքն ԱՄՆ մրցակիցների եւ հակառակորդների դեմ օգտագործելու: Ոչ թե մանր եւ թույլ երկրներն են օգտագործում ուժեղներին՝ իրենց շահերի սպասարկման համար, այլ ճիշտ հակառակը` ուժեղներն են թույլերին օգտագործում, ամենեւին չմտահոգվելով, թե ինչ կլինի այդ երկրների հետ՝ նման դաժան եւ անխնա շահագործման արդյունքում: Գոնե մենք այս հարցում որեւէ կասկած չպետք է ունենայինք․ մեր աչքի առաջ է ԱՄՆ ռազմավարական գործընկեր 2 երկրների օրինակը` Ուկրաինայի եւ Վրաստանի:
ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը, որքան հնարավոր է, օգտագործեց իր ռազմավարական գործընկեր Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելով, որի հիմնական եւ ամենամեծ շահառուն Միացյալ Նահանգներն է, մյուս մասնակիցները միայն կորցրել են: Հիմնական տուժողն Ուկրաինան է, որն ունի տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր զոհեր, կորցրել է տարածքի ավելի քան 20 տոկոսը, բնակչության գրեթե 40 տոկոսը, երկրի մեծ մասը վերածվել է ավերակների, իսկ տնտեսությունը եւ էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացված են: Ռուսաստանին եւս հաղթող կողմ չես անվանի, չնայած գրավել է Ուկրաինայի տարածքի մի մասը, բայց փոխարենն ունի հարյուր հազարավոր զոհեր, պատժամիջոցները եւ մեկուսացումը հանգեցրել են երկրի տնտեսության խաթարմանը, զրկվել է հարյուր միլիարդավոր դոլարների շահույթից: Տուժողների թվում է նաեւ Եվրոպան, որը կորցրել է ռուսական շուկան, կտրվել ռուսական էժան էներգակիրներից, որոնք եվրոպական արդյունաբերության, հատկապես՝ գերմանական, մրցունակության եւ զարգացման առանցքային բաղադրիչն են: Դրա փոխարեն ԱՄՆ-ն է դարձել ԵՄ գազի հիմնական մատակարարը, կապիտալը եւ տեխնոլոգիաները եվրոպական երկրներից տեղափոխվում են ԱՄՆ, անվտանգության առումով եւս ԵՄ կախվածությունը ԱՄՆ-ից մեծացել է:
Ի՞նչ ստացավ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր Ուկրաինան ԱՄՆ-ից` միայն պատերազմ, քայքայում, զոհեր, ավերածություններ, այն զենքն ու ֆինանսները, որ ստանում է Ուկրաինան, միայն նրա համար են, որ շարունակի կռվել ԱՄՆ շահերի համար: Նույն վիճակում էր նաեւ Վրաստանը, որի ղեկավարությունը, սակայն, այնքան իմաստնություն ունեցավ, որ հրաժարվեց ԱՄՆ ռազմավարական գործընկերը լինելու փորձանքից: 2008-ին ԱՄՆ-ն Վրաստանին ստիպեց պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, դրա մասին Վրաստանի իշխանություններն են հայտարարել, եւ որեւէ մեկը դա չի հերքել: Վրաստանն ունեցավ մարդկային, տարածքային կորուստներ, եւ դժվարությամբ կանգնեցվեց պատերազմը, երբ ռուսական բանակը սպառնում էր գրավել Թբիլիսին: Բայց ԱՄՆ-ին դա բավարար չէր. 2022-ին ԱՄՆ իշխանություններին պետք էր, որ Վրաստանը գնա նոր ավանտյուրայի` երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ, որ Ռուսաստանն իր բանակի մի մասն ուկրաինական ռազմաճակատից տեղափոխի հարավ: Վրաստանի իշխանությունները հասկացան, որ այս անգամ չի լինելու 2008-ի նման` ռուսական բանակը կարող է մտնել Թբիլիսի եւ ոչնչացնել Վրաստան պետությունը: ԱՄՆ-ն էլ ասաց, որ մեզ պետք չէ այնպիսի ռազմավարական գործընկեր, որը պատրաստ չէ մեր հրամանով ինքնազոհաբերման գնալ, եւ հրաժարվեց գործընկերությունից:
Վրաստանը, ըստ էության, ազատվեց ամերիկյան գերությունից, գոնե առժամանակ, դրա փոխարեն Հայաստանն ընկավ նման գերության մեջ: Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի եւ չի կարող պատերազմել Ռուսաստանի դեմ, բայց փոխարենը սահման ունի Իրանի հետ, եւ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը համաձայնագիր է` ուղղված առաջին հերթին Իրանի եւ ինչ-որ չափով՝ Ռուսաստանի դեմ: Երբ Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Հայաստանը միանում է Իսլամական պետությանը պարտության մատնելու միջազգային կոալիցիային, շատ լավ գիտի, որ խոսքն Իրանի Իսլամական Հանրապետության մասին է․ աշխարհում այսօր միայն մի պետություն կա՝ «իսլամական» անվանումով, որն ԱՄՆ թշնամին է` ԻԻՀ-ն:
Իհարկե, փորձում են ներկայացնել, որ խոսքը ոչ թե Իրանի Իսլամական Հանրապետության մասին է, այլ Սիրիայում եւ Իրաքում գործող Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության, բայց դա ընդամենը պարզ աճպարարություն է: 2018-ին ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական պետության ջախջախման մասին, միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն իր խնդիրը կատարել է, իսկ ԻՊ-ի մնացորդների դեմ կարող են արդյունավետ պայքարել տարածաշրջանի երկրները, այսինքն՝ որեւէ նոր կոալիցիայի անհրաժեշտություն չկա: Մանավանդ՝ վերջին շրջանում այդ կազմակերպությունը որեւէ արտառոց ակտիվություն չի էլ դրսեւորում:
Հայաստանը միանում է ԻԻՀ-ի դեմ ամերիկյան կոալիցիային, իսկ Իրանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրում` Հայաստանը դեմ է դուրս գալիս Ռուսաստան-Իրան դաշինքին: Միայն Նիկոլ Փաշինյանի նման անողնաշար մարիոնետը կարող է երկիրը ներքաշել նման արկածախնդրության մեջ: Սա նույնիսկ արկածախնդրություն էլ չէ, այլ նման է այն մահապարտ ահաբեկչի պահվածքին, որի տերերը ֆիզիկական մարմնի ոչնչացման դիմաց խոստացել են իր հոգու համար տեղ ապահովել դրախտում: Մեր դեպքում ֆիզիկական մարմնի դերում Հայաստանն է, որի ոչնչացման դիմաց Փաշինյանին եւ Միրզոյանին խոստացել են դրախտային պայմաններ ԱՄՆ-ում:
Հայաստանը մահապարտ ահաբեկչի դերակատարումից կարող է փրկել թերեւս միայն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը կարող է հրաժարվել տարբեր կոալիցիաներից ու նոր պատերազմներից: Թե չէ՝ Նիկոլի ու իր շրջապատի համար միակ փրկությունը Հայաստանի ոչնչացումն է, ուրիշ տարբերակ նրանք չունեն:
Կարծիքներ