Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Հարգարժան Գագիկ Ծառուկյան, երբ գյումրեցի բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը Թուրքիայում գետնեց թուրք բռնցքամարտիկին, դեռ սպորտի «ոսկե դարը» չէր սկսվել, եւ դեռ Դուք չէիք հովանավորում հայկական սպորտը: 

«Երբ օր թուրքի հետ ռինգ ելանք, թուրքին կըթվար, թե ռինգի հերը ինքն է…». սա Բագրատի առաջին նկարագրությունն է իր հաղթական մարտից հետո, որը շահել էր Թուրքիայի սրտում՝ հաղթելով տեղացի բռնցքամարտիկին: Մինչ մրցման մեկնելը եւ չեմպիոն դառնալուց հետո եւս երկար ժամանակ Բագրատ Օհանյանն իր ընտանիքի հետ ապրում էր տնակում, լողանում տաշտի մեջ, սնունդը հայթայթում ինչ-որ կերպ… Այսօր եւս, երբ Բագրատն անբուժելի, մահամերձ հիվանդ է, եւ թթվածնի սարք ունենալը լուրջ խնդիր է: 
Ի պատիվ 90-ականների գյումրեցի տղաների, երբ Բագրատը մեկնելու էր մրցումների եւ չուներ ոչ մի կոպեկ, տղաները մետաղի ջարդոն եւ այլ իրեր հավաքեցին, վաճառեցին, տվեցին Բագրատին, եւ նա Ստամբուլում առաջիններից մեկը բարձրացրեց հայկական դրոշը՝ ապացուցելով, որ «ռինգի հերը» Ստամբուլում ինքն է՝ Բագրատ Օհանյանը: 

Այսօր իրոք ծանր է չեմպիոնի վիճակը եւ կարծես թե՝ նաեւ մոռացված: Եթե պետական հոգածություն լիներ, գուցե մենք այսօր Բագրատին կորցնելու եզրին կանգնած չլինեինք…

Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ Գյումրի