Այս մարդու համար հայի կյանքը գրոշի արժեք չունի

Այս մարդու համար հայի կյանքը գրոշի արժեք չունի

Ուզում եմ ձեզ ներկայացնել այսօրվա կառավարության նիստից մի փոքրիկ հատված։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանին․

-Պարոն Փամբուխչյան, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ այս պահին մեր կանխավարկածն այն է, որ մենք փլատակների տակ կարող ենք ունենալ մեկ մարմին: 

– Այո, պարոն վարչապետ, բայց նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, այսինքն՝ այդտեղ է եղել հարվածային ալիքը, նաև այդ հրդեհը և այս օրերի ընթացքում այդ գոլորշին, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը: 

– Շատ լավ․․․

Այստեղ կանգ առնենք․

Նախարարը խոսում է այն մասին, որ մարդու մարմինը՝ դիակը հնարավոր չի լինելու հայտնաբերել եւ երկրիս վարչապետը արձագանքում է․«Շատ լավ»։

Անշուշտ այդ «շատ լավը» նշանակում է, որ ես լսեցի պատասխանդ, հասկացա, բայց պարզ է, որ նման տեքստ լսողի, եթե, իհարկե, այդ տեքստը լսողը ցավ ունի իր մեջ, արձագանքը պետք է այլ լիներ։ Այդ «շատ լավը» մի բան է նշանակում, որ այս մարդու ենթագիտակցության մեջ մարդկային կյանքը ոչինչ չարժե, նա չի ցավում մարդու մահվան կապակցությամբ, չի ափսոսում, որ երիտասարդ մարդ է մահացել, մարդը մահացել է ոչ իր բնական մահով։ 

Նա պատասխանատվություն չի զգում այս երկրի յուրաքանչյուր քաղաքացու ապրելու եւ մեռնելու հարցում։ Համարում է, որ նորմալ է, որ մարդիկ Երեւանի կենտրոնում զոհվում են եւ անգամ նրանց դիակները հնարավոր չի լինում գտնել։ 

Եւ սա նոր բան չէ՝ այս ապակե անտարբերությունը, մարդկանց կյանքը գրոշի արժեք չդնելը Նիկոլ Փաշինյանի մոտ վաղուցվանից է՝ նա ոչ պատերազմից ու հազարավոր զոհերից հետո ափսոսանքի ու ցավի զգացում ունեցավ, ոչ սահմանին ամեն օր զոհվող մարդկանց համար է ցավում, ոչ հղի կնոջ մահվան ժամանակ զղջաց ու ցավեց՝ երբ իրեն ուղեկցող մեքենան տրորեց ու անցավ 29-ամյա կնոջ վրայով, ոչ էլ հիմա ունի նման տվայտանքներ։ Նա իրեն այս երկրի ու այս ժողովրդի կյանքի համար պատասխանատու չի համարում, չի ցավում, չի ափսոսում, որ հայ մարդ է մեռնում։ Նրա համար մեկ է՝ մեկ մարդ կմեռնի, թե հազարները, միայն թե իշխանությունը կարողանա պահել եւ լարախաղացի այս կարգավիճակը որքան հնարավոր է ձգել։ 

Երբեք չխաբվեք զոհերի գերեզմաններին նրա ծածուկ այցելություններին ու ծունկ չոքելու տեսարաններին, ցավակցական տեքստերին ու դեմքի տխուր արտահայտությանը։ Դա ընդամենը թատրոն է՝ տեսախցիկների եւ ականջներով սիրող հայերի համար նախատեսված։

Սվետա Մարտիրոսյան