Կրոնական առաջնորդների հանդիպման մեսիջը՝ խաղաղ համակեցությունն այլընտրանք չունի

Կրոնական առաջնորդների հանդիպման մեսիջը՝ խաղաղ համակեցությունն այլընտրանք չունի

Տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կրոնական առաջնորդների եռակողմ հանդիպումը Մոսկվայի Դանիլովյան վանքում։ Մինչ այդ, դեռ երեկվանից, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպում էր ունեցել նախ Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի եւ ապա՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Հանդիպումը հետաքրքիր էր նրանով, որ 2017 թվականից հետո առաջին անգամ է, որ երեք երկրների կրոնապետերը հանդիպում են՝ քննարկելու այնպիսի բարդ ու նուրբ հարց, ինչպիսին ղարաբաղյան կարգավորումն է։

Ինքնին հասկանալի է, որ նման օրակարգով, նման կազմով հանդիպում դժվար թե հնարավոր լիներ կազմակերպել կամ կյանքի կոչել, եթե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը դրան հավանություն չտար, ինչից կարելի է հասկանալ, որ Կրեմլում առնվազն հետաքրքրված են նման մակարդակի քննարկումներով, հատկապես որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հակամարտության հետեւանքների հաղթահարման գործում կրոնապետերը քիչ դերակատարում չունեն եւ ինչ-որ իմաստով մասնակից են լինելու եթե ոչ դիվանագիտական ուղղակի ջանքերին, ապա գոնե ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, խաղաղ համակեցության համար միջավայրի ստեղծմանը։

Այս երկու օրերի համար հետաքրքիր նյուանս էր այն, որ Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորում է Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը, այսինքն՝ Ռուս եկեղեցու, այսպես ասած, արտաքին գործերի նախարարը, իսկ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահին՝ նրա տեղակալը, Ադրբեջանի դեսպանի հետ։ Ընդ որում, ինչպես հասկանալի է մամուլի հաղորդագրություններից, Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվա ժամանել էր Շերեմետեւոյի օդանավակայանով, իսկ Ադրբեջանի շեյխ ուլ իսլամը՝ Վնուկովոյի։

Մի կողմ թողնելով ինչպես Ամենայն հայոց կաթողիկոսի, այնպես էլ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ելույթների տեքստերը, անդրադառնանք միայն Մոսկվայի պատրիարքարանի հրապարակած ամփոփիչ հայտարարության մեսիջներին, որը հանդիպման ավարտին ընթերցել էր Կիրիլ պատրիարքը։ Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանը հատկապես հետաքրքրված է հետեւյալով․
• Դեմառդեմ հանդիպումը եւ խնդիրների քննարկումը կարեւոր է, ինչն արդեն քաղաքական բառապաշարով նշանակում է «հակամարտող կողմերի առաջին դեմքերի մակարդակով ուղիղ հանդիպում»։
• Առնվազն Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդները, իհարկե՝ Ռուսաստանի կրոնական առաջնորդի պատրոնաժի ներքո, ունեն բավական անելիքներ, իրենց կրոնների սկզբունքների եւ կրոնների ունեցած խաղաղարարական պոտենցիալի համեմատ՝ միջէթնիկ հարաբերությունների մշակման կամ այդ հարաբերություններում առկա խնդիրների լուծման, կամ որ նույնն է՝ միջէթնիկ խաղաղ գոյակցության ապահովման հարցերում։
• Ավելի ուղիղ ասած՝ հայ-ադրբեջանական հաշտեցումը, իհարկե, մի օրում լինել չի կարող, եւ անհրաժեշտ են շատ ժամանակ եւ մեծ ջանքեր։
• Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պետք է կարողանան լեզու գտնել եւ կողք-կողքի խաղաղ ապրել, դա անայլընտրանք է։
• Պետք է վերականգնել փոխվստահությունն ու փոխադարձ հարգանքը, փոխօգնության պատրաստակամությունը, ընդ որում՝ փոխադարձ հարգանքը պետք է արտահայտվի կյանքի եւ իրականության բոլոր ոլորտներում։ Պատրիարքի հայտարարության մեջ նաեւ կոչ է պարունակվում անհետ կորածների, ռազմագերիների ազատ արձակման, հակամարտության գոտում զենքի չսանկցիավորված կիրառման բացառման մասին, որը վտանգավոր կարող է լինել խաղաղ բնակչության համար։ Այլ կոչեր եւս կան, իհարկե, սակայն հիմնական ուղերձը՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների՝ բարիդրացիության եւ խաղաղ համակեցության ճանապարհին կանգնելու անխուսափելիությունն է։