Փաշինյանի եւ սատելիտների հակառուսականությունը կարող է կորցնել իր գնողունակությունը եւ արժեզրկվել
Թվում է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է ուրախ լիներ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով․ ԱՄՆ-ում հաղթել է «ժեխը»` հանրային ամենացածր խավը: Դոնալդ Թրամփի կողմնակիցներին հենց այսպես էր անվանել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը՝ Դեմոկրատական կուսակցության լատինաամերիկացի կողմնակիցների հետ հեռակապով շփման ժամանակ․ «Միակ աղբը, որը ես տեսնում եմ, նրա կողմնակիցներն են»: Բայդենն այդպես էր պատասխանել Թրամփի կողմնակից՝ կատակերգու Թոնի Հինչքլիֆին, որը Պուերտո Ռիկոն անվանել էր «աղբի լողացող կղզի»: Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ից կախում ունեցող տարածք է, որի բնակիչներն արդեն յոթ հանրաքվե են արել՝ ԱՄՆ-ին միանալու եւ ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու հարցով, բայց այդ հարցն այդպես էլ մնում է առկախված: Չնայած գաղափարական ընդհանրությանը, շատերը կարծում են, որ Դոնալդ Թրամփի նախագահությունը կարող է խարխլել Փաշինյանի իշխանությունը, նա, ի դեմս ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի, կորցրեց հուսալի արտաքին հենարան եւ աջակից, իսկ արտաքին հենարանից զրկված Փաշինյանը, չունենալով ներքին լեգիտիմություն, շատ կարճ ժամանակ հետո կհայտնվի պատմության աղբանոցում:
Կա տեսակետ, որ Թրամփի ընտրվելը վատ է Հայաստանի համար, քանի որ նրա վարչակազմն ունենալու է պրոթուրքական կամ պրոադրբեջանական կողմնորոշում, որ Թրամփն անձնական լավ հարաբերություններ ունի Էրդողանի կամ Պուտինի հետ, եւ այդ լավ հարաբերությունների արդյունքը լինելու է այն, որ Հայաստանի թշնամիները` Ռուսաստան- Թուրքիա-Ադրբեջան դաշինքը` ռուսաթուրքերը, Հայաստանը ոչնչացնելու հնարավորություն են ստանալու, եւ չի լինելու մեկը, որն իր հզոր եւ ամենակարող ձեռքով պաշտպանի մեզ: Նախ՝ այս ընկալումը պրիմիտիվ է նրանով, որ նույնիսկ դեմոկրատ եւ, հետեւաբար, հայասեր Ջո Բայդենի նախագահության տարիներին Հայաստանը եւ հայ ժողովուրդն այնքան էլ պաշտպանված չէին թշնամիներից: Բավարար է հիշել 2022 թ. Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ, երբ Ադրբեջանը 2-3 օրում գրավեց ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, եւ չնայած արեւմտյան կոչերին` դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, նույնիսկ մեկ սանտիմետր հետ չգնաց: Կարող են ասել, որ ԱՄՆ միջնորդությամբ պատերազմը դադարեցվեց` չլիներ այդ միջնորդությունը, հնարավոր է, որ կորուստներն ավելի ծանր լինեին, բայց դա ավելի շատ ինքնասփոփում է, քան՝ քաղաքական հաշվարկ: Բայդենի պաշտոնավարման օրոք վերջնականապես դատարկվեց Արցախը, եւ նրա պաշտոնավարման օրոք Հայաստանն Ադրբեջանի ճնշման տակ տարածքային զիջումներ կատարեց Ադրբեջանին` հրաժարվելով Կիրանցում եւ հարակից տարածքներում ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ վերահսկողությունից: Բայդենի իշխանության օրոք Հայաստանը ոչ մի ռազմավարական եւ նույնիսկ տակտիկական հաջողություն չի ունեցել, որի մեղավորը, իհարկե, ԱՄՆ-ն կամ Բայդենը չեն, այլ՝ Հայաստանի ապիկար իշխանությունը: Բայց սա ասում ենք՝ ցույց տալու համար, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելը Հայաստանին եւ հայ ժողովրդին` իր շահերի եւ անվտանգության պաշտպանություն չէր ապահովում: Գուցե Ջո Բայդենի պաշտոնավարումն ապահովում էր Փաշինյանի պաշտոնավարումը Հայաստանի իշխանության ղեկին, բայց դա արդեն այլ հարց է: Ի՞նչ կարող է փոխվել Թրամփի պաշտոնավարման ժամանակ կամ դրա ընթացքում, որից այդքան սարսափած են ՔՊ-ականներն ու արեւմտամետ գործիչները, ովքեր ամբողջ հոգով եւ մարմնով Քամալա Հարիսի հաղթանակին էին սպասում, դրա համար աղոթում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկացի հայտնի հեռուստամեկնաբան Տակեր Կառլսոնին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի մերձեցմանը, ասել էր, որ նրանց դաշինքը տեղի է ունեցել Ջո Բայդենի վարչակազմի սխալ արտաքին քաղաքականության արդյունքում, եւ հայտարարել. «Ես պատրաստվում եմ նրանց բաժանել եւ կարծում եմ, որ կարող եմ դա անել»:
Ինչպե՞ս կարող է Թրամփը կամ նրա վարչակազմն իրարից բաժանել այդ երկրներին, երբ նրանք ունեն ընդհանուր թշնամի, եւ դա Միացյալ Նահանգներն են եւ նրա գլխավորությամբ գործող հավաքական Արեւմուտքը: Միակ տարբերակը այդ երկրների կամ նրանց մի մասի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումն է: Քանի որ ԱՄՆ հիմնական հակառակորդը Չինաստանն է, դժվար թե ԱՄՆ-ն փոխի իր քաղաքականությունն այդ երկրի նկատմամբ, մանավանդ որ Չինաստանի հետ մրցակցությունը նաեւ տնտեսական ոլորտում է, մինչդեռ Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ քաղաքականության մեղմացում հնարավոր է: Այդ մեղմացման համար առաջին հերթին անհրաժեշտ է կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, քանի դեռ այն շարունակվում է, ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Ուկրաինային: Ուկրաինական պատերազմը դադարեցնելը Թրամփի նախընտրական քարոզարշավի ամենակարեւոր կետերից էր, ամերիկացի ընտրողները նրան ձայն տվեցին նաեւ այդ խոստման համար, քանի որ դեմ էին, որ իրենց միջոցներն ուղղվեն Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորմանը։ Բացի այդ` մտավախություն ունեին, որ Ուկրաինայի պատճառով ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը կարող է վերաճել ատոմային պատերազմի:
Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ կարող է մեկ օրում կանգնեցնել պատերազմը, եւ դա հնարավոր է, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի պատերազմի ֆինանսավորումը եւ Ուկրաինային սպառազինության մատակարարումը: ԵՄ անդամ երկրներն արդեն հայտարարել են, որ չեն կարող իրենց վրա վերցնել պատերազմի ամբողջ ֆինանսական եւ ռազմական ծանրությունը: Նոյեմբերի 8-ին Բուդապեշտում կայացավ եվրոպական համայնքի առաջնորդների հերթական ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է նաեւ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Փաշինյանի վարչակազմի գոյության հիմքն ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունն է. Փաշինյանն Արեւմուտքին այլ բան չունի առաջարկելու, քան իր հակառուսական քաղաքականությունը, Ռուսաստանի դուրսմղումը Հարավային Կովկասից, որտեղ ԱՄՆ-ի միակ հենարանը մնացել է Փաշինյանի վարչակազմը, քանի որ Ադրբեջանը եւ Վրաստանը վարում են հավասարակշռված եւ, ինչ-որ իմաստով՝ հակաարեւմտյան քաղաքականություն: Դոնալդ Թրամփին Փաշինյանի հակառուսականությունը պետք չի լինելու, հակառակը` նրա վարչակազմը փորձելու է պայմանավորվել Ռուսաստանի հետ՝ նրան Չինաստանից կտրելու հույսով: Թե որքանով արդյունավետ կլինի այդ քաղաքականությունը, այլ հարց է. ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի պատժամիջոցներն են այդ երկրին նետել Չինաստանի գիրկը՝ զրկելով նրան այլընտրանքից:
Եթե ամերիկյան նոր վարչակազմին իսկապես հաջողվի պայմանավորվել Ռուսաստանի հետ, Փաշինյանի վարչակազմը ոչ միայն կդառնա ԱՄՆ-ի համար անօգուտ, այլեւ նույնիսկ՝ վնասակար, որից նրանք դեմ չեն լինել ազատվել, ինչպես ազատվելու են Ուկրաինայում Զելենսկու վարչակազմից: Փաշինյանը եւ նրա ամերիկամետ սատելիտներն ավելի շատ վախենում են այս հեռանկարից, վախենում են, որ իրենց ունեցած միակ ապրանքը` հակառուսականությունը, կարող է միջազգային շուկայում կորցնել իր պահանջարկը, իսկ ամեն մի ապրանք, երբ չունի գնորդ, արժեզրկվում է եւ, ի վերջո, դառնում դուրսգրման ենթակա: Ահա սրանց ողբերգության եւ վայնասունի իրական պատճառը:
Կարծիքներ