Քերոբյանը բարոյական պատասխանատվությունից է, որ խոստումը դրժելով՝ հրաժարական չի տալիս

Քերոբյանը բարոյական պատասխանատվությունից է, որ խոստումը դրժելով՝ հրաժարական չի տալիս

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը որոշել է այլևս կատակներ չանել։ Երեկ այդպիսի տպավորություն ստացանք կառավարության նիստից հետո նրա տված ճեպազրույցից։ Բայց դա չի նշանակում, որ նա բավարար լրջություն է կուտակել իր մեջ՝ մեր հարցերին ամենայն լրջությամբ վերաբերվելու և պատասխանելու համար։ Քերոբյանը մեկ ցույց է տալիս, որ նեղացած է մեզնից, մեկ՝ իբրև լավություն, ցույց է տալիս, որ լավ՝ այս մի հարցին կպատասխանի, հետո նորից հրաժարվում է իրեն դուր չեկած հարցին պատասխանել։ Մի խոսքով՝ դեռ նրա մոտ ամբողջությամբ չի ձևավորվել այն կերպարը, որի մեջ նա պետք է մտնի՝ իբրև նախարար։ Մի կողմից փորձում է ցույց տալ, որ տքնաջան աշխատում է, գործ է անում, մյուս կողմից դարձյալ անհեթեթ պատասխաններ է տալիս իր աշխատանքի պտուղները չտեսնելու վերաբերյալ հարցերին։

Երեկ, երբ նրան ուղղեցինք առաջին հարցը՝ կապված ռեստորաններում QR կոդ պահանջելու հետևանքով այցելուների քանակի նվազման հետ, Քերոբյանը նախ առաջարկեց լսել, թե ինչ հրաշալի նախագծեր է նա ներկայացրել կառավարության նիստում։ Պատմեց, կիսվեց, ակնկալեց՝ տեսնել դրականը, երևի տեսանք, հետո անցավ մեր հարցերին։

«Այո, դուք ճիշտ եք, մեր փորձը ցույց է տալիս կամ արդեն էս մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով է  ընկել, ոչ թե 70 տոկոսով, ինչպես ասում են։ Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը, բայց էստեղ կարևոր մաս կա, որը վերաբերում է նրան, որ էստեղ մենք չենք խոսում միայն պատվաստվածների մասին, այլ կան մարդիկ, ովքեր պատվաստված են, բայց նաև վարակված են, և նրանք, ըստ էության, չեն կարող մտնել ռեստորան։ Եվ դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել շրջանառությունը»,-ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ երբ տեսնեն՝ իրավիճակը դուրս է գալիս նորմայի սահմաններից, այլ բաներ կնախատեսեն։

Հետաքրքրվեցինք՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանում կայացած Սուրեն Պապիկյանի հարսանիքին իրենից ու կառավարության մյուս անդամներից QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ։

Այստեղ Վահան Քերոբյանը սկսեց տարօրինակ վարք դրսևորել։ Նա մեզ մեղադրեց «շատ հաճախ իր ասածները խեղաթյուրելու» մեջ, ուստի որոշել է միառժամանակ մեր հարցերին չպատասխանել։

Հարցրինք՝ ինչքա՞ն հաճախ ենք խեղաթյուրում և ե՞րբ ենք վերջին անգամ խեղաթյուրել, Քերոբյանը հիշեցրեց «Հրապարակում» տպագրված մի հոդված, որտեղ գրել էինք, թե «բացահայտվեց Քերոբյանի սուտը»։ Կյանքում երբեք չստած, անգամ տնտեսական երկնիշ աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու խոստումը չկատարելուց հետո «չստած» նախարարը նեղվել է, որ գրել էինք՝ բացահայտվեց իր սուտը, ուստի որոշեց, որ չպետք է  պատասխանի մեր հարցերին։

Հետո, ինչպես ասում են, կակղեց ու երևի այս անգամ էլ որոշեց, որ կատակ է արել՝ կարելի է պատասխանել մեր հարցերին։ Օրինակ, երբ նույն հարցը տվեց արդեն այլ լրագրող, Քերոբյանն ասաց՝ տեղեկություն չունի, թե ով է ցույց տվել QR կոդ, մենք նրան հարցրինք՝ իսկ ինքը QR կոդ ցույց տվե՞լ է։ «Ես երկու օր առաջ հրապարակային պատվաստվել եմ բուստերով, և դրա մասին բոլորը գիտեն, և իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»։

Հարցրինք՝ չե՞ն պահանջել իրենից QR կոդ, քանզի պարտավոր էին պահանջել, նախարարն ասաց․ «Ճիշտն ասած՝ չեմ հիշում»։

Հետո նորից որոշեց, որ չպիտի պատասխանի մեր հարցերին, բայց կարճ ժամանակ անց նորից փոշմանեց ու պատասխանեց։

Օրինակ, երբ անդրադարձանք իր հրաժարական չտալու և Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ինքն է արգելել Քերոբյանին, որ հրաժարական տա, և նա նախ ասաց․ «Ես կարող եմ ասել, օրինակ, հա՞, իսկ ի՞նչ կարծիքի է սրա մասին, ինքը կարող ա ասի` ես արգելում եմ, դա չի նշանակում, որ ես ուզում եմ հրաժարական տալ»: Մեր հարցին՝ եթե վաղը ցանկանա հրաժարական տալ, և Նիկոլ Փաշինյանը թույլ չտա, ի՞նչ կանի, Վահան Քերոբյանը նորից փոխեց իր վերաբերմունքը մեր հանդեպ ու հայտարարեց․ «Էս հարցին կպատասխանեմ»: Ապա սկսեց բացատրել, որ երբ մարդ դառնում է նախարար, ու ինքն ուզում է արդյունք տալ, նրա համար անհրաժեշտ է ժամանակ, ուստի սխալ է համարում, որ պաշտոնյաներն իրենց պաշտոնավարման ժամկետից շուտ ազատվում են աշխատանքից:
«Հետևաբար, երբ որ ինչ-որ մեկը գալիս է և կարևոր պետական պաշտոն է զբաղեցնում, պետք է հասկանա, որ ինքը չունի էդ ազատությունը` երբ ուզի գնա: Իր հետ ազգը կապել ա մեծ հույսեր։ Եվ չափազանց անպատասխանատու է առաջին իսկ հարմար կամ անհարմար առիթով գնալ, և էդ տեսանկյունից հիմա մենք ականատես ենք, հա՞, էկոնոմիկայի նախարարությունում միջինը մեկ-մեկուկես տարում մի նախարար է փոխվել վերջին 20 տարվա ընթացքում, և էդ փոփոխությունների ընթացքում բազմաթիվ կիսատ անելիքներ են ձևավորվել, որոնց համար մենք՝ որպես հասարակություն, վճարել ենք։ Բնականաբար, լավ արդյունքներ ստացվում են երկար աշխատանքի ընթացքում, և ես կարծում եմ՝ այո, նախարարները սահմանափակված են իրենց գործը լքելու ազատությամբ։ Բայց դա բարոյական պատասխանատվություն է»:

Փաստորեն, Վահան Քերոբյանը բարոյական պատասխանատվությունից է, որ խոստումը դրժելով՝ հրաժարական չի տալիս։ Իհարկե, չենք կարծում, որ այսօր, նաև հենց Քերոբյանի ներկայացրած տրամաբանությունից ելնելով, ճիշտ է, որ նա հրաժարական տա։ Եկել է, թող մնա, աշխատի, իրականացնի իր ծրագրերը, որ վաղը, երբ պաշտոնավարման ժամկետը լրանա, նաև հաշվետու լինի հանրության առջև՝ ինչ է արել,ինչ չի արել, այլ ոչ թե մեկ տարի անց մի «ստից խոստման» պատճառով ազատվի պաշտոնից ու որևէ պատասխանատվություն չկրի տնտեսությունը «վարի տալու» կամ հակառակը՝ արժանանա դափնիների տնտեսական եռացատկ թռիչքներ ապահովելու համար։