Հավելավճարի նոր մոտեցումներ՝ գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների համար
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում նախօրեին տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ժամանակ բուհի դասախոսներից մեկը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում ուսուցչի մասնագիտության գրավչությունը բարձրացնելու համար, որովհետեւ, եթե անգամ բուհի պատերն էլ ոսկուց լինեն, բայց ուսուցչի աշխատավարձը՝ ցածր, ոչ ոք չի ցանկանա ընդունվել եւ սովորել այդ բուհում։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ Ժ․ Անդրեասյանը մատնանշեց կամավոր ատեստավորման գործընթացը, որի մեկնարկը տրվել է նախորդ տարվանից, եւ որն ուսուցիչներին հնարավորություն է տալիս 30-50 տոկոսի չափով հավելավճար ստանալ։
Փոխնախարարը նշեց, որ նոր են ամփոփել կամավոր ատեստավորման 2-րդ փուլը, որին մասնակցել է ավելի քան 2 հազար 300 ուսուցիչ․ «Այս օրերին մենք ամփոփում ենք արդյունքները, եւ հոկտեմբեր ամսվանից սկսած՝ ուսուցիչները կսկսեն ստանալ այդ բարձրացված դրույքաչափով վարձատրությունը»։
Նախարարությունը նախատեսել է, եւ հաջորդ տարվանից գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների համար գործելու են հավելավճարի նոր մոտեցումներ, որտեղ տրվելու է ամսական հավելավճար։ «Գիտեք, որ օբյեկտիվորեն այստեղ ժամերը քիչ են, վարձատրությունը քիչ է, եւ բավականաչափ խնդիրներ են առաջանում գյուղական վայրերում ուսուցիչներ գտնելու ուղղությամբ։ Մենք նաեւ առանձին խրախուսման միջոց ենք դրել՝ բնագիտական առարկաների եւ ինֆորմատիկայի առարկայի ուսուցչի վարձատրության համար, որոնք նույնպես կստանան լրացուցիչ հավելավճար հաջորդ տարվանից։ Այս ծրագրերը շարունակական են, եւ մենք անընդհատ փորձում ենք այս ուղղությամբ աշխատանք տանել եւ ստեղծում ենք այն պայմանները, որոնք ուսուցչի վարձատրության հարցը կարող են լուծել»,- հայտարարել էր Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման փուլն այս տարի մեկնարկեց սեպտեմբերի 17-ին եւ ավարտվեց հոկտեմբերի 2-ին։ Այս տարի ատեստավորումն իրականացվեց 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար՝ թեստային եւ ոչ թեստային առաջադրանքների միջոցով: Թեպետ այս տարի կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 4 հազար ուսուցիչ, բայց շատ էին տարբեր առարկաների գծով բացակա ուսուցիչները, ովքեր վերջին պահին չէին ներկայացել քննակենտրոն։ Բացակաների մասով դեռ որեւէ պաշտոնական ձեւակերպում եւ բացատրություն չկա, քանի դեռ որոշակի վերլուծություն չի արվել՝ հասկանալու, թե որտեղ է ծրագիրն արգելակում ուսուցիչներին, եւ որ պահից սկսած է 30-50 տոկոս հավելավճարն իր «գրավչությունը» կորցնում մանկավարժների համար։
Կարծիքներ