Կտեսնենք ամերիկյան զորքերի հետ անլուրջ պարահանդեսներ, ուրիշ ոչինչ

Նախօրեին Վաշինգտոնում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումից հետո Հայաստանի քաղաքական-հասարակական շրջանակներում տրամագծորեն հակադիր կարծիքներից ձեւավորված տպավորությունը հետեւյալն է՝ արեւմտամետ կոչվող սորոսականներն ու իշխանության ներկայացուցիչներն այնքան են ուռճացնում այդ փաստաթղթի նշանակությունը, թե այսով լուծվեց Հայաստանի անվտանգության խնդիրը, որից կարելի է կարծել, որ Բաքուն վախից մկան ծակն է մտել ու այսուհետ մոռանալու է Հայաստանի դեմ ագրեսիայի մասին, իսկ եթե հանկարծ բախտը փորձի, ԱՄՆ-ն իրականացնելու է մեր սահմանների պաշտպանությունը։ Մյուս՝ ընդդիմադիր հատվածներից էլ ճիշտ հակառակի՝ Հայաստանին սպասվող արհավիրքի, աղետների մասին են գուժում, հիմքում դնելով այն փաստարկը, թե ՀՀ-ն իր ռազմավարական եւ բնական դաշնակիցներ Ռուսաստանի եւ Իրանի դեմ փաստաթուղթ ստորագրելով Հայաստանը մոտեցրեց նոր պատերազմի։ Քանի որ Հայ-ամերիկյան ռազմավարության կանոնադրությունը բազում դրույթներ է պարունակում երկու պետությունների դեմ եւ Հայաստանը դարձնում է տարածաշրջանում ԱՄՆ վերահսկողական ծրագրերի իրականացման գործիք, որն ամեն պահ կարող է օգտագործվել թե՛ Մոսկվայի և թե՛ Թեհրանի դեմ, մինչեւ անգամ կարծիքներ հնչեցին, որ փաստաթղթի իրագործումը կնշանակի ինչ-որ պահի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ այլն։ Նկատենք, որ ստորագրումից հետո փաստաթղթի եւ առհասարակ ՀՀ արտաքին «վտանգավոր» քաղաքականության մասին հրապարակային գնահատականներ տվեցին մինչեւ անգամ ՀՀ այն գործիչները, որոնք տեւական ժամանակ է՝ ակտիվություն չեն դրսեւորում, Գագիկ Ծառուկյանը, օրինակ, անդրադարձել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, հիմք ընդունելով փաստաթուղթը, կանխատեսել, որ մոտ ապագայում ՀԱՊԿ-ից դուրս են գալու։
Ոմանք էլ արձանագրեցին, որ դեկլարատիվ թուղթ է, որն իրականում ոչինչ էլ չի տալու Հայաստանին։
Ի՞նչ է տալու, իրականում, այդ փաստաթուղթը Հայաստանին, եւ արդյոք դա լինելո՞ւ է մեր փրկության կամ կործանման «սեւ թուղթը»։
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով, ամեն ինչ կախված է լինելու, թե ինչ գործողություններ են հաջորդելու կնքված համաձայնությանը։ Որեւէ փաստաթուղթ իրական գործիք լինելու համար պետք է հիմնավոր լինի՝ հաջորդելով իրական գործընթացների եւ հիմնված լինի նախկինում իրականացված գործողությունների վրա․ «Այսինքն, չպետք է բանաստեղծություն գրել եւ այն կոչել փաստաթուղթ, այլ պետք է ներկայացնել իրավիճակը, որն արդեն իսկ գոյություն ունի, մինչդեռ այս առումով ստորագրվածը ոչ թե փաստաթուղթ է, այլ սոսկ հայտարարություն եւ հիմնված է զրոյական մակարդակի վրա։ Ավելին, ընդամենը երեք օր առաջ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն առհասարակ հերքում էր նման փաստաթղթի գոյությունն ու նախապատրաստումը, այսինքն՝ հապճեպ պատրաստված թուղթ է, տեքստ, ուստի պետք է սպասել, թե հետագայում ինչ գործողություններ են հաջորդելու»։ Զոլյանն ընդգծում է, որ նախօրեին ստորագրված կանոնադրությունը տպավորիչ է, բայց ակնհայտ է նաեւ, որ այն Հայաստանի համար չի գրվել․ «Վերցրել են դարակներից, հավանաբար, այլ պետության հետ բանակցված թուղթ է։ Թե ինչու է այս շտապողականությունը, կարելի է հասկանալ․ ուրվագծվում է Հայաստան-Իրան համաձայնագիր, երկու օր առաջ Իրանի ներկայացուցիչն է եղել Հայաստանում, Լավրովի հայտարարությունները․․․ բացի այդ, Բայդենի վարչակազմը, գուցե, փորձում է փաստի առաջ կանգնեցնել Թրամփին, որը բավականին միանշանակ հայտարարեց, որ Հայաստանը տեղ չունի իր օրակարգում, Հարավային Կովկասն իր համար առաջնահերթություն չէ, բայց իր համար առաջնահերթություն են սպառնալիքները՝ Իրան, Չինաստան, Ռուսաստան, ուստի դժվար է պատկերացնել, որ այս փաստաթուղթը Թրամփի համար կարող է ուղեցույց լինել»։
Եթե փաստաթուղթը կյանքի կոչվի ամբողջությամբ, իսկապես, վտանգներ պարունակում է, քաղաքագետը դժվար է պատկերացնում, թե, դիցուք, ինչպես են հայ-ադրբեջանական սահմանին համատեղ տեղակայվելու ՆԱՏՕ-ի ու ռուսական զորակազմերը․ «Բայց պետք է հասկանալ՝ արդյոք ՆԱՏՕ-ի զորքեր բերվելո՞ւ են այստեղ, չմոռանանք՝ այն օրերին, երբ հայ բնակչությանը բռնի տեղահանում էին Արցախից, ՀՀ զինուժն այլ զբաղմունք չուներ, քան ամերիկյան զորքերի հետ 100 հոգանոց զորավարժություններ էր անցկացնում, նման անլուրջ պարահանդեսներ ես պատկերացնում եմ, բայց ոչ ավելին»։
Իսկ ՌԴ-ից հնչող զգայական հայտարարությունները, ըստ նրա, նպատակ են հետապնդում՝ կանխել հնարավոր վատ զարգացումները․ «Ես չեմ բացառում, որ այս իշխանություններն այդ թուղթը Ռուսաստանի եւ Իրանի հետ առեւտրի առարկա կդարձնեն»։
Կարծիքներ