Անջրպետը խորանում է

Անջրպետը խորանում է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ամենաուշագրավ կենսագրությունն ու հետագիծն ունեցող անձանցից է։ Նա երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, այնտեղ հիմնել «Ժամանակ» օրաթերթը, ապա այդ թերթը 2000-ականների սկզբին բերել Հայաստան։ Թերթն ընդդիմադիր կեցվածք ուներ, հենց ինչի պատճառով էլ նա հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ 2006 թվականին նրան դատապարտեցին 4 տարի ազատազրկման՝ բանակից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Մեղադրանքն իրական էր՝ ապացուցված, բայց քանի որ ակնհայտ էր, որ նրան նման մեղադրանք չէր առաջադրվի, եթե նա ընդդիմադիր կեցվածք չունենար եւ իշխանություններին չքննադատեր, ուստի հասարակությունը Բաբաջանյանին ճանաչեց քաղբանտարկյալ, եւ իրավապաշտպանների, լրագրողների, հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից նա լուրջ աջակցության արժանացավ։ Բանտից ազատ արձակվեց 2009 թվականին՝ պայմանական վաղաժամկետ կարգով, առողջական խնդիրների պատճառով։ Հետագայում ստեղծեց 1-in.am էլեկտրոնային կայքը։ Տարիներ շարունակ տարբեր լուրեր էին շրջանառվում Արման Բաբաջանյանի կապերի, հովանավորների մասին, այդ թվում՝ ԱՄՆ-ից, բայց մի բան փաստ է, որ նրա ղեկավարած կայքը եւ թերթը մեր լրատվադաշտի առաջատար լրատվամիջոցներից են եւ որոշակի քարոզչական դերակատարում ունեն մեզանում։

Նրա եւ Էդմոն Մարուքյանի մտերմության մասին դեռ տարիներ առաջ էր հայտնի, համենայնդեպս՝ Մարուքյանը հազարավոր հարցազրույցներ է տվել Բաբաջանյանի թերթին ու կայքին եւ Նիկոլ Փաշինյանի ապրիլյան հեղափոխության օրերին էլ շարունակ այնտեղ էր հանդես գալիս, իսկ «Ժամանակն» ու 1-in.am-ը չէին թաքցնում իրենց նեգատիվ վերաբերմունքը հեղափոխությանը եւ փողոցային եղանակով պայքարին։ Նրանք Մարուքյանի «երրորդ ճանապարհի» կողմնակիցն ու ջատագովն էին։ Եվ այդ մտերմության ֆոնին էլ ոչ մեկի համար անակնկալ չեղավ, երբ Բաբաջանյանն ընդգրկվեց «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակում ու ակտիվորեն մասնակցեց 2018-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավին՝ ստանալով իր բաժին մանդատը։
Սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի նկատելի է դառնում, որ Բաբաջանյանի եւ «Լուսավոր Հայաստանի» ջրերը մի առվով չեն հոսում, եւ նրանց կարծիքներն ավելի ու ավելի հաճախ են տարբերվում միմյանցից։ Դա հատկապես ցցուն երեւաց Վահե Գրիգորյանին ՍԴ անդամ ընտրելու հարցի քննարկման ժամանակ, երբ խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ Արման Բաբաջանյանը՝ կողմ։ Թեեւ երկուստեք՝ ո՛չ խմբակցությունը, ո՛չ պատգամավորը, դեռեւս չեն խոստովանում իրենց տարաձայնությունների մասին։

Սակայն մեզ ասացին, որ շատ հնարավոր է առաջիկայում Արման Բաբաջանյանը լքի խմբակցությունը եւ հայտարարի անկախ պատգամավոր դառնալու մասին։ Անգամ հավանական է, որ նա մոտ ապագայում քաղաքական ուժ հիմնելու ծրագրերով հանդես գա։ Եվ հենց այդ նկատառումներով է վերջին շրջանում շրջագայում մարզերով եւ տարբեր հանդիպումներ ունենում։ «Լուսավոր Հայաստանից» մեզ ասացին, որ եթե անգամ իրենց պատգամավորը նման որոշում կայացնի, իրենք խնդիր չունեն։ Իսկ Արման Բաբաջանյանը մեզ հայտնեց հետեւյալը․ «Չկա նման հարց։ Ես ինձ շատ լավ եմ զգում ֆրակցիայում։ Ոչ մի բանով կաշկանդված չեմ։ Հենց որեւէ հարց լինի, նույնքան անկաշկանդ կհայտարարեմ դուրս գալու մասին»։ Ապա հավելեց, որ քաղաքական ուժ ստեղծելու մտադրություն չունի։