Շուտով կսկսվի դատական փուլը․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ-ում խաղաղապահների զոհվելու մասին
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների մահվան փաստի առթիվ քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանում և Ադրբեջանում, շուտով կսկսվի դատական փուլը: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խաղաղապահների մեքենայի գնդակոծման և դրա հետևանքով զինվորականների մահվան գործի հետաքննությունը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազություններն ու քննչական մարմինները սերտ կապի մեջ են այս հարցի շուրջ։ Հետաքննությունը շարունակվում է, և մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Հիշեցնենք՝ 2023թ․ սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենա է գնդակոծության ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները մահացել են։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ զոհված 5 խաղաղապահների թվում է եղել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան 52-ամյա Իվան Կովգանը։
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հայտարարումից առաջ, ադրբեջանական զինուժը ռուսական ուղղաթիռ էր խոցել, երկու օդաչուները զոհվել էին, երրորդին հաջողվել էր ողջ մնալ։
Կարծիքներ