Աշխարհում դոլարը արժևորվում է, Հայաստանում՝ արժեզրկվում․ ինչու

Աշխարհում դոլարը արժևորվում է, Հայաստանում՝ արժեզրկվում․ ինչու

2016 թվականի կեսերից մինչև 2020 թվականը ԱՄՆ դոլարի փոխարժեքը կայուն է եղել, 2020 թվականի համավարակով, սահմանափակումներով պայմանավորված եղել են տատանումները 10 դրամի չափով։ Մինչդեռ այս տարվա փետրվարի 24-ից սկսած, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, դոլարը սկսել է արժեզրկվել՝ 500 դրամից նվազելով մինչև 405 դրամի։ Հետաքրքիր ֆենոմեն է, քանի որ ամբողջ աշխարհում դոլարն արժևորվում է, իսկ մեր երկրում հակառակն է։

«Փետրվարի 24-ից մինչ օրս եվրոյի նկատմամբ դոլարն արժևորվել է 13%-ով, չինական յուանի նկատմամբ՝ 7%-ով, ճապոնական իենի նկատմամբ՝ 21%։ Աշխարհի գրեթե բոլոր արժույթների նկատմամբ դոլարը վերջին 3-4 ամիսներին արժևորվել է։ Փետրվարի 24-ից մինչ օրս փաստացի դոլարն արժեզրկվել է 18%-ով, իսկ մարտի կեսերից առ այսօր՝ ավելի քան 20%-ով։ Այս մասին քիչ առաջ «Դրամի արժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների» վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում նշեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«Միջինում դոլարն արժևորվել է 10-12%-ով, իսկ Հայաստանում արժեզրկվել է 18%-ով։ Արժեզրկման պատճառը մեր երկրի տնտեսության հիմքերի ամրացումը չէ։ Այնպես չէ, որ մեր տնտեությունը կայունացել է, զարգանում է, դրա համար մեր արժույթն արժևորվում է։ Պատճառը իրականում արտերկրից եկող դոլարային մեծ հոսքերն են»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից փոխանցումները կտրուկ ավելացել են։ Այսպիսով, այս տարվա մարտին այն կազմել է 51 մլն դոլար՝ նախորդ տարվա մարտին 25 մլն-ի դիմաց, ապրիլին դոլարի հոսքը դեպի Հայաստան աճել է 3,5 անգամ, մայիսին՝ ավելի քան հինգ անգամ»,- հավելեց նա։