Կազմակերպված փակեցին ուսանողների բերանը

Կազմակերպված փակեցին ուսանողների բերանը

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին ԵՊՀ-ում գիտխորհրդի նիստ էր հրավիրվել։ Գիատական խորհուրդը անդամների մեկ երրորդի խնդրանքով հավաքվել էր, քվորում կար, սակայն օրակարգը այդպես էլ չհաստատվեց։ Նիստը նախագահող, ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը նույնիսկ չհաշվեց օրակարգի հաստատմանը դեմ քվեարկողների ձայները՝ հայտարարելով, որ նիստը ավարտված է։

Բանն այն է, որ գիտխորհրդի ուսանող անդամները օրակարգային 2 հարց էին ներկայացրել քննարկման՝  «ԵՊՀ գործունեության կարևորագույն հարցերի առնչությամբ որոշումների ընդունման գործընթացում ԵՊՀ գիտական խորհրդի գործուն մասնակցության ապահովման խնդրի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում»,և «ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագրի իրագործման ընթացքի մասին քննարկում», իսկ դասախոսներից որոշներն էլ միացել էին առաջարկին և ստորագրել: Ի սկզբանե խոսվում էր, որ փորձվելու է նիստը չեղարկել կամ հետաձգել, քանի որ առջևում ԵՊՀ 100-ամյակի միջոցառումներն են, իսկ նման օրակարգով նիստը ամենևին պատեհ չէ միջոցառումների նախաշեմին։ 

Գիտխորհուրդը նաև հնարավորություն ուներ նիստը ավելի ուշ գումարել, սակայն ընտրվել էր սեպտեմբերի 24-ը, ներկայացել էին գրեթե բոլորը, և մերժեցին օրակարգը՝ այդպես հարցը վերջնականապես փակելով։ Մերժողներից մեկն էլ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն էր։ Երբ ուսանողները նրան հարցրին, թե ինչո՞ւ դեմ քվեարկեց օրակարգի հաստատմանը, Գրիգորյանը պատասխանեց․

«Դուք կոռուպցիոն ռիսկերի մասին եք խոսում, մինչև այդ չէիք նկատում այդ կոռուպցիոն ռիսկերը։ Ես հարցազրույց եմ լսել, ասում են՝ կոռուպցիոն ռիսկեր։ Ասում եք՝ գիտխորհրդի դերակատարությունը անտեսվում է, բայց ոչ թե կառավարման խորհուրդն է անտեսում, այլ ձեր ընկերներն են վարկանիշը գցում խորհրդի։ Ասե՞մ ինչի համար․ ֆակուլտետի խորհուրդներում ընտրված դեկանները գալիս էին, փակ, գաղտնի քվեարկությամբ, թայֆաբազությամբ 20-30 հոգի դեմ էր քվեարկում։ Այդ դա է խորհուրդը վարկաբեկում։ Դա Ձեր միջոցով էին կազմակերպում»,-ասաց Գրիգորյանը։ 

Լրագրողների հետ զրույցում գիտխորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանը և ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեցին, որ նախադեպեր կան, երբ գիտական խորհուրդը որոշումներ է ընդունում, դա ուղարկվում է հոգաբարձուների խորհուրդ, իսկ այնտեղ այդ որոշումը ձևախեղվում է, ուստի ցանկանում էին քննարկել գիտխորհրդի նշանակության բարձրացման հարցը։

Որպես օրինակ ուսանողները բերեցին կառուցվածքային փոփոխությունները, որոնք ի սկզբանե այլ տեսք են ունեցել, սակայն հոգաբարձուների խորհուրդը այն լրիվ այլ տեսքով ընդունեց։ Բացի այդ, ուսանողները նաև ցանկանում էին քննարկել 100-ամյակի միջոցառումների հարցը և ստանալ  պատասխաններ, թե ինչո՞ւ որոշվեց 100-ամյակի միջոցառումները անցկացնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում․

«ԵՊՀ 100-ամյակի խնջույքը ժամանակին պլանավորված էր, որ պետք է տեղի ունենա «Ռենեսանսում» ՝ մեկ հոգու համար 10-12 հազար դրամով, բայց այժմ որոշվել է, որ դա պետք է անցկացվի «Ֆլորենսում»՝ մեկ հոգու համար 40 հազար դրամով, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք սա պայմանավորված է նրանով, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականն է։ Հարց է, որ բոլորին էլ կհետաքրքրի, այս սուղ պայմաններում 40 հազա՞ր, այդ հարցը  բոլորին էլ կհետաքրքրի։ Բոլորն էլ գիտեն, որ «Ֆլորենսը» պատկանում է Կարեն Կարապետյանին»,- ասաց Մաթևոսյանը

Թեմայի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Գեղամ Գևորգյանից, սակայն նա չցանկացավ հանդիպել մեզ հետ, փոխարենը հարցերին պատասխանել փորձեց պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, որը ասաց, թե ինքը գնումների գործընթացի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, բայց այդ ոլորտը համակարգող մասնագետն ասել է, որ ամեն բան օրինական է։ Բացի այս մեզ հայտնի դարձավ, որ տոնական միջոցառման հյուրերին «Ֆլորենս» է տեղափոխելու «Հյուս Սերվիս» ընկերությունը, որը, չնայած ռեկտոր Գեղամ Գևորգյանի հերքումների, հենց ռեկտորի անվան հետ է կապվում։