Ոչ ոք իրավունք չունի մաշված, ժամկետանց գիրքը տա երեխային

Ոչ ոք իրավունք չունի մաշված, ժամկետանց գիրքը տա երեխային

Դպրոցական դասագրքերի խնդիրը մշտապես ակտուալ է եղել  կրթական համակարգում, իսկ մաշված դասագրքերի դեպքում՝ առավել եւս։ Թեպետ ամեն տարի հստակ սահմանվում է յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը, ինչպես նաեւ օգտագործման ժամկետը՝ 5 տարի, բայց, ահազանգերի հետքերով եւ մի քանի դպրոցների օրինակով, կարողացանք պարզել, որ շատ դեպքերում մաշված դասագրքերի դիմաց շարունակում են գումար գանձել, անգամ այն դեպքում, երբ օգտագործման ժամկետը լրացել է։  

Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանն ասում է, որ կան դասագրքեր, որոնք օգտագործման 4 տարվա ժամկետ ունեն, եւ կան 5 տարվա ժամկետ ունեցողներ, նախարարն իրավունք ունի մեկ անգամ երկարացնել դասագրքերի օգտագործման ժամկետը․ «Հանրակրթությունում միայն մի դեպք է եղել, որ դասագրքերի օգտագործման ժամկետը երկարացվել է՝ հաշվի առնելով, որ այդ գրքերը կան։ Դա եղել է ավագ դպրոցում, որովհետեւ ժամանակին, երբ ձեւավորվեցին ավագ դպրոցները, եւ չգիտեին, թե քանի մարդ կգնա ավագ դպրոց, մեծ տպաքանակով տպեցին ու տվեցին դպրոցներին, օրինակ՝ եթե մի դպրոցում կար 10 երեխա, իրեն տվել էին 12-15 հատ գիրք, դրա պատճառով գումարը շատ էր ծախսվել, չէր վերականգնվում, դրա համար օգտագործման ժամկետը մեկ տարով երկարացվեց»։

Գասպարյանն ընդգծում է, որ օգտագործման ժամկետից դուրս ոչ ոք իրավունք չունի գրքերը հանձնել երեխաներին եւ գումար պահանջել․ «Դա բացառվում է․․․ եթե անգամ անում էլ են, ուղղակի ոչ ճիշտ քայլ են անում․․․»։ Այդուհանդերձ, նման դեպքեր կան, ինչպե՞ս են փորձում վերահսկել գործընթացը։

«Մենք ունենք ավտոմատացված համակարգ, մտնում՝ այդ համակարգում տեսնում ենք, որ, օրինակ, մի դպրոցն ունի 10 երեխա, բայց ունի 9 գիրք, ասում ենք՝ բա այդ մի գիրքը որտեղի՞ց եք տալիս երեխային։ Տվյալ դպրոցը պետք է անպայման մեզ հիմնավորի, որ կողքի դպրոցներից մեկն ավել գիրք ունի՝ մեկ տարի օգտագործման ժամկետով, եւ իրենցից վերցրել տվել է տվյալ երեխային։ Ոչ ոք իրավասու չէ հին, ժամկետանց գիրքը տա երեխային, կրթության, գիտության նախարարն ամեն տարի երաշխավորում է դասագրքերի ցանկ, որտեղ հստակ գրված է, թե որ թվականի հրատարակված գիրքն է իրավասու դպրոցում օգտագործել։ Մեր զսպման ամենալավ ճանապարհը դա է, դպրոցները հատ-հատ ստուգում ենք, կարող է բացառիկ դեպքեր լինեն, չեմ կարող ասել, որ 100 տոկոսանոց կոնտրոլը պահում ենք, բայց այդ ուղղությամբ մաքսիմումն արվում է»։

Ըստ Գասպարյանի՝ շատ կարեւոր է, որ դպրոցը ճիշտ կանխատեսում եւ պլանավորում անի, որ վերջում 100 աշակերտի դիմաց 90 գիրք չստանա։ Ծնողներն իրենց էլ են զանգահարում եւ  դժգոհություններ հայտնում, ինքը չի էլ ժխտում՝ կազմակերպական բնույթի թերություններ շատ կան, բայց ավտոմատացված համակարգի ներմուծումից հետո դրանք մեկ տոկոս էլ չեն կազմում, որովհետեւ ամեն ինչ հստակ երեւում է՝ անուն-ազգանուններով, թե որ երեխան ինչ գիրք է վերցրել։ Առաջիկայում պատրաստվում են դասագրքերի օգտագործման հարցը բարելավելու ուղղությամբ նախարարությանն առաջարկություն ներկայացնել։ Նա նկատում է՝ դիցուք, 8-րդ դասարանում մաթեմատիկան անցնում են 4 անգամ, իսկ երաժշտությունը՝ 1 անգամ։ Դա նշանակում է, որ այդ գրքերի օգտագործման շեմն էլ է փոխվում․ «Մենք ուզում ենք այդ սահմանը փոխել եւ դարձնել 3-6 տարի։ Հույս ունենք, որ հաջորդ մրցույթի ժամանակ կլինի այդպես, որպեսզի հնարավորինս քիչ մաշված գիրք օգտագործվի»։

Դասագրքերի ներդրումային գումարի չափն այսօր միջինը տատանվում է 300-490 դրամի սահմանում, բացառությամբ 2 գրքի, որ քիչ տպաքանակով է լույս տեսնում․ խոսքը ֆրանսերենի եւ գերմաներենի դասագրքերի մասին է։ «Օրինակ՝ 6-րդ դասարանում երեխաները 23 դասագիրք են օգտագործում, որոնց իրական արժեքն իրար հետ կազմում է 42 հազար դրամ, բայց այս համակարգով ծնողը մեկ տարվա համար վճարում է մոտավորապես 5 հազար 600 դրամ»։ Այդ վճարը կազմում է դասագրքի արժեքի 1/5-ը՝ 5 տարվա դեպքում, եւ 1/4-ը՝ 4 տարվա դեպքում։

Դասագրքերի մաշվածության խնդիրն ինչ-որ չափով լուծելու համար մեկ այլ ճանապարհ են գտել․ բոլոր դասագրքերը՝ 5-12-րդ դասարանների, թվայնացված տեղադրված են իրենց կայքում, որտեղից դպրոցներն անվճար կարող են օգտվել։ «Բացի դրանից, QR կոդեր ենք ստեղծել, հեռախոսը պահում ես, եւ միանգամից գիրքը գալիս է։ Այս դեպքում կարող են գիրքն իրար ուղարկել, գրքում ընդգծումներ անել։ Բոլոր դասարաններին կցված է այդ համակարգը»,- ասում է Գասպարյանն ու հավելում, որ դասագրքերը, որոնք տրվում են դպրոցներին, 5 տարվա օգտագործման ժամկետի ավարտից հետո, կարգի համաձայն, պետք է դուրս գրվեն․ «Ոչնչացնում են, թե ինչ են անում՝ դժվարանում եմ ասել, բայց, օրենքի համաձայն, դպրոցը պետք է դուրս գրի, մնացածն իրենց որոշելիքն է»։