«Հրապարակ». Փող վատնելու հերթական խողովակ՝ «Էնթերփրայզ Արմենիա» անունով

«Հրապարակ». Փող վատնելու հերթական խողովակ՝ «Էնթերփրայզ Արմենիա» անունով

Հայաստանում անգլերեն անունով իշխանածին մի նոր կազմակերպություն է գործում, հերթական անհասկանալի ֆոնդը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Այն ստեղծվել է մեկ տարի առաջ եւ կոչվում է «Էնթերփրայզ Արմենիա»։ Դրա ստեղծողները չեն էլ ջանացել հայերեն թարգմանել անվանումը, ինչպես, օրինակ, արել են ԱՆԻՖ-ի՝ Armenian National Interests Fund, «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի» դեպքում, եւ ՀՀ հասարակ քաղաքացին ու գյուղացին լեզուները կոտրելով են արտաբերելու «Էնթերփրայզ Արմենիա» անունը, եթե, իհարկե, կարողանան այն հիշել։ Չնայած՝ այս ֆոնդը հասարակ քաղաքացու ու գյուղացու համար չէ, թեեւ անունը ներդրումների աջակցության հիմնադրամ է։ Դրա պաշտոնական կայքում բացատրվում է, որ հիմնադրամի առաքելությունը Հայաստանի հեղինակության բարելավումն է՝ որպես գրավիչ եւ մրցունակ ներդրումային ուղղություն, ներդրումների խթանումը, ներդրողների հետ ամուր կապերի հաստատումը ու էլի լիքը լավ բաներ, որոնք լսելով՝ ներդրողները՝ օտարերկրյա ու տեղական, պետք է աղն առնեն ու վազեն այս «Էնթերփրայզ Արմենիա» կոչված «խիարի» ուղղությամբ՝ էժան ու որակով ծառայություններ ստանալու։

Մարտի 17-ին այս «Էնթերփրայզ» այցելեցին Նիկոլ Փաշինյանը՝ փոխվարչապետերի, էկոնոմիկայի նախարարի, այլոց հետ, որ տեսնեն, թե ինչով է զբաղվել իրենց ղեկավարած կառույցը 2022 թվականին։ Կառավարությունը հաղորդեց, որ 3 հիմնական ուղղությամբ է աշխատել կենտրոնը՝  օտարերկրյա եւ տեղացի ներդրողներին «մեկ պատուհան» սկզբունքով ուղեկցել է ներդրումներ իրականացնելու գործընթացում, հետներդրումային սպասարկում է կատարել եւ նոր ներդրումներ է ներգրավել, որը մեր նոր կառավարիչների լեզվով հնչում է այսպես՝ Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում։

Թե ինչ ուժով է առաջ մղվել այս իլյուզոր միջավայրը, կարելի է պատկերացնել 2022 թվականի ներդրումների անկման ցուցանիշից։ Թարսի նման, հենց այս հիմնադրամը սկսեց աշխատել, ներդրումները Հայաստանում անկում  ապրեցին։ Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի տվյալների, 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին դրանք նվազել են 65 տոկոսով կամ 49 մլրդ-ով։ Հետագայում աճ գրանցվեց, բայց այդ թվերն արդեն ոչ մի առնչություն չունեն ո՛չ Հայաստանի ներդրումային գրավչության, ո՛չ էլ նման կառույցների գործունեության հետ, այլ պայմանավորված էին ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով այնտեղից փախչող գումարների՝ Հայաստան հոսքով, երբ այստեղ հարյուրավոր ձեռնարկություններ էին բացվում։ 

Ի վերջո, ի՞նչ է արել հիմնադրամը մեկ տարում։ Զեկուցվել է, որ հաշվետու տարում «Էնթերփրայզ Արմենիա» են դիմել ավելի քան 610 գործարար եւ ներդրող, իսկ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։ Աշխատանք է տարվել 280-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ: Ուղեկցվող ընթացիկ ներդրումային ծրագրերի թիվը 40 է՝ 2.4-3.2 մլրդ ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով, արդեն մեկնարկել է 26 ծրագիր՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով:

Ահա, անգլալեզու անվանումով այս ֆոնդն այսպիսի՝ բրեժնեւյան ոճով հաշվետվություն է ներկայացրել վարչապետին։ Բայց ակնկալվող ծավալը դեռ փաստ չէ, իսկ ֆոնդի աշխատողներն ամեն օր ուտել են ուզում, աշխատավարձ են ստանում, թվեր են տանում ՀՀ բյուջեից։ Որքա՞ն է ստացել այս ֆոնդը պետությունից, քանի՞ աշխատող ունի, ի՞նչ աշխատավարձեր է վճարում իր աշխատողներին։  Ոչ մի հրապարակված տեղեկություն այս մասին գոյություն չունի։ Անգամ վարչապետին ներկայացված հաշվետվության մեջ գումարային տվյալներ չկան։ «Այն զեկույցը, որը որ պատրաստված է, այդտեղ բովանդակային աշխատանքներ են»,- պատասխանում է ֆոնդի մամուլի պատասխանատու Պերճուհի Պետրոսյանը։ Նա չգիտի, թե ինչքան աշխատավարձ է ստանում պետությունից, չգիտի, թե քանի աշխատող ունի իրենց հիմնարկը։ Այդ բոլոր տեղեկություններին Պերճուհի Պետրոսյանը չի տիրապետում եւ պատրաստ է տրամադրել միայն գրավոր ընթացակարգով։ Այս գաղտնապահությունը, լրագրողներից խուսափելն ու նրանց գրավոր հարցումների անպտուղ դաշտ մղելը նորություն չեն ֆոնդերի վարքագծում։ Նրանք բոլորն էլ խուսափում են փողերի մասին խոսելուց։ Այս դեպքում խնդիրն այլ է։ Ներդրումների աջակցման կենտրոնը, եթե հավատանք այն ամենին, ինչ նկարագրված է դրա պաշտոնական կայքէջում, իրականացնում է էկոնոմիկայի նախարարության աշխատանքը։ Այդ բոլոր խնդիրների համար՝ արձագանքել ներդրողների խնդիրներին, պաշտպանել նրա շահերը, բավարարել նրա կարիքները, ՀՀ հարկատուները պահում են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ու նրա աշխատակազմը, որոնց վճարում են իրենց գրպանից, եւ հասկանալի չէ, թե ինչու է պետք այդ նույն հարցերով եւս մի կառույց պահել՝ առանձին աշխատողներով, գույքով, գործուղման փողերով։