«Չորրորդ հանրապետության» սարգսյանական տեսլականը

 «Չորրորդ հանրապետության» սարգսյանական տեսլականը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անընդհատ բողոքել է լիազորությունների սահմանափակ լինելուց, և որ ինքը ոչինչ անել չի կարողանում: Իսկ երբ նրան հնարավորություն է ընձեռնվում նույնիսկ սահմանափակ լիազորությունների շրջանակում քայլ անելու, ինքը մատնվում է անգործության: Ժամանակին վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սարգսյանն այսօր կարող է դիմել Սահմանադրական դատարան Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) ինքնահռչակվելու առումով: Բայց ինչպես երևում է ՀՀ նախագահի լռությունից՝ ինքը նման քայլ անելու համարձակություն չունի: Դա իսկապես պահանջում է համարձակություն, քանի որ սկզբունքային դիրքորոշում որդեգրելը հենց գալիս է համարձակությունից: Իսկ համարձակության բացակայության դեպքում որդեգրվում է խուսանավելու քաղաքականությունը: Այսօր մենք ականատես ենք լինում ՀՀ նախագահի կողմից խուսանավելու քաղաքականությանը:

Մի շարք լուրջ իրավաբաններ հայտարարել են, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների կապակցվածության տրամաբանության տեսակետից գործողի վարչապետի հրաժարականը չի ենթադրում նրա մնալը որպես ԺՊ: Նույնիսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն: Սակայն դատախազությունը Փաշինյանին անընդհատ պաշտպանելու իր դիրքորոշման հիման վրա լռության է մատնել այդ հաղորդումը: Եվ, ինչը խիստ հատկանշական է, իշխանության մեջ գտնվող որևէ լուրջ իրավաբան չփորձեց հիմնավորել Փաշինյանի՝ ԺՊ-ի վերածվելու օրինականությունը: 

Ինչևէ, ՀՀ նախագահին մնում է ընդամենը կատարել մի պարզագույն քայլ և երկիրն ազատել Փաշինյանից: Զարմանալի է, որ «չորրորդ հանրապետության» վերաբերյալ լրջագույն հոդված գրող պետական ամենաբարձր պաշտոնյան այսօր ունի այդ գաղափարը կյանքի կոչելու հնարավորություն և ոչինչ չի անում դրա համար: Երևի մենք իսկապես շատ լուրջ ենք բարկացրել Աստծուն, որ համապատասխան իրավասությամբ օժտված մարդկանց զրկել է ոչ միայն համարձակությունից, այլև ակնհայտը նկատելու և ըմբռնելու կարողությունից:

Ի դեպ, Սահմանադրական դատարան կարող է դիմել նաև Ազգային ժողովի պատգամավորների կազմի մեկ երրորդը: Ընդդիմության ձայները բավարար են, որպեսզի դա տեղի ունենա: Սակայն ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ հայտարարել են, որ իրենք չեն խախտի Փաշինյանի հետ պայմանավորվածությունը. խոսքը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին է: Բայց որքան հասկանում եմ, Սահմանադրական դատարան դիմելու կամ չդիմելու հարցում որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ այդ հարցով կարելի է հստակ տարբերակել, թե որքանով է խորհրդարանական ընդդիմությունն իրական կամ կեղծ:   

Ինչ մնում է Փաշինյանին, ապա նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի վերարտադրվի: Ինքը շատ լավ է հասկանում, որ հակառակ դեպքում ընկնելու է հայաստանյան արդարադատության ձեռքը, և դատաստանից խուսափելու որևէ հնարավորություն նա չունի: Հենց այդ պատճառով էլ նա կմնա կառչած վարչապետի աթոռից:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ