Հայրենիք՝ առանց սև ու սպիտակի բաժանման

Հայրենիք՝ առանց սև ու սպիտակի բաժանման

Կորոնավիրուսի համավարակը կարծես ակտիվացրել է քաղաքական գործընթացները, նոր կուսակցություններ են բացվում, հեղափոխությունից հետո պասիվացած ուժերն են ակտիվանում։ Դա, թերեւս, իր բացատրությունն ունի․ իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը, դաշտում խաղացող եւ քաղաքական ամբիցիաներ հետապնդողները դիրքավորվում են իշխանությունների դեմ։ Շաբաթ օրը ոչ ստանդարտ պայմաններում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը, որը կազմակերպվել էր բացօթյա տարածքում։ Ներկա 100-ից ավելի մասնակիցները դիմակներով եւ ձեռնոցներով էին։ Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ ընտրվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով ԱԱԾ տնօրեն էր նշանակվել հեղափոխությունից անմիջապես հետո եւ ազատվեց անցած տարվա սեպտեմբերին։ Ձեւավորվեց նաեւ կուսակցության խորհուրդ՝ ղեկավար մարմին, կուսակցության նախագահը հայտարարեց, որ դիրքավորվում են աջ կենտրոնամետ դաշտում։ Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Վանեցյանն ուզում էր համագումար հրավիրել, պաշտոնապես տալ իր ղեկավարած ուժի գործունեության մեկնարկը, բայց զանգվածային միջոցառումների արգելքը կասեցրել էր նրա պլանները։ Եվ քանի որ հայտնի չէ, թե երբ կավարտվեն արտակարգ դրությունը եւ հավաքների սահմանափակումը, այդ պատճառով միջոցառումն անցկացվեց ոչ ստանդարտ պայմաններում։ Ուշագրավ է, որ Վանեցյանի քաղաքական մեկնարկը պաշտոնապես տրվեց ճիշտ նույն օրը՝ մայիսի 30-ին, երբ 5 տարի առաջ՝ 2015 թվականին, ձեւավորվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Ընդամենը զուգադիպություն է»,- վստահեցրին մեզ կուսակցությունից։ 

ԻՆՉՈ՞Ւ ԱՐՏԱՀԵՐԹ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԴԻՐ

Պարզվում է՝ դեռեւս 1990 թվականին պետռեգիստրում գրանցվել էր «Հայրենիք» անունով կուսակցություն՝ Ժասմին Ասրյանի նախագահությամբ։ Մասնագիտությամբ դերասանուհի Ժասմին Ասրյանը մշտապես ակտիվ է եղել հասարակական-քաղաքական դաշտում․ ի դեպ, ըստ համացանցային տեղեկատվության, նա է Հայաստանում գերմանական համայնքի հիմնադիրը, 2017-ին ՀՅԴ-ից առաջադրվել է պատգամավորության թեկնածու, այժմ ղեկավարում է Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներից մեկը՝ մշակույթի գծով։ Վանեցյանը երբ ցանկացել է նույն անվամբ կուսակցության փաստաթղթեր ներկայացնել պատկան կառույցներին, տեղեկացել է, որ արդեն կա նույնանուն կուսակցություն, բանակցել է Ասրյանի հետ, եւ որոշել են արդեն գրանցված կուսակցությունը ռեստավրացիայի ենթարկել։ Ի դեպ, Ժասմին Ասրյանը մնացել է կուսակցության խորհրդի կազմում՝ նա խորհրդի 9 անդամներից մեկն է։ Իսկ ովքե՞ր են մյուս անդամները։ Ուշագրավ կազմ է հավաքվել Վանեցյանի շուրջ։ 

Գաղափարական առումով բավականին խայտաբղետ է կազմը։ 9 հոգուց մեկը ժամանակին կարկառուն ՀՀՇ-ական Արա Սահակյանն է, Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Ազգային ժողովի փոխնախագահ, ապա՝ 2013-2018թթ․ Ղազախստանում Հայաստանի դեսպան։ Այդ պաշտոնից նրան հետ կանչեցին հեղափոխությունից հետո։ Ինտելեկտուալ անձնավորություն, ով 2008-ին տարանջատվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից։ Այն ժամանակ մամուլում գրվեց, որ Տեր-Պետրոսյանի անունից Մանուշակ Պետրոսյանն ասել էր՝ մի երեւա մեր գրասենյակում, իբրեւ թե իրենց հեղինակությունը տուժում է դրանից, չնայած ՀՀՇ-ական տարիների տարբեր գործիչներ այնտեղ էին։ 

Մյուսը քաղաքագետ Խաչիկ Գալստյանն է՝ Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակը։ Նա 2017թ. ընտրություններին Միհրան Պողոսյանի, ապա Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի նախընտրական քարոզչությունն էր կազմակերպում: Արսեն Բաբայանն ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի տեղակալն էր։ Մյուսը ՀՀԿ-ական ցուցակով պատգամավոր դարձած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի որդին է՝ Ռոբերտ Հարությունյանը, ով 2016-ից փոխարտգործնախարար էր աշխատում, ազատվեց հեղափոխությունից անմիջապես հետո։ Խորհրդի մյուս անդամներն են Նարինե Ադոնցը՝ տնտեսագետ, դասախոսում է բուհերից մեկում, 2017 թվականին «Ելք»-ից ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ է եղել։ Արմինա Դարբինյանը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի առաջին կինն է, երկար տարիներ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրենն է եղել։ Եվ վերջապես՝ երիտասարդ ֆինանսիստ Սոս Հակոբյանը։ 
Կուսակցական այս խճանկարն աննախադեպ ակտիվություն մտցրեց իշխանական ֆեյսբուքիստների եւ ֆեյքերի շրջանում, փորփրեցին եւ «աղացին» բոլորի «ոսկորները»։

Արա Սահակյանը չի նեղվում այդ արձագանքներից։ «Անհնար է բոլոր տեսակետներին անդրադառնալ, առավել եւս՝ լեզվի անհանգիստ շարժումներին։ Ինձ վերաբերողի մասով ասեմ՝ արդեն 20 տարի որեւէ կուսակցության անդամ չեմ։ Եվ, առհասարակ, որեւէ կուսակցության անդամագրվելն անձնական քաղաքական, արժեքային ընտրություն պետք է հասկանալ, ոչ թե հավերժ հավատարմության երդում։ Իսկ ՀԱԿ-ին դավաճանելու մասին ճչացողները թող խաղաղվեն՝ «Հայրենիք» կուսակցությանն անդամագրվելս որեւէ կերպ չի կարող առնչվել ՀԱԿ-ին, քանի որ ես ՀԱԿ-ի անդամ չեմ եղել»,- մեզ ասաց նա։ Այս օրերին, նրա խոսքով, շատերն են գրում, զանգում, գալիս գրասենյակ եւ աջակցելու պատրաստակամություն հայտնում։ «Դրական վերաբերմունքի այս մթնոլորտը խիստ պարտավորեցնող է։ Մարդիկ կարոտ են բանական, կշռադատված խոսքի, ոչ թե ավերող, այլ ստեղծարար աշխատանքի, իրական քաղաքական ընդդիմության, որը պատրաստ է համագործակցելու մյուս ուժերի, անհատների հետ։ Մարդիկ հասկանում են՝ եկել է համատեղ աշխատելու, պետությունն ու հասարակությունը ստի ու դատարկախոսության գերությունից ազատելու ժամանակը»։

«Հայրենիք» կուսակցության նպատակը, նրա խոսքով, համազգային միասնականության, հասարակության բոլոր խավերի խաղաղ համակեցության հաստատումն է, հրաժարում «նախկիններ»-«ներկաներ», «սեւեր»- «սպիտակներ», «հակահեղափոխականներ»-«հեղափոխականներ» բաժանումից, ընդդիմախոսների հետապնդումներից ու վրեժխնդրության յուրաքանչյուր դրսեւորումից։ Պարոն Սահակյանն ասում է․ «Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ծրագրային ելույթում հայտնեց, որ գործելու ենք աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում, որը, ինչպես հայտնի է, հիմնվում է ազգային, պահպանողական եւ սոցիալական ազատականության գաղափարների միահյուսման վրա։ Կուսակցությունը կարեւորում է ազգային մշակույթի, լեզվի, եկեղեցու եւ ընտանիքի բացառիկ դերը մեր ինքնության պահպանման համար, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորումը։ Մենք արտահայտում ենք բոլոր նրանց շահերն ու ձգտումները, ովքեր ցանկանում են կառուցել ժամանակակից մրցունակ պետություն՝ ժողովրդավարական կայացած ինստիտուտներով, օրինական եւ լեգիտիմ իշխանությամբ, զարգացող եւ առաջավոր անվտանգային, տնտեսական, գիտակրթական, սոցիալական համակարգերով, հզոր եւ մարտունակ բանակով»։ 

ԳԵՆԵՐԱԼԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՄԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է

Նորաթուխ կուսառաջնորդը համագումարում ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի պես մի աղմկոտ տեքստ էր պատրաստել, որտեղ ծայրից ծայր քննադատում էր գործող իշխանություններին, անդրադառնում իր հայտնի «կանգ առ» կոչին․ «Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։ Իրակա՛ն քաղաքականությամբ»։ Վանեցյանն առաջարկում է ծրագիր եւ գործելաոճ, որի հիմքում են «պատասխանատվությունը՝ ընդդեմ ինֆանտիլիզմի, ազնվությունը՝ ընդդեմ ստի եւ մանիպուլյացիայի, կարգապահությունը՝ ընդդեմ ամենաթողության, միասնականությունը՝ ընդդեմ պառակտման, համակարգը՝ ընդդեմ քաոսի, կայունությունը՝ ընդդեմ անորոշության, պրոֆեսիոնալիզմը՝ ընդդեմ դիլետանտիզմի, պրագմատիզմը՝ ընդդեմ պոպուլիզմի»։ «Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն բանականության եւ իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ եւ արժանապատիվ ապրելու համար: Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ եւ ֆեյքային օրակարգերից, գործելաոճից եւ գործիքակազմից։ Մեզ պետք է իշխանություն, որն «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ: Մեզ անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամ: Մեր հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ»,- հայտարարել է Վանեցյանը։