Իսկ որո՞նք են «ֆեյք» ընկերությունները

Իսկ որո՞նք են «ֆեյք» ընկերությունները

Կառավարության նիստում երեկ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գնումների ոլորտի կարգավորման մի նախագիծ, որի հիմնական էությունը «ֆեյք» ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացին բացառելն է։ Ի դեպ, «ֆեյք ընկերություններ» բնորոշումը երեկ կառավարության նիստի ժամանակ տվեց վարչապետը՝ նկատելով, թե այսօր բազմաթիվ ընկերություններ կան, որոնք ցույց են տալիս, թե ընկերություն են, բայց իրականում դա չեն: Տարիներ շարունակ գնումների ոլորտում կոռուպցիոն մեխանիզմներ ու «ատկատներ» են գործել այդ «ֆեյք» ընկերությունների մասնակցությամբ, որոնք վերջին պահին, բացարձակ որեւէ կապ չունենալով տվյալ ոլորտի հետ, մտել են դաշտ ու ցածր գին առաջարկելով՝ հաղթել մրցույթներն ու խանգարել մյուս ընկերությունների մասնակցությանը։ Հետո կա՛մ չեն կարողացել պատշաճ որակով ծառայություն մատուցել, ապրանք մատակարարել, կա՛մ իրենց հաղթած մրցույթը «ծախել» են այլ ընկերությունների՝ արանքում շահույթ ապահովելով մի քանի շահագրգիռ սուբյեկտների, այդ թվում՝ պետական որոշ չինովնիկների համար։ Եվ ֆինանսների  նախարարությունը՝ ի դեմս Ատոմ Ջանջուղազյանի, որը քաջ տիրապետում է այս ողջ մեխանիզմին ու մինչեւ հիմա որեւէ քայլ չէր ձեռնարկում այս ուղղությամբ, երեկ որոշել է շտկել բացթողումը։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։

«Պետք է հրաժարվել դրանցից: Գնումներին շինծու մասնակցությունների հարցը սրանով լուծվում է: Այլեւս ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող գնումներին մասնակցել: Թող գնան բերեն բանկային երաշխիք: Հեչ հաճելի չէ գնում անել, մրցույթ կազմակերպել, տալ, հետո քրեական գործ հարուցել եւ 5 տարի քննել այդ գործը: Պետք է ռիսկերը նախապես կառավարել: Երկիրը բոլոր ոլորտներում յոլա գնալու տրամաբանությունից պետք է դուրս գա»,- զայրացած տոնով հայտարարեց վարչապետը։ Իսկ ինչպե՞ս է որոշվելու՝ որն է «ֆեյք» ընկերություն, որը՝ ոչ։ Մանավանդ մեզ ասացին, որ նախկինում էլ գործել է բանկային երաշխիքների համակարգը։

Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս որոշմամբ իրենք պայմանագրի կառավարման որակի ապահովման համակարգ են ներդնում, որը, իր կարծիքով, կբացառի ոչ պատշաճ սուբյեկտների կողմից պայմանագրերի կնքման եւ ձախողման ռիսկերը։

- Այդ «ոչ պատշաճ սուբյեկտները» վարչապետի ասած «ֆեյք» ընկերություննե՞րն են։

- Դե, եթե էդպես ասենք՝ այո։

- Իսկ ինչպե՞ս է որոշվելու՝ որ ընկերությունն է «ֆեյք», որը՝ ոչ։

- Դա չի որոշվելու, դրա հաղթողը բերելու է իր գնային առաջարկի 100 տոկոսի չափով ապահովում՝ բանկային երաշխիքի ձեւով։

- Այսինքն՝ մինչեւ հիմա այդ երաշխիքները չե՞ն եղել, օրենքում այդ մասով բա՞ց է եղել։

- Չէ, եղել են երաշխիքներ, ուղղակի դրանք բավարար չեն եղել, եւ հիմա մենք ավելի խստացնում ենք։

- Այսինքն՝ տարիներ շարունակ գնումների գործընթացին մասնակցած «ֆեյք» ընկերությունները տվել են ցածր գնային առաջարկ ու իրական ընկերություններին դուրս մղել մրցույթից՝ որոշակի մանիպուլյացիաներ իրականացնելով։

- Չէ, հիմա էլ չի կարողանա մանիպուլյացիաներ անի, որովհետեւ բանկային երաշխիքներ են աշխատելու, կամ կարող է փորձի, բայց արդեն ֆինանսական գնահատական է իր վրա ունենալու, եւ էնպիսի ապահովման մեխանիզմ է աշխատելու, որ չի կարողանալու ուղղակի էդ գումարի վճարումից խուսափի։

- Հիմա այս նախագծով բացառվելո՞ւ է այդ «ֆեյք» ընկերություների մասնակցությունը գնումների գործընթացին։

- Մեր կարծիքով՝ այո։

- Իսկ այս տարիներին շա՞տ են եղել նմանօրինակ ընկերություններ։

- Որոնք որ «սեւ ցուցակում» են՝ այո։

ՀԳ․ Սակայն հարց է ծագում՝ արդյոք բանկերը կհամաձայնե՞ն 100 տոկոսի չափով երաշխիքներ տրամադրել ընկերություններին։ Առանց այն էլ հայտնի է, որ մեծ թվով քրեական գործերի պատճառով նաեւ այս տարի տենդերներին մասնակցության մեծ ցանկություն չի արձանագրվել, եւ մեծ թվով մրցույթներ չեն կայացել։