Շոգն էլ՝ մյուս կողմից

Շոգն էլ՝ մյուս կողմից

Երեւանյան շոգերը սկսվեցին: Ամեն քայլափոխի լսում ես, թե ինչպես են մարդիկ նվաղած ձայնով բողոքում շոգից: Սրտի հիվանդություն ունեցողները, տարեցներն ամենածանրն են տանում շոգերը: Բայց բնակլիմայական պայմանների եւ գլոբալ տաքացման դեմ պայքարելը մեր խելքի բանը չէ, մենք կարող ենք միայն որոշ չափով նվազեցնել սոսկալի շոգերի ազդեցությունը, բայց անգամ տարրական միջոցներ ձեռնարկելը չի ստացվում: Գարնանն իշխանությունը հանկարծ որոշեց, որ պետք է կտրի սաղարթախիտ ծառերն ու դրանք ժամանակակից եւ թանկ տնկիներով փոխարինի: Մարդիկ, մասնագետներն ընդվզեցին, փորձեցին բացատրել, որ դա սխալ է, որ, օրինակ, Թումանյան փողոցում ամռանը քայլելն ու ապրելն անհնարին է լինելու` ոչ ոք չլսեց: Այս շոգի պայմաններում, երբ ողջ աշխարհում մարդիկ օրական երկու անգամ ցնցուղ են ընդունում, եւ ջուրն առավել կենսական նշանակություն է ստանում, «Վեոլիա ջուրը» սկսեց «հովհարային անջատումներ» անել։

Տարբեր համայնքներից բողոքներ ենք ստանում, որ ջուրն ամենաանպատեհ ժամերին եւ երկար ժամանակով անջատում են: Այնպես որ, շոգի դեմ պայքարելու այս միջոցն էլ չի աշխատում: Ինչպես չեն աշխատում քաղաքակիրթ աշխարհում ընդունված այլ միջոցներ եւս. մեզանում հովացման համակարգեր հանրային վայրերում քիչ կան, դրանց կիրառումը նշանակում է թանկ սարքավորումների եւ հոսանքի մեծ ծախսեր, որ ոչ բոլորին է մատչելի: Անգամ այն, ինչը թվում է մատչելի ու հնարավոր, դա էլ չի արվում: Ասենք, այս շոգին ի՞նչ իմաստ ուներ մետրոյի կայարաններում ժետոնների գնման նոր համակարգի ներմուծումը` որ մարդիկ հնարավոր երկար հե՞րթ կանգնեն, վրդովվեն, չկարողանան արագ տուն կամ աշխատանքի՞ հասնել: Ցավոք սրտի, մենք այնպիսի պետություն ենք կառուցել, որտեղ ամեն փոքր հարց դժվարությամբ է լուծվում։