Ադրբեջան-Թուրքիա գծի վրա խուճապ է

Ադրբեջան-Թուրքիա գծի վրա խուճապ է

Ադրբեջանը գնաց հերթական խելագարության: Դա թելադրված էր թե այդ երկրի ներքաղաքական լարված վիճակով և թե աշխարհաքաղաքական սխալ հաշվարկներով: Հայկական կողմն ունի որոշակի արդյունքներ, իսկ Ալիևը դեռ պետք է սպասի այդ խելագարության հետևանքներին:
Հայտնի է արդեն, որ Ադրբեջանի նախագահը հուսահատ փորձեր է անում՝ ընդդիմությանը մեղադրելու արցախյան ճակատում ձախողումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում կրած անհաջողությունների մեջ: Նա մասնավորապես դժգոհել էր «սուտ հայրենասերներից», որոնք Արցախը վերադարձնելու կոչեր են անում, սակայն, երբ հարկ էր գնալ հայ-ադրբեջանական սահման, ընդամենը 150 մարդ է հավաքվել: Իր մեջ խիստ որոշակի մեսիջ էր պարունակում նաև արտգործնախարարի փոփոխությունը, ինչը, պետք է ենթադրել, նշանակում է նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության փոփոխություն: Այս առումով հետաքրքիր է, որ Սերգեյ Լավրովն է առաջիններից մեկը շնորհավորել Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարին:

Այս օրերին բավականին ուշագրավ հայտարարություններ են հնչում նաև Թուրքիայից: Թուրքիայի նախագահ Էրդողանը մի կողմից հայտարարում է Ադրբեջանի կողքին լինելու մասին, իսկ մյուս կողմից մեղադրում է ԱՄՆ-ին՝ «Թուրքական հոսք» գազամուղի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ավելի վաղ այդ հարաբերությունները վատացել էին Սիրիայում, այսօր խնդիրը Լիբիան է՝ Ռուսաստանի երբեմնի դաշնակիցը, որի հարստությունների վրա է աչք դրել Թուրքիան: Արևմուտքը մի կողմից սիրաշահում է Թուրքիային, ազատություն տալիս նրան, բայց մյուս կողմից էլ շարունակում պատժամիջոցներ կիրառել ռուս-թուրքական ծրագրերի դեմ՝ թիրախ ունենալով Ռուսաստանին: Ռուսաստանում էլ, բնականաբար, քնած չեն: Այս թնջուկում ամենախոցելի տեղը դառնում են Ադրբեջանից դեպի Թուրքիա, իսկ այնուհետև նաև Եվրոպա գնացող էներգակիր խողովակաշարերը, ինչպես նաև Ադրբեջանում կատարված արևմտյան միլիարդավոր ներդրումները:

Առանց դույզն-ինչ նսեմացնելու Հայաստանի զինված ուժերի՝ մեր զինվորների, սպաների և գեներալների անօրինակ սխրանքը, պետք է հասկանալ, որ Տավուշի սահմանների վերջին օրերի լարվածությունն ու մեր դիրքերի նկատելի, ես կասեի՝ ստրատեգիական բարելավումը, կարելի է դիտարկել նաև աշխարհաքաղաքական մեծ գործընթացի համատեքստում՝ որպես կարևոր գործոն գերտերությունների միջև ընթացող պայքարում: Եթե ԱՄՆ-ը թիրախավորում է «Թուրքական հոսք»-ը, ապա Ադրբեջանում հայկական զինուժի կրակային հարվածի տակ են հայտնվում արևմտյան խողովակաշարերը: Գումարած դրան ակնհայտորեն լարվում է նաև Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Ազգային հողի վրա Ադրբեջանում անկարգություններ հրահրելն ու իշխանափոխություն իրականացնելը Ռուսաստանի համար մեկ-երկու հաշվի գործ է, ինչը լավ են հասկանում թե Ալիևները, թե Թուրքիայի ղեկավարությունը: Եվ արդյոք, այս վերջին խելագարությունը, որին գնաց Ալիևը, նպատակ չէ՞ր հետապնդում զգոնության մղել Արևմուտքին և ապա՝ «Բրիթիշ փեթրոլիումի» կարգի գիգանտներին նախազգուշացնել, որ կարող են հօդս ցնդել նավթա-գազային միլիարդները:

Խելագարությունը՝ խելագարություն, բայց Ալիևն ըստ երևույթին կփորձի Տավուշի սահմանից հետ շպրտվելու դրաման ծառայեցնել իր վարչակազմի շահերին և էլի մի որոշ ժամանակ արդարացնել արցախյան խնդրի կարգավորման ճակատում նկատվող ակնհայտ «լռությունը»: Մեղադրանքները երկրի ընդդիմությունից աստիճանաբար կտեղափոխվեն ՄԽ համանախագահների կողմը: Կշարունակվեն անվերջանալի թվացող գանգատներն ու հակահայկական հայտարարությունները: Ադրբեջանի կողմից խոշոր դիվերսիաների կամ առաջխաղացման նոր փորձեր առաջիկայում, կարծում ենք, չեն լինի: Մեծամորի ատոմակայանին հարվածելու հայտարարությունն ինքնին փաստում է, որ ադրբեջանական կողմը տակավին ուշքի չի եկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններից և զբաղված է ընդամենը ներքին շոկերը հաղթահարելու գործով: Այսուհանդերձ զգոնությունը կորցնելու իրավունք հայկական կողմը չունի:

Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ Ադրբեջանի վերջին պարտությունը կատարյալ դարձնի նաև միջազգային մակարդակներում և, իհարկե, առաջին հերթին դիվանագիտական շրջանակներում: Այս առումով հատկանշական էին ինչպես ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, այնպես էլ Սփյուռքի, համահայկական կառույցների և ՀՅԴ Հայ դատի գրասենյակների համադրված աշխատանքը, որ տարվում է աշխարհի շատ երկրներում: Մենք գուցե և այս մեծ խաղում մեկ օղակ ենք ընդամենը, բայց մեր աշխարհագրական դիրքով, մեր հզոր բանակով, վերպետական կառույցներում մեր մասնակցությամբ, անշուշտ կարևորագույն օղակներից մեկն ենք և հիրավի կարող ենք հպարտությամբ ասել, որ մեծ դերակատարություն ունենք հարավկովկասյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության բալանսը պահպանելու գործում: