Արևմուտքը փորձում է առիթից օգտվել, Հայաստանին պարտադրելով նոր կապիտուլյացիա
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին: Առհասարակ վերջին շրջանում մեծ ակտիվություն է նկատվում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից: Այս ակտիվությունն ընկալվում և մեկնաբանվում է տարբեր կերպ: Պիետրո Պարոլինիի այցը Հայաստան ևս քննարկումների առիթ է դարձել: Երեւան գալուց առաջ նա եղել էր նաեւ Բաքվում: Ի վերջո` ի՞նչ ակտիվություն է սա, ի՞նչ կարող է նշանակել և ի՞նչ հետևանքներ ունենալ:
- Վատիկանի դերակատարման մասին տարատեսակ կարծիքներ են հնչում, որովհետև նրանք բավականին փակ կառույց են ներկայացնում: Այսինքն` այն չէ, ինչ երևում է: Վատիկանի ազդեցությունը բավականին մեծ է և առաջին հերթին միավորում է գերմանաիտալական քաղաքական և ֆինանսական շրջանակներին: Կան նաև տեսակետներ, որ Վատիկանի դերն այնքան էլ մեծ չէ: Այս կարծիքը ևս պայմանավորված է կառույցի փակ լինելու հանգամանքով: Այս պարագայում միանշանակ գնահատական տալը բավականին դժվար է, բայց այնուամենայնիվ Վատիկանի դերակատարությունը քաղաքական և ֆինանսական առումով Եվրոպայում և Լատինական Ամերիկայում բավականին մեծ է և պետք չէ թերագնահատել: Այնպես որ եթե Վատիկանը գալիս է Հայաստան և Հայաստանով հետաքրքրվում է, կարծում եմ` պետք է դրան լուրջ վերաբերվել:
- Վատիկանի հետաքրքրվածությունն ի՞նչ կարող է տալ Հայաստանին: Ինչպե՞ս կարող է արտահայտվել դա: Վերջապես կա Արցախի հարց, գուցե Արևմուտքի կողմից ուղղորդված քա՞յլ է սա` Արցախի հարցի լուծմանը միտված:
- Խառնակ ժամանակներում բոլոր հնարավոր ուժերն ակտիվանում են և փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Հին աշխարհակարգը քանդվել է, այժմ նոր աշխարահակարգ է ձևավորվում: Այն վերջնականապես կձևավորվի ռուս-ուկրաինական պատերազմից հետո, որը կարող է տարիներ տևել: Ինչ-որ պրոցեսներ են դեռ սպասվում, ուստի խաղաղության մասին խոսելը վաղը է: Ռուս-ուկրաինական պատերազմից հետո երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. առաջին` Ատլանտյան երկրորդ հավաքը` Ֆինլանդիայում, երկրորդը` Պուտին-Սի Ծինփին հանդիպումն էր: Հայտարարվեցին սկզբունքների մասին: Այդ սկզբունքները հենց ապագա աշխարհակարգի մասին իրենց պատկերացումներն էին: Հենց դրանից հետո սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը: Այժմ հենց այդ սկզբունքների որոնման շրջանն է: Ռուս-ուկրաինական պատերազմը ոչ թե երկու ժողովուրդների հարաբերությունների մասին է, այլև` նոր աշխարհակարգի պայքար է: Այդ պայքարը գուցե տարիներ տևի:
- Այդ պայքարի մեջտեղում Արցախի հարցն ի՞նչ հանգուցալուծում կարող է ստանալ:
- Բոլոր խաղացողներն իրենց տեղն են որոնում: Բոլորը փորձում են այս խառը ժամանակներում իրենց դիրքերն ավելացնել: Պատահական չէ, որ Մեծ Բրիտանիան ևս ակտիվորեն ներգրավվել է ռուս-ուկրաինական պատերազմում, ինչպես նաև Արցախյան երկրորդ պատերազմում: Վատիկանն այստեղ համարվում է եվրոպական կարևորագույն կենտրոն: Նոր աշխարհակարգի ձևավորման փուլում պետք է բոլոր կոնֆլիկտները ստանան լուծումներ: Այդ կոնֆլիկտների շարքերում նաև Արցախի հարցն է, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները:
- Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը հնարավորություն է տալիս ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովել: Ի՞նչ է ակնարկել Հայաստանի վարչապետը:
- Պետք է հասկանալ, որ Արցախի շուրջ ինչ-որ պրոցես է ընթանում: Ռուսաստանը ցանկանում է իր խաղաղապահներին պահել Հարավային Կովկասում, որպեսզի կարողանա վերահսկել բոլոր հնարավոր ճանապարհները, այդ թվում` Իրանի հետ ունենա ցամաքային կապեր, քանի որ Եվրոպայի հետ կապը խզել է: Արևմուտքն էլ իր հերթին է ցանկանում ներկայություն ապահովել տարածաշրջանում: Արևմուտքը փորձում է ներկա գտնվել Արցախում, իբրև ապահովելով Արցախի ժողովրդի անվտանգությունը: Սա լավագույն դեպքում, իսկ ահա վատագույն դեպքում` Արցախում հայեր չպետք է լինեն, Արցախը պետք է ամբողջությամբ անցնի Ադրբեջանին, արդյունքում այդ կերպ կլուծվի նաև տարածաշրջանում ռուսական ներկայության հարցը: Այսինքն` կա երկու հնարավոր սցենար. կամ ընդհանրապես հայեր չեն լինելու և ռուսները հեռանալու են Արցախից, ինչու չէ նաև Հայաստանից, կամ` Ադրբեջանն ու Թուրքիան որպեսզի մնան վերահսկողության տակ, Արևմուտքը երաշխավորելու է հայերի անվտանգությունը:
- Հուլիսի 15-ին Ալիևն ու Փաշինյանը հերթական հանդիպմանը կմասնակցեն: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից:
- Այդ հանդիպումից պետք է սպասել երկու հնարավոր բան. Հայաստանն ընդունում է Ադրբեջանի բոլոր պահանջները` թղթի վրա և Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում, ընդունում է Հայաստանի անկլավների գոյությունը, ի դեպ Հայաստանի վարչապետն արդեն իսկ բանավոր խոսել է այդ մասին, սակայն որևէ փաստաթուղթ չկա դեռևս: Կարևոր հարց է նաև Զանգեզուրի միջանցքը: Պետք են ուղիներ, որոնք Հայաստանի վերահսկողությունից դուրս կլինեն: Ադրբեջանին և Թուրքիային դա անհրաժեշտ է: Այսինքն` նրանք Հայաստանին վերջնական կապիտուլյացիա են պարտադրելու: Կա նաև մեկ տարբերակ` Հայստանի իշխանությունները կփորձեն նորից ձգձգել իրավիճակը: Կարծում եմ` Արևմուտքը ևս շտապեցնում է կողմերին: Քանի դեռ Ռուսաստանը թուլացել է, օր օրի պատերազմում խրվում է, Թուրքիան էլ իր դիրքորոշումը փոխում է, Ռուսաստանի հետ սիրախաղերն ավարտում է, Արևմուտքը փորձում է առիթից օգտվել, Հայաստանին պարտադրելով նոր կապիտուլյացիա:
Կարծիքներ