Ադրբեջանը նախապատրաստվում է Իրանի շուրջ զարգացումներին

Ադրբեջանը նախապատրաստվում է Իրանի շուրջ զարգացումներին

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց անցկացումը նախաձեռնվեց շատ անսպասելի: Անցած տարվա նոյեմբերի վերջին Իլհամ Ալիեւը հայտարարեց այդպիսի նպատակահարմարության մասին, որից հետո՝ դեկտեմբերի 2-ին, Միլի Մեջլիսը որոշում ընդունեց դիմել նախագահին՝ խորհրդարանը ցրելու առաջարկությամբ: Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան ճանաչեց խորհրդարանի որոշումը, եւ Ալիեւը լուծարեց այն՝ նշանակելով նոր ընտրություններ:

Մինչդեռ այդպիսի քայլի շարժառիթներն այդ պահին հասկանալի չէին, համենայնդեպս, նշմարելի չէր որեւէ ներքին դրդապատճառ: Տարբեր տեղա-ցեղական կլանների միջեւ բաժանված (նախիջեւանցիներ, շամախցիներ, շիրվանցիներ եւ այլն) Ադրբեջանում ներքին իրադրությունը լիովին վերահսկելի է: Ընդդիմությունը քշված է անկյուն, ասենք, Մուսավաթից եւ Ժողճակատից բացի, այլ ընդդիմադիր կուսակցություններ էլ չկան: Այդ երկուսն էլ գոյությունը պահպանում են թուրքական եւ բրիտանական որոշ քաղաքական շրջանակների աջակցության շնորհիվ: Քաղհասարակության ակտիվիստները եւս կա՛մ քշված-մեկուսացված են, կա՛մ հայտնվում են բանտում, կա՛մ դառնում են քաղաքական էմիգրանտ: Այսինքն՝ եթե անգամ Ալիեւի իշխանությունից բնակչության դժգոհություն կա, այն չունի կրիտիկական դրսեւորումներ: Ո՛չ փողոցներ էին  փակված, ո՛չ հազարավոր ցուցարարներ էին շրջափակել կառավարական շենքերը, ո՛չ էլ այդ ցուցարարների կողմից ոստիկանական բաժանմունքները կամ զորամասերը գրավելու վտանգ կար, որ խորհրդարանը լուծարելու եւ նոր ընտրությունների անհրաժեշտություն լիներ: 

Հետեւապես, Ալիեւի այս նախաձեռնության շարժառիթներն արտաքին քաղաքական են եւ, ըստ ամենայնի, առնչվում են Իրանում եւ նրա շուրջ ստեղծված նոր իրադրությանը, որ ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից Իրաքում գեներալ Սոլեյմանիին «չեզոքացնելու» գործողությունից հետո: Ըստ այդմ, Ադրբեջանի նախագահը վաղօրոք տեղյակ էր, որ ինչ-որ բան է սպասվում Իրաքի շուրջ, եւ սկսեց նախապատրաստվել նոր իրավիճակին արդեն դեկտեմբերից: Ալիեւի տեղեկացվածությունը, ըստ ամենայնի, իր շնորհքը չէ, կա հիմնական կամ միակ ռազմավարական դաշնակից Թուրքիա: Նկատի ունենալով թուրքական հետախուզության ակտիվությունը տարածաշրջանում եւ մասնավորապես Իրաքում՝ Անկարան կարող էր վաղօրոք տեղեկացված լինել սպասվող զարգացումներից եւ առաջարկել դաշնակից Բաքվին նոր խորհրդարան ձեւավորել, մեծացնել քաղաքական մանեւրի դաշտը՝ հնարավոր աննպաստ զարգացումներից ապահովագրվելու համար: Իսկ այդպիսի սցենարները մի քանիսն են: 

Առաջին հնարավոր զարգացումը մեծ տարածաշրջանային պատերազմն է: Եթե ԱՄՆ-ն եւ Իսրայելը որոշում կայացնեն այնուհանդերձ հարվածել Իրանին, գործընթացի մեջ կարող են ներքաշվել նաեւ Պարսից ծոցի որոշ արաբական երկրներ: Այդ կոնտեքստում չի բացառվոմ, որ Բաքվի առջեւ պահանջ դրվի՝ այս կամ այն կերպ մասնակից դառնալ հակաիրանական արշավին, եւ նկատի ունենալով Վաշինգտոնի եւ Թել Ավիվի ճնշման հնարավորությունները՝ Ալիեւը կարող է եւ այդ ճնշմանը չդիմանալ: Եվ այստեղ պետք է թիկունքում ունենալ նոր ձեւավորված խորհրդարան այնպիսի կազմով, որը կընդդիմանա այսպիսի որոշումներին, եթե Ալիեւը որոշի ստանալ նրա համաձայնությունը: 

Նոր մեջլիսն Ալիեւին պետք է նաեւ ռուսական հնարավոր ճնշումից  ապահովագրվելու համար: Մոսկվայում գնալով ավելի հաճախակի են դարձել փորձագիտական «կանխատեսումները», որ Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր գործողությունների դեպքում Ռուսաստանը հարկադրված է լինելու, իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու, փախստականների հնարավոր ներհոսքը կանխելու համար, հսկողության տակ վերցնել նախկին ԽՍՀՄ սահմանը՝ Արաքս գետով: Դրա համար անհրաժեշտ կլինի ռուսական զորքի լեգիտիմ մուտքն Ադրբեջան, իսկ այն հնարավոր չի լինի առանց Միլի Մեջլիսի համաձայնության: Այդ համաձայնությունը նոր Միլի Մեջլիսը չի տա, եթե այնտեղ լինեն համապատասխան ուղղվածության   (իշխանության համար լիովին վերահսկելի) ուժեր կամ գործիչներ: 

Եվ վերջապես, միանգամայն հավանական է, որ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողները Իրանի շուրջ զարգացումներում իրենց շահերը հետապնդեն ղարաբաղյան հակամարտութան «կարգավորման» միջոցով, երբ ինչպես Բաքվին, այնպես էլ Ստեփանակերտին ու Երեւանին փորձ արվի ինչ-որ «լուծում» պարտադրել: Դրա արդյունքում խաղաղապահի ուժերի անվան տակ հակամարտության գոտում, այսինքն՝ Իրանի հյուսիսային սահմանին կհայտնվեն ամերիկյան կամ ռուսական զորքեր՝ Բոլթոնի կամ Լավրովի պլանի համաձայն: Այսպիսի զարգացումը վտանգավոր է ոչ միայն Արցախի համար՝ ազատագրված որոշ շրջաններից զրկվելու տեսանկյունից, այլեւ հենց Հայաստանի եւ Ադրբեջանի: Որովհետեւ հատկապես ամերիկյան որեւէ սցենարի իրագործման դեպքում Իրանի գործողությունները կարող են լինել խիստ կոշտ եւ անկանխատեսելի, ընդ որում՝ այդ հնարավոր գործարքի բոլոր մասնակիցների նկատմամբ:  Եվ Բաքվում, ի տարբերություն Երեւանի, ավելի շուտ են մտածել հնարավոր հետեւանքների մասին: Այստեղ, բնականաբար, կարող է ի հայտ գալ հակափաստարկ, որ այդպիսի ծրագիրը (լավրովյան թե բոլթոնյան) Ադրբեջանին կարծես խոստանում է կորցրած տարածքների առնվազն մի մասի վերադարձ, եթե աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներին հաջողվի կոտրել հայկական կողմերի դիմադրությունը: Անցած տարիներն ապացուցեցին, որ Անկարան եւ Բաքուն այս հարցում ունեն միատեսակ գիծ, եւ գործնականում Ադրբեջանը մերժում է բոլոր այն առաջարկությունները, որոնք ենթադրելու են խաղաղապահների, այսինքն՝ օտարերկրյա զինուժի տեղակայում։

Հատկապես՝ ռուսական, որովհետեւ դա կարձանագրեր Բաքվի վերադարձը ռուսական ազդեցության դաշտ: Ինչպես սրամտորեն նշել է ռուսական փորձագետներից մեկը, Ղարաբաղում խաղաղապահների մուտքից հետո Բաքվին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ «բերելն» արդեն տեխնիկայի գործ է: Եվ այս իրողությունը հրաշալի հասկանում են Անկարայում: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանից Թուրքիայի նվաճած ամենամեծ մրցանակն Ադրբեջանն է՝ Նախիջեւանով հանդերձ,  եւ Անկարան չի պատրաստվում դրանից հրաժարվել: Բացի այդ, Ղարաբաղի հարցում ներկա վիճակը որոշ իմաստով նույնիսկ ձեռնտու է Թուրքիային, քանի որ կաշկանդում է թե՛ Հայաստանի, թե՛ հայկական սփյուռքի ուժերը՝ հենց Թուրքիայի նկատմամբ պահանջներ դնելու առումով:

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ