Բաքուն խաղից դուրս է. Անկարան կբանակցի Երեւանի՞ հետ

Բաքուն խաղից դուրս է. Անկարան կբանակցի Երեւանի՞ հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարն անդրադարձել է իր երկրի տարածաշրջանային քաղաքականությանը եւ հատկանշել նրա հետաքրքրվածությունը ղարաբաղյան կարգավորմամբ: Տպավորություն է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը զուտ անվանական դեմք է այլեւս, ինչպես նաեւ՝ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն առհասարակ: Իլհամ Ալիեւի աշխատակզմում տեղեկատվական վերլուծության խմբի անդամ Ֆարիդ Ակբերովն ուշադրություն է հրավիրում երեք օր առաջ կայացած՝ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի մասին Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության վրա եւ նկատել տալիս, որ ռուսական կողմն առաջին անգամ պաշտոնապես հաստատում է Թուրքիայի հետ ԼՂ կարգավորման հարցով քննարկումների անցկացումը:

Ակբերովը սա չափազանց կարեւոր է համարում: Զուգահեռաբար ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգանծ Regnum-ն արձանագրում է, որ «թովուզյան ճգնաժամից հետո աշխարհաքաղաքական իրավիճակը դեգրադացվում է» հարավ-կովկասյան տարածաշրջանում:

Այս մեկնաբանության մեջ ամենաուշագրավն այն է, որ ռուս քաղաքագետը հղում է անում Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանին, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները մարտավարական առումով մտահոգիչ չեն, միայն թե չվերաճեն հայկական սահմանների եւ ենթակառուցվածքների դեմ սադրանքների եւ եզրացնում. «Երեւանը ցույց է տալիս տարածաշրջանում իրավիճակի իր ընկալումը, երբ, պարադոքս է՝ Թուրքիայի մասնակցությամբ իրադարձությունների ընթացքը նրան բավարարում է, երբ Անկարան փոխարինում է Բաքվին»:

Բավական մանվածապատ ձեւակերպում է, որից, թերեւս, մի եզրահանգման կարելի է գալ. Մոսկվայի փորձագիտական շրջանակների համար անսպասելի է, որ Երեւանը կարող է խաղից դուրս թողնել Բաքվին եւ ուղղակի բանակցություններ սկսել Թուրքիայի հետ: Իրոք, ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը որեւէ ադեկվատ գաղափար չի հնչեցնում եւ ռազմաքաղաքական հարաբերակցությունը դիտարկում է թուրքական հաշվեկշռով, ի՞նչ իմաստ ունի բանակցությունների գնալ Իլհամ Ալիեւի հետ: Խնդիրն այն է, թե Մոսկվան ինչպե՞ս է գնահատում նոր իրավիճակը: Regnum-ի մեկնաբանը Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների կապակցությամբ հիշեցնում է Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության մասին,, պայմանագիրը եւ բազմանշանակ ակնարկում, որ այն «ոչ ոք չի բեկանել»: Մոսկվան այդ տարբերակը չի՞ բացառում: Անկարան՝ փոխարինելով Բաքվին, Մոսկվային առաջարկում է փոխարինել Երեւանի՞ն, թե կարող է Հայաստանի հետ չմիջնորդավորվա՞ծ բանակցել: