Քաղաքական գործիչները՝ դրսում, իսկ «ուսապարկերը» խորհրդարանում չէին լինի․ ՊԿ ղեկավար

Քաղաքական գործիչները՝ դրսում, իսկ «ուսապարկերը» խորհրդարանում չէին լինի․ ՊԿ ղեկավար

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն արդեն իսկ քննարկումների փուլում են, թե ինչ ձևաչափով են մասնակցելու և ում հետ։
Ընդդիմադիր դաշտը բաժանված է մի քանի թևերի, որոնցից է նաև հիմնականում յոթ կուսակցությունից կազմված միությունը․ Պահպանողական կուսակցություն՝ բանասեր Միքայել Հայրապետյանի գլխավորությամբ, «Ազգային ինքնորոշում միավորում» (Պարույր Հայրիկյան), «Հայ կառուցողական» (Անդրիաս Ղուկասյան), «Հայաստանի եվրոպական» (Ալեք Պողոսյան), «Ժողովրդավարական հայրենիք» (Պետրոս Մակեյան), «Հայրենիք և պատիվ» (Գառնիկ Մարգարյան), «Հայք» (Հայկազուններ) (Արտյոմ Խաչիկյան), կուսակցություններ։ 

Թեմայի շուրջ «Հրապարակ» թերթը խոսել է Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հետ։

- Պարո՛ն Հայրապետյան, մասնակցելո՞ւ եք հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ի՞նչ ձևաչափով՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին կուսակցությամբ։

 - Ամենայն հավանականությամբ կմասնակցենք, եթե այնուամենայնիվ տեղի ունենան ընտրություններ: Առաջիկա գործընթացները ցույց կտան, թե այդ մասնակցությունը կլինի կուսակցությա՞մբ, թե՞ դաշինքով: Այսօր հստակ ոչինչ ասել չեմ կարող:

- Բացի ձեր յոթնյակի կուսակցություններից է՞լ որ ուժերի հետ եք համագործակցում։ Ո՞ւմ հետ պատրաստ կլինեք համագործակցության, ի՞նչ ընդհանուր կետերի շուրջ։

- Հանդիպումներ, իհարկե, կան նաև այլ կուսակցությունների հետ, որոնց մասին լիազորված չեմ բարձրաձայնել այսօր: Տեսականորեն պատրաստ ենք համագործակցել օրենքով գործող ցանկացած կուսակցության հետ, իսկ գործնականում՝ այդպիսի համագործակցություն մեզ թույլ կտանք միայն հայաստանակենտրոն ուժերի հետ, ում համար մոսկովյան դիրեկտիվներն ու փողի մոլուցքն ավելի կարևոր չեն, քան մեր երկրի հեռանկարային շահը: Կերազեինք, անշուշտ, որ այս ընտրությունները լինեին գաղափարական հոսանքներով և ոչ թե հին-նոր, ռուսամետ-արևմտամետ, սև-սպիտակ կամ թայֆայական-կլասիկ: Գիտակցում ենք, սակայն, որ դա միայն երազանքի ոլորտից է:

- Նախատեսված արտահերթ ընտրություններում ո՞ր ընտրակարգն է Ձեզ համար նախընտրելի՝ ռեյտինգայի՞ն, թե՞ համամասնական։ Անցողիկ շեմերի հետ կապված ի՞նչ դիտարկումներ, առաջարկություններ ունեք։

- Անշուշտ, նախընտրելին համամասնական ընտրակարգն է: Ողջունելի է, որ հենց այդ մոտեցումը որդեգրեց իշխող ուժը, այլապես ընտրությունները կլինեին է՛լ ավելի հեռու քաղաքականից, քան լինելու են: Դա, իհարկե, կիսաքայլ էր, բայց կիսաքայլ՝ դեպի առաջ: Անցողիկ շեմի հարցում էլ դեպի առաջ կիսաքայն ակներև է, սակայն շեմի նվազեցումն ավելին պետք է լիներ: Եթե այդպես լիներ նախընթացում, ապա այսօր քաղաքական գործիչները՝ դրսում, իսկ «ուսապարկերը» խորհրդարանում չէին լինի, մեր երկրի վիճակն էլ այսչափ անմխիթար չէր լինի: Ի դեպ, մենք 7 կուսակցություններով Արդարադատության նախարարությանը պաշտոնապես ներկայացրել էինք սահմանադրական փոփոխությունների մի այնպիսի փաթեթ, որն ավտոմատ կերպով կարող էր լուծել գժտությունների և լարվածությունների պատճառ հանդիսացող այս ընտրական թնջուկը: Ցավոք, Արդարադատության նախարարությունը, խախտելով օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, ամենավերջին ժամկետում անգամ պատասխան չի տվել: Սա՛ է կազմաքանդվող մեր պետականության վիճակը, ի՜նչ արած:

- Ընտրություններին ի՞նչ ծրագրով եք նախատեսում մասնակցել, որո՞նք են կուսակցության համար առաջնային։

- Կուսակցության նախընտրական ծրագիրը հենց հիմա ակտիվ քննարկման ու շտկումների փուլում է, որը, իհարկե, կհամապատասխանեցվի գործընկեր կուսակցությունների նախընտրական ծրագրերին: Այս պահին պահպանողականներիս համար անսակարկելին քաղաքակրթական և անվտանգային բազմազանեցման հարցն է, արևմտյան հստակ ուղերձներին ընդառաջ քայլեր կատարելը: Կյանքն ինքը ցույց տվեց, թե ճիշտ էինք մենք, երբ տարիներ շարունակ կրկնում էինք, որ չի կարելի միակողմանիորեն հանձնվել ռուսական իմպերիական ողորմածությանը: Այս առանցքային հարցում գործընկերների հետ տարաձայնություններ չունենք:

- Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակը՝ ինչպե՞ս պետք է անցկացվեն ընտրությունները, ըստ Ձեզ՝ ի՞նչ կանեն իշխանություններն այս իրավիճակում։

- Համավարակի մասին ճշգրիտ և անհրաժեշտ տեղեկատվություն է անհրաժեշտ, որպեսզի գնահատվի իրավիճակն ու ընտրարշավի և քվեարկությունների անցկացման ամենից արդյունավետ ճանապարհն ընտրվի, իսկ այդպիսի տեղեկատվություն բացառապես իշխանություններն ունեն: Կխուսափեի մեր իշխանությունների փոխարեն որևէ բան ասել,
քանի որ մեր իշխանությունները ոչ միայն «աննախադեպ» են, այլև անհեթեթության հասնող անկանխատեսելի. գուցե դարձյա՞լ հոնի օղին և ունելին (պինցետը) ընտրեն: Անորոշ է ամեն բան: