Աշխարհին նվիրել ենք մեծություններ, իսկ մեզ՝ «պողոսներ»

Աշխարհին նվիրել ենք մեծություններ, իսկ մեզ՝ «պողոսներ»

Երևի միակ մարդն եմ, ով անընդհատ անդրադառնում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» թեզին: Եվ, զարմանալիորեն, չեմ տեսնում ուրիշ մեկին, որ ինձ նման կռիվ տար դրա դեմ: Իսկ անընդհատ անդրադառնալուս պատճառը ոչ թե «սիրահարվածությունն» է այդ արտահայտությանը կամ դրա հեղինակին (հեռու, չար ոգի), այլ կա ավելի լուրջ պատճառ: Դա այդ կեղծ ու սխալ դատողության վտանգավորությունն է: Վտանգավոր է, քանի որ սխալ լինելով հանդերձ՝ վերը նշված անձն անընդհատ առաջնորդվում է այդ դրույթով: Ինչն արդեն բազմաթիվ դժբախտություններ է բերել մեր հայրենիքին ու շարունակում է ազգակործան այդ ընթացքը: Այդ թեզը պատերազմից 10 օր առաջ գրված ծավալուն ֆեյսբուքյան գրառման վերնագիր էր դրվել: Պատերազմը սկսվելուց կամ խայտառակ պարտությունից հետո հեղինակը, բնականաբար, այլևս չանդրադարձավ դրան: Չնայած գրելու օրն անընդհատ փորձում էր մեր ուշադրությունը սևեռել այդ գրառման վրա: Գրառման հիմնավորումներն արդեն մոռացել եմ, բայց վերնագիրը մնաց հիշողությանս մեջ: Եվ չէր կարող չմնալ, քանի որ հեղինակի բոլոր գործողությունները պայմանավորված են հենց այդ դատողությամբ. անել այնպիսի քայլեր, որոնք չեն ընկալվում ուրիշների կողմից ու այդ պատճառով համարվում են սխալ: Իսկ վերջում կյանքը կվկայի, որ հենց դա էր ճշմարիտ ճանապարհը: Ահա դա է նրա վարքագծի նշանաբանը:

Ասեմ, որ այդ նշանաբանը գալիս է թե՛ 2018-ի մայիսին փողոցի ուժով իշխանությունը բռնազավթելուց և թե՛ դրանից շատ առաջվա իր գործունեությունից: Նույնիսկ ենթադրում եմ, որ դրա արմատները գտնվում են նրա մանկությունում: Ենթադրությունս հիմնված է բոլոր այն տեղեկությունների վրա, որ իմացանք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում: Եթե հոգեբան լինեի, ապա կփորձեի ներկայացնել նրա հոգեբանական ծավալուն պատկերը՝ սկսած մանկությունից: Այնուամենայնիվ, փորձեմ արձանագրել գոնե առանցքային դրվագները: Քանի որ չի գտնվել մի ուսուցիչ, որը գոնե 2018-ին գովեր իր աշակերտ Նիկոլին, ապա ենթադրվում է, որ դպրոցում նա չի փայլել: Սակայն դա չի խանգարել նրա բուհ ընդունվելուն: Սա կարելի է համարել վերը նշված նշանաբանի ձևավորման առաջին ազդակը կամ փորձառությունը: Երկրորդի առումով կասկածներ չկան՝ նա թերի է թողել բուհական ուսումը, ինչը չի խանգարել, որ սկզբում որպես լրագրող աշխատեր այս կամ այն խմբագրությունում, իսկ կարճ ժամանակ անց նրան վստահվեր գլխավոր խմբագրի պաշտոնը: 

Երրորդ փորձառությունը ձգվում է մի քանի տարի, և դրա  մասին իմանում ենք նրա հետ շփված լրագրողների կամ քաղաքական գործիչների պատմություններից: Օրինակ՝ հանուն գումարի շորթման՝ ծծկեր երեխայի ոսկե ծծակի մասին կեղծ պատմությունը՝ հրապարակված փաշինյանական օրաթերթում: Այնուհետև սկսվում է զուտ քաղաքական գործունեությունը: Եվ այն համատարած սխալների շարան է, որն անընդհատ երջանիկ ավարտ է ունենում: Բայց այդ ավարտները ոչ թե իր ջանքերի, այլ ժամանակի քաղաքական իրադրության և դրա համատեքստում այս կամ այն քաղաքական գործոնի կամ անձերի շնորհիվ էին: Եվ, իհարկե, «սխալի ու ճշմարտի» պսակը 2018-ի մարտի 31-ին Գյումրիից Երևան քայլելու նրա թատերական ներկայացումն էր: Եվ մայիսյան «հաղթանակն» ընդդեմ Սերժի: Ի դեպ, քայլերթային շոուն կրկնում էր Մուսոլինիի «հռոմեական» և Մահաթմա Գանդիի «աղային» արշավները (Հիտլերի «գարեջրային խռովությունն» այլ բնույթ ուներ): Սակայն անցյալ տարի Երևանում կանգնեցվեց Մահաթմա Գանդիի արձանը՝ անարդարացիորեն  մոռացության մատնելով այդ երևույթի սկզբնավորողին՝ իտալացի ֆաշիստ Բենիտո Մուսոլինիին: Եվ շատ ավելի արդարացի կլիներ, եթե կանգնեցվեր հենց վերջինիս արձանը, քանի որ քայլելու արդյունքում ստեղծված իրականությունը հենց մուսոլինիական է և ոչ թե գանդիական:

Հանուն արդարության պետք է ասվի, որ որպես գրագետ մանիպուլյատոր՝ Փաշինյան Նիկոլը կարողացել է իրեն ծառայեցնել «սխալի ու ճշմարտի» բոլոր անցումները: Խոսքը գնում է, բնականաբար, միայն Հայաստանի ներքին կյանքի մասին: Դա փորձեց անել նույնիսկ խայտառակ պարտությունից հետո, և զարմանալիորեն դա նրան հաջողվեց: Ճիշտ է, հաջողվեց անգրագետ «պողոսների» (իր ուսապարկերից մեկի բնորոշմամբ) շրջանում, բայց, դժբախտաբար, դրանք են կազմում ընտրողների մեծամասնությունը: Արդյունքում «սխալի ու ճշմարտի» հաղթարշավը շարունակվեց 2021 թվականի հունիսյան ընտրության հաջողության շնորհիվ: Դրանով պայմանավորված՝ շարունակվեց նաև Հայաստանի Հանրապետության պարտությունների շարանը: Պարտություններ, որոնք մանիպուլյատորի կողմից ներկայացվում են որպես 100 տոկոսանոց հայաստանպաստ լուծումներ: Իրականում, իհարկե, հակառակն է, և սա այն դեպքն էր, երբ գրագետ և խելացի անձնավորությունը (չշփոթել գրագետ մանիպուլյատորի հետ) պետք է մի պահ կանգ առներ ու խորհեր հետևանքների մասին: Նույնիսկ հանուն իր իշխանության արժանապատիվ շարունակման: Սակայն քանի որ վերը հիշատակված «պողոսների» մեծամասնությունը չի կարող լինել այդպիսի անձանց ամբողջություն, ապա նրանց մարմնավորող ու նրանց ընտրյալը պետք է լիներ հենց իրենց նման մեկը: Ինչը և մենք տեսնում ենք անընդհատ, տեսնում ենք ու զարմանում: Զարմանում ենք ՝ մտածելով, որ մենք աշխարհին Նարեկացի ու Խաչատրյան ենք նվիրել, Համբարձումյան ու Մերգելյան ու բազմաթիվ այլ մեծություններ: Իսկ մեզ՝ «պողոսներ»: