Նախարարությունը կհատուցի Ամատունի Վիրաբյանին

Նախարարությունը կհատուցի Ամատունի Վիրաբյանին

ՀՀ արդարադատության նախարարությունը Ամատունի Վիրաբյանին կհատուցի աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի 25․11․2022թ․ վճռով Ա․Վիրաբյանի հայցը մասնակիորեն բավարարվեց։

Դատարանը վճռեց․ ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցնել վճարել Ամատունի Սասունիկի Վիրաբյանին՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով; ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցնել վճարել Ամատունի Սասունիկի Վիրաբյանին հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 07․09․2020 թվականից, մինչև պայմանագրով որոշված ժամկետի ավարտը՝ 27.11.2020 թվականը; ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի և Ամատունի Սասունիկի Վիրաբյանի միջև 27.11.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը համարել լուծված պայմանագրով որոշված ժամկետի հաջորդ օրը՝ 28.11.2020 թվականին: 

Շնորհիվ փաստաբաններ Տիգրան Գրիգորյանի և Նաիրա Համբարձումյանի մասնագիտական ջանքերի, ինչպես նաև՝ դատավոր Սարգիս Երիցյանի օբյեկտիվ քննության՝ արդարությունը մասնակիորեն վերականգնվեց, թեև չի բացառվում, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը կբողոքարկի վերոնշյալ վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 29․06․2022թ․ որոշել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասերով, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

«Հայց» փաստաբանական գրասենյակ

Գործի դատավարական նախապատմությունը

Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Լ. Գրիգորյան/ 15.01.2021 թվականի վճռով Ամատունի Սասունիկի Վիրաբյանի հայցը բավարարվել էր:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել էր և ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.01.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել էր և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով բեկանվել էր և գործն այդ մասով ուղարկվել էր ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: