Հնարավոր է՝ ռեկտորները ստիպված դիմեն նախարարությանը միավորվելու խնդրանքով

Հնարավոր է՝ ռեկտորները ստիպված դիմեն նախարարությանը միավորվելու խնդրանքով

2022-2023 ուստարվա ընդունելության քննություններն արդեն ավարտվել են, իսկ հիմնական և լրացուցիչ փուլերն էլ՝ ամփոփվել։ Նկատենք, որ այս տարի բուհերին հատկացված էր 22.000 տեղ՝ պայմանավորված ՀՀ-ում գործող բուհերի լիցենզավորված տեղերի քանակով: Հայտագրված դիմորդների թիվն էր՝ 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար: Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900՝ վճարովի, 258-ը՝ անվճար: Թափուր տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են գրանցվել, որոնց հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է բացատրում այս պատկերը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունն իրավիճակը բարելավվելու համար ու եթե այս միտումը շարունակվի ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի բուհական համակարգը․ «Նախ, եթե վիճակագրությանը նայում ենք, սա նոր միտում չէ, այսինքն դիմորդների, ընդունվողների թիվը նվազել է արդեն մի քանի տարի։ Անցած տարի էլ մոտավորապես 500 անվճար ու հազարավոր վճարովի թափուր տեղ էր դատարկ մնացել։ Այստեղ խնդիրը նրանում է, որ սա արդեն շարունակական միտում է դառնում եւ, որ ամենակարեւորն է՝ գնալով տեղի է ունենում որոշ ոլորտների ամայացում, ընդ որում այնպիսի ոլորտների, որոնք պետության համար ռազմավարական նշանակություն ունեն, խոսքը վերաբերում է՝ ագրարային ոլորտին, գյուղատնտեսությանը եւ մանկավարժությանը, այսինքն այս 3 ոլորտներում մենք ունենք ամայություն եւ գնալով այստեղ ենք պակաս դիմորդներ ունենում, մյուս հայտնի եւ պահանջված տեղերը՝ ծրագրավորում, ճարտարապետություն, բժշկություն ավելանում են։ Հիմա խնդիրը այս ոլորտներում է եւ նախորդ տարվա վատ ցուցանիշներն էլ ավելի վատացան․ նույն մանկավարժության մեջ այս տարի՝ հայոց լեզու, հայոց պատմություն առարկաների գծով, որտեղ դիմորդները միշտ ավելի շատ են եղել, նույնիսկ այդտեղ մեծ թվով թափուր տեղեր են մնացել»,-ասում է Խաչատրյանն ու ընդգծում, որ սա է ամենամտահոգիչը, երբ պետությունը կորցնում է ռազմավարական մասնագիտությունները եւ նույնիսկ անվճար տեղերի համար դիմորդ չկա։ 

«Այստեղից հետեւություն, որ խնդիրը միայն փողը չէ, որովհետեւ պետությունն ասում է՝ արի քեզ անվճար կրթություն տամ, բայց պարզվում է՝ դա էլ չի ուզում մարդը եւ գնում է իրավաբանական կամ բժշկական ու պատրաստ է 1 մլն․ դրամ ուսման վարձ վճարել, բայց օրինակ ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում ոչ մեկը թեկուզ անվճար տեղի համար չի դիմում։ Սա նշանակում է, որ այդ մասնագիտությունները երեխաների համար գրավիչ չեն եւ չեն ուզում սովորել՝ նույնիսկ անվճար կրթություն ստանալու հաշվին»։

Ըստ այդմ, պետության խնդիրն է՝ վերահսկել այդ ոլորտները․ «Թող Հայաստանում մի 10-15 տնտեսագետ պակաս լինի, առանձնապես բան չենք կորցնի, բայց եթե ուսուցիչ եւ գյուղատնտես պակաս լինի, մեր այդ բոլոր ծրագրերը՝ սմարտ եւ առաջադեմ գյուղատնտեսություն ունենալու նպատակով, կարող է արդեն փլուզվեն, որովհետեւ ո՞վ պետք է անի այդ ամեն ինչը, եթե մասնագիտական կրթություն ստացած մարդ չկա։ Այս իրավիճակին պետությունը շատ հանգիստ ու թեթեւ է նայում, սա է ինձ զարմացնում։ Դու տեսնում ես, որ քո մանկավարժական բուհերը ամայանում են, ֆակուլտետներ են փակվում, ո՞նց ես այդպես հանգիստ նստում»։ 

Գուցե պետությանը ձեռնտո՞ւ է ունենալ այս պատկերը, քանի որ կրթության մինչեւ 2030թ-ի ռազմավարական ծրագրով նախատեսում է բուհերը խոշորացնել եւ բուհական համակարգի այս պատկերը լավ փաստարկ է հանրության առաջ․ «Այո, ճիշտ եք։ Եթե նախկին տարիներին փորձում էին ներքին ձեւով համոզել բուհերին, որ միավորվեն, հիմա այս տարվա ընդունելության քննություններից հետո Մանկավարժական եւ Ագրարային համալսարանները հայտնվում են ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում, որովհետեւ ունենալու են օրինակ մասնագիտություն, որտեղ ընդունվել է մեկ դիմորդ, որի համար տարեկան բյուջեից ստանալու են 300-400 հազար դրամ, բայց այդ 400 հազարի դիմաց 15 դասախոս պետք է մեկ տարի աշխատավարձի մաս ստանա։ Պատկերացնում եք ֆինանսական ի՞նչ խնդիրներ են սրանք՝ ժամեր են կրճատվելու, եկամուտ եւ հիմա, հնարավոր է, որ արդեն սեպտեմբեր-հունվար ամիսներից, երբ ուսանողները գան, այս 2 համալսարանների եկամուտները միանգամից մի 20 տոկոսով իջնեն ու հնարավոր է արդեն, բուհերի ռեկտորները ստիպված լինեն դիմել նախարարությանը միավորվելու խնդրանքով, որպեսզի կարողանան իրենց ծախսերը հոգալ, որովհետեւ կան մեծ մասնաշենքեր, որոնք պետք է ջեռուցես թեկուզ մի քանի ուսանողի համար։ Եվ կառավարությունն էլ արդեն ծրագրել է միավորել բուհերը, արդյունքում կմնա 5-ից 8 բուհ, բայց այդ թիվը ցույց է տալիս, որ կառավարությունը փորձելու է իրար միացնել նաեւ բավարար ուսանող ունեցող բուհեր, դրա համար 5-8 է ասվում, քանի որ հնարավոր է բուհերը ընդվզեն եւ լինի ոչ թե՝ 5, այլ՝ 8 բուհ»։