Հերթական անհեթեթությունը

«Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին մասնակցում էին իշխանության երեք ճյուղերի, դատաիրավական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչները, քաղհասարակության անդամներ: Համաժողովի առաջին պանելային քննարկման՝ «Ինչու է ուշանում արդարադատությունը» վերնագրով բանախոսներն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Վերը ներկայացվածը հատված է նախորդ օրվա պաշտոնական հաղորդագրություններից: Դա ընթերցելը բավական էր, որպեսզի դադարեցնեմ այն: Ինչո՞ւ, կհարցնի «Հրապարակի» ընթերցողը: Պատասխանեմ՝ որովհետև դա ընթերցելու ժամանակ դեժավյուի հստակ զգացում ունեցա, բայց այդ զգացումը թերի էր, քանի որ բացակայում էր այն անձը, ով կրում էր երկրի իրական ղեկավարի՝ ՀՀ նախագահի պաշտոնը: Այլապես ինչի՞ նման է այսօրվանը. պետության գլուխ է, սակայն պետության ղեկավար չէ: Եվ քանի որ մնացածը նախկինների նմանությամբ էր՝ իրական երևույթները նկարագրելուն կոչված կեղծ խոսքեր, ապա շարունակությունն ընթերցելն էլ իմաստ չուներ: Ինչպես խորհրդային մուլտիկում էր ասվում՝ մենք այդ ամենն արդեն անցել (սովորել) ենք: Նախկինում բազմիցս ենք լսել մեծ-մեծ խոսքեր արդարադատության մասին, բայց լսել ենք նաև հեռախոսային, ԽԾԲ-ական ու գումարային արդարադատության մասին: Վերջին գործոնն այսօր կարող է և քչացած լինել՝ վախով պայմանավորված, սակայն այն ամբողջությամբ լրացվել է առաջին երկուսով: Եվ հատկապես քաղաքական նպատակահարմարությամբ կյանքի կոչվող առաջին տարբերակով: Մի բան, որ առկա էր նախկինում, սակայն չուներ այնպիսի ծավալներ, ինչպիսին ձեռք է բերել «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում:
Ինչևէ, անցնենք հարցի ըստ էության քննարկմանը, հանուն որի գրվել է այս հոդվածը: Դա երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի՝ արդեն որերորդ անգամ կրկնվող միտքն է դատական համակարգի գործունեության նկատմամբ իշխանության միակ աղբյուր հանդիսացող ժողովրրդի վերահսկողության մասին: Ու զարմանում ես, որ այդ համակարգում չի գտնվում մեկը, ով կբարձրաձայներ, որ ասվածն անհեթեթություն է: Որ դատական համակարգն, այո, պետք է անկախ լինի թե՛ գործադիր (կառավարություն) և թե՛ ներկայացուցչական (Ազգային ժողով) մարմիններից: Ու այն պետք է կախված լինի ընդամենը տվյալ պետությունում գործող օրենսդրությունից: Ինչ մնում է «իշխանության միակ աղբյուր հանդիսացող ժողովրդից» կախվածության մասին, ապա դա ոչ թե քաղաքագիտական նոու-հաու է, այլ այդիսին երևալու, սական բառիս բուն իմաստով՝ անհեթեթեություն:
Որովհետև նույնիսկ այն երկրներում (օրինակ՝ ԱՄՆ-ում), որտեղ տեղական մակարդակում դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, ժողովրդական վերահսկողությունն ավարտվում է ընտրության գործընթացով: Երկրորդ աստիճանի դատական ատյաններում՝ նահանգայինում, առկա է երկակի պրակտիկա: 10 նահանգներում դրանք նշանակվում են նահանգապետների կողմից, իսկ մնացած 40-ում՝ կրկին ընտրվում են բնակչության կողմից: Կան նաև ԱՄՆ դաշնային դատավորներ, որոնք նշանակվում են երկրի նախագահի կողմից: Գործող նախագահի կողմից են նշանակվում՝ Սենատի հաստատմամբ, բարձրագույն դատական ատյանի՝ Գերագույն դատարանի անդամները: Դատավորներն ըւնտրվում կամ նշանակվում են ցմահ: Այնպես որ, եթե Փաշինյան Նիկոլն իրոք ցանկանում է, որպեսզի դատավորները վերահսկողության ենթարկվեն ժողովրդի կողմից, ապա պետք է անցնի դրանց ընտրության (կամ նշանակման) ամերիկյան մեթոդին: Ապահովելով նաև երկրորդ գործոնը՝ դատավորների ցմահ պաշտոնավարելը: Դա կլինի ճիշտ այնպիսի վերահսկողություն, ինչպիսին առկա է ներկայացուցչական բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի առումով: Եվ կարիք չի լինի հնարել մի երևույթ, ինչը գոյություն ունենալ չի կարող: Ինքը կարող է փոխառել նաև երդվյալ ատենակալների ինստիտուտը: Հայաստանյան պայմաններում կաշխատի այն, թե ոչ՝ արդեն այլ հարց է:
Ինչ մնում է քաղաքականից բացի որևէ այլ ազդեցությունից դատական համակարգի զերծ լինելուն, ապա դրա համար կան այլ մեխանիզմներ, որ մարդկությունը հնարել է վաղուց: Ուրիշ հարց, որ այդ վերահսկողություն իրականացնող մարմինը նիկոլական ժողովրդավարությունում ամբողջապես կախված է գործադիր իշխանությունից: Ինչը նշանակում է, որ այդ հարցում ևս հեծանիվ հնարելու անհրաժեշտություն չկա: Մնում է ընդամենը, որպեսզի վերը նշված անձը չչարաշահի իր դիրքից բխող լիազորությունները և չհրահանգի դատավորներին (հիշենք վերջինիս՝ «դատավոր կա՞, որ իմ ասածը չանի» խոսքը), թե ինչպես է պետք կիրառել օրենսդրությունն իշխանության և ինչպես՝ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Հենց դա էլ կլինի դատական համակարգը քաղաքական ազդեցությունից զերծ պահելու լավագույն միջոցը: Եվ «իշխանության միակ աղբյուր հանդիսացող ժողովրդի» ազդեցությունն՝ վաղուց գտնված մեխանիզմներով ապահովելու հետ մեկտեղ այն կապահովի դատական համակարգի ամբողջական անկախությունը: Եվ արդարադատությունն էլ՝ որպես արդարության հասնելու գործիք, կկատարի իր գործառույթը:
ՀԳ. Իսկ եթե, այնուամենայնիվ, ցանկանում է որպեսզի «հենց ժողովուրդը կարողանա վերահսկել և ըմբռնել, թե ինչ է կատարվում այն հաստատությունների հետ, որոնք իր կողմից են ստեղծվել», ապա անհրաժեշտ է, նախ, ցրել խորհրդարանը: Որովհետև ժողովրդի, իր ասելով, «ստեղծած» առաջնային հաստատությունը հենց խորհրդարանն է: Ու տրամաբանական է, որ գործընթացը սկսվի հենց ժողովրդից առաջնային մանդատ ստացած հաստատության առումով: Արդյունքում էլ վերադառնալ կառավարման հին հունական պոլիսային «ագորայի» պրակտիկային: Ինչի խոստումը մի ժամանակ տվել է ինքը ու ինքն էլ դրժել է այն:
Կարծիքներ