«Հայաստանը ճանաչվի Ադրբեջանի մաս»

«Հայաստանը ճանաչվի Ադրբեջանի մաս»

Ալիեւն ասել է, որ Ղարաբաղում ապրում են ազգությամբ հայ Ադրբեջանի քաղաքացիներ: Նորություն չի ասել՝ դա հայտնի է արդեն երկու տարի: Եթե չենք ցանկանում ընդունել այդ իրողությունը, ապա պետք է, նախ, պաշտոնից վռնդենք Նիկոլին, ապա՝ պատերազմ հայտարարենք Ադրբեջանին ու պարտության պայմանագիր պարտադրենք նրան: Այն, ինչ երկու տարի շարունակ Իլհամն է անում մեր նկատմամբ: Բայց այսօր չենք կարող անել առաջինը, ուր մնաց, թե անենք երկրորդը: Նիկոլն էլ ասում է, որ Ղարաբաղը տվել են նախկինները: Որ ինքը փորձել է դրա դեմն առնել (իր ասելով՝ «անկեղծ պայքարել է դա հետ շրջելու համար»), բայց չի կարողացել: Ու քանի որ փակվել է Ղարաբաղի հարցը, ինքը գնում է խաղաղության պայմանագիր կնքելու: Այս հարցում ինքը միայնակ չէ: Համարյա թե նույնն ասում են Արեւմուտքում: Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, օրինակ, հոկտեմբերի 4-ին Ստրասբուրգում հստակորեն արձանագրել է, նախ, սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքը ռմբակոծելու ու օկուպացնելու փաստը: Երկրորդ, խոսքի մեջ Արցախը համարել է վիճարկելի տարածք՝ ասելով, որ նկատի չունի ռազմական գործողությունները (ենթադրաբար՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը), որ տեղի են ունեցել վիճարկելի տարածքում։

Այնպես որ, ընդամենը 5-6 տարի առաջ Արցախի անկախությունը ճանաչելն Իլհամին ստիպող եվրաչինովնիկներից մեկի համար Արցախի տարածքն այլեւս հռչակված է վիճարկելի:  
Վերադառնանք մեր ոչխարներին՝ ինչպես ասվել է հնում: Այսպիսով, տեսնում ենք, որ արդեն չկա միջազգային առումով որեւէ հանգամանք, որ կարող էր խոչընդոտել կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրմանը: Որի հիմնական կետերը ներկայացվել էին նրա ընտանեկան կայքի էջերում՝ «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ: Իմիջիայլոց ասեմ, որ իրականում այդ «աղբյուրը» նույնքան հավաստի է, որքան նրա «օդում կախված լուրեր»-ն էին հավաստի: Բայց դա նշանակություն չունի՝ կարեւորն այն է, որ այդ «աղբյուրը» Նիկոլի նորօրյա խոսափողն է, եւ դրանով ամեն ինչ ասված է: Նիկոլը պատրաստ է ստորագրելու կապիտուլյացիոն պայմանագիրը: Հիշո՞ւմ եք՝ 20 օր առաջ էլ նման բան ասաց, հետո ժողովուրդը դուրս եկավ փողոց, ու ինքը վախից լայվով հայտարարեց, որ ոչինչ չի ստորագրելու՝ հատկապես, որ ստորագրելու բան էլ չկա դեռեւս:

Հիմա ինքն արդեն վստահ է զգում իրեն ու ասում է, որ խորհրդարանի մեծամասնության ու ժողովրդի աջակցությամբ ստորագրելու է պայմանագիրը: Նույնիսկ ընդդիմությունն է դա ընդունելու: Բայց պարզվում է, որ իր գնալու ճանապարհը նա հենց վերջերս է տեսել. Փաստորեն, մինչ այդ ինքը խարխափում էր խավարում: Եվ դա՝ նույնիսկ այն ժամանակ, երբ անշեղորեն խաղաղության մեկնարկ էր գծում:

Ի՞նչ փոխվեց 20 օրում, որ վախեցած ու լայվով արդարանալ փորձող Նիկոլը (Ալենն էլ՝ վերադիր) կրկին թառել է թամբին ու կրկին մեղադրում է նախկիններին՝ իր գործն առաջ տանելու նպատակով: Հայաստանում ոչինչ չփոխվեց, ամեն ինչ մնաց նախկինի նման: Դեռ հլա նախորդ նախագահների միավորման փորձն էլ տապալվեց: Արդյունքն այն է, որ Նիկոլն այլեւս վախ չունի նրանցից, ովքեր կարող էին գլխավորել փողոց դուրս եկած բազմությանը եւ նրա միջոցով տապալել իր իշխանությունը: Ինչը նշանակում է, որ Նիկոլը վստահորեն գնալու է «նոր հայտնաբերած» ճանապարհով եւ ստորագրելու է կապիտուլյացիոն պայմանագիրը: Իսկ ժողովուրդը դրան պատասխանելու է լռությամբ: Եվ, իր ասելով, լեզվի սայթաքմա՞մբ, թե՞ խորքային ինչ-որ մասի առկայությամբ (թե՞, այնուամենայնիվ, Օվերտոնի պատուհանի սկզբունքով) տեղ է թողնում, որպեսզի «Հայաստանը ճանաչվի Ադրբեջանի մաս»: