Փաշինյանի կառավարությունը կաթվածահար վիճակում է, Թուրքիան, ըստ երևույթին, փորձում է օգտվել ․ թյուրքագետ

Փաշինյանի կառավարությունը կաթվածահար վիճակում է, Թուրքիան, ըստ երևույթին, փորձում է օգտվել ․ թյուրքագետ

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո, որում Թուրքիայի Հանրապետությունը բավականին մեծ ռազմական ու դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, բուռն քննարկումների առիթ է տարածաշրջանային հաղորդակցման, տնտեսական ուղիների ապաշրջափակման թեման։ Ապաշրջափակման մասին համաձայնություն կա նաև 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին կնքված եռակողմ հայտարարության (փաշինյանական կապիտուլյացիա) մեջ։ 
Այս համածիրում թուրք-ադրբեջանական կողմը և իմքայլականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեցին շրջանառել ու հավանություն տալ Թուրքիա-Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն-Ադրբեջան միացնող երթուղու բացմանը։ Թուրք-ադրբեջանական, իմքայլական կողմերը շահագրգռված են, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքով անցնի այդ երթուղին կամ միջանցքը։ 

Մարտի 1-ին «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը լուսանկար տարածեց, որում երևում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը և հայազգի գործարար, «SOS-Armenie Cote d՝Azur» կազմակերպության ղեկավար Սամսոն Օզարարատը։ Մարտի 3-ին «Հրապարակը» հոդված էր հրապարակել, որում գրել էր, թե ինչ է պատասխանել Իգիթյանն այս հանդիպման վերաբերյալ։ Ի պատասխան՝ նա մեզ էր ուղարկել «ՏՕՏ-Armenie Cote d՝Azur» կազմակերպության տարածած հաղորդագրությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Օզարարատը կազմակերպության կողմից հաստատված ծրագրի շրջանակում փետրվարի 20-24-ն այցելել է Հայաստան, մասնակցել է քննարկումների՝ հետպատերազմյան շրջանում հումանիտար օգնությունների, վիրավորների և տեղահանվածների հարցերով համագործակցության, Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվող Covid 19-ի դեմ պայքարի ծրագրի շարունակության (ներառյալ՝ Ֆրանսիայի հետ համագործակցելով), ուսումնական և հումանիտար հարցերի թեմաների շուրջ:

Պոլսահայ գործարար Սամսոն Օզարարատը, հայտնի լինելով որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում «կապավոր» Թուրքիայի Հանրապետության ու Հայաստանի միջև, նախկինում էլ մասնակից է եղել այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործողություններում։ 1993 թվականին նա եղել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Կրեյոն» հյուրանոցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության («Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թև) նախկին առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի միջև հանդիպման կազմակերպիչներից մեկը։ 

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Օզարարատը եղել է նրա խորհրդականը, Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը։ 

Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող պոլսահայ գործարարը նաև մասնակից է եղել 2008-09 թվականներին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Արտաքին գործերի նախկին նախարար (2008-18) Էդվարդ Նալբանդյանի նախաձեռնած «Ֆուտբոլային» դիվանագիտությանը։ Օզարարատը նաև 2009 թվականի հոկտեմբերի 14-ին հայկական պատվիրակության կազմում ներկա է եղել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը։

Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը երբեք չեն եղել դիվանագիտական ֆիասկոյի մեջ, որ նույնիսկ նայեին թուրքական «օգնող ձեռքին»։ Սակայն իմքայլականների 3-ամյա «դիվանագիտությունը» ցույց տվեց իր սնանկությունը, ուստի նրանց ցանկացած քայլ արտաքին քաղաքականությունում հիմնավոր կասկածների տեղիք է տալիս։

Թեմայի շուրջ «Հրապարակ» թերթը զրուցել է թյուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

- Պարո՛ն Չաքրյան, վերջերս տարածվեց մի լուսանկար, որում երևում էին Սամսոն Օզարարատը և իմքայլական Հովհաննես Իգիթյանը։ Ի՞նչ ենթադրել սրանից, ո՞վ է Օզարարատը։ Ինչո՞ւ նա պետք է գար Հայաստան։    

- Ֆրանսիայի քաղաքացի է, ժամանակին՝ 1993 թվականի մարտին, կազմակերպել է «Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը։ Այդ հանդիպմանը, իհարկե, ներկա է եղել նաև Լիպարիտյանը, Վահան Փափազյանն էլ, կարծեմ, կար։ Էլչիբեյն է ներկա եղել։ Հանդիպումից 12 տարի հետո «Միլլիյեթ» թերթի հեղինակներից Ջան Դյունդարը հոդվածաշար գրեց: Այնտեղ գրված էր, որ Տեր-Պետրոսյանը պատրաստ էր մշակութային ինքավարությամբ բավարարվել, բայց Անկարային չհաջողվեց համոզել Էլչիբեյին։ Այսինքն՝ [Արցախն] ամբողջովին էր ուզում, ոչ մի բան չէր ուզում տալ։ Հետո պայմանավորվել էր Ալփարսլան Թյուրքեշի հետ, հրավիրել նրան Երևան։ Եթե չեմ սխալվում 1997 թվականին։ Սակայն Թյուրքեշը հանկարծամահ եղավ և չեկավ։ Թերթերն այդպես էին գրել։ Բայց Օզարարատի այս վերջին այցելության մասին բացարձակ տեղեկություն չկա թուրքական մամուլում։ Նույնիսկ չեն էլ նշել այցի մասին։ Դա ո՞ր դեպքում է լինում։ Այն դեպքում, երբ որ ինքն իր կամքով ոչ թե գալիս է, այլ նրան գործուղում են։ Ո՞վ էր կարող գործուղել, երևի, Թուրքիայի արտգործնախարարությունը։ Ենթադրում եմ։ Տեղեկություն չունեմ, ոչինչ չեն գրում։ Հավանաբար ինչ-որ առաքելության համար է եկել, ինչ-որ հաճույքի համար չի եկել Սամսոն Օզարարատը։

- Այսինքն՝ նրա այցելությունը կարո՞ղ է պայմանավորված լինել տարածաշրջանային ապաշրջափակման թեմայով։ «Հրապարակին» Իգիթյանը տեքստ էր ուղարկել կապված ֆրանսիական հումանիտար օգնության հետ։

- Չեմ կարող ասել, տարբեր հարցեր կարող են քննարկել։ Չգիտեմ՝ հիմա նա ինչ հարցեր է քննարկել։ Ես չեմ կարծում, որ նա ֆրանսիական օգնության հետ կապված Հայաստան գա։ Դե ակնհայտ է, որ Իգիթյանը չի ասի, թե ինչու է եկել։ Օգնությունն ուղղակի բլեֆ է եղել։ Միայն կարող եմ ասել, որ ինչ-որ կարևոր հարց, միայն ապաշրջափակումը չէ։ Ապաշրջափակելու դիմաց ի՞նչ են ուզում։ Հենց այնպես չեն ապաշրջափակի։ Ընդ որում, սահմանների ապաշրջափակումը Հայաստանը չի կատարել։ Թուրքիան ինքն է փակել սահմանը։ Թող բարի լինի, բացի, եթե բացում է։ Չբացի էլ, ոչինչ, որովհետև 1993 թվականի մարտին են իրենք փակել, և մենք արդեն սովոր ենք։ Բացելու դեպքում եթե իշխանություններն էլ ուշադիր չլինեն, թուրք գործարարները կգան-կլցվեն այստեղ, և կհեղհեղեն Հայաստանը՝ բանկերը, գործարանները, լրիվ կյուրացնեն։

- Ինչպես Վրաստանո՞ւմ արեցին։

- Դե մոտավորապես, այո։ Եվ որքանո՞վ է ձեռնտու այդ ապաշրջափակումը, երբ որ Պուտինն անընդհատ խոսում է, իբր լավություն է անում մեզ։ Մեղրիում թուրքերին միջանցք է տրամադրում, ընդորում՝ 2 հատ, 5 կիլոմետր լայնությամբ։ Եվ դեռ անամոթաբար դա ներկայացնում է որպես շնորհ Հայաստանի համար։ Հայաստանը լրիվ կաթվածահար է արել, տարածաշրջանային ապաշրջափակումից է խոսում, տնտեսական զարգացումից է խոսում։ Պատերազմից ինչքա՞ն ժամանակ է անցել, մինչև հիմա 100 գերեվարված կամ պատանդ ունենք։ Ընդորում, Մարիա Զախարովան «բոլորը բոլորի դիմաց» է ասում։ Մեր ձեռքում ադրբեջանցի գերի կա՞, որ «բոլորը բոլորի դիմաց» է ասում։ Եվ իմ խորին համոզմամբ՝ փաստորեն Պուտինը ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը։ Հայաստանին էլ ահաբեկում է մեր ռազմագերիներով կամ պատանդներով, որ կամազուրկ պետություն դարձնի։ Իշխանություններին արդեն կաթվածահար է արել, նրանք չեն գործում։ Իսկ պետական գործող կառույցներն էլ՝ Անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն, Գլխավոր շտաբ կամ բանակի հետախուզություն, հավանաբար Մոսկվայից են կառավարվում։ Այսինքն՝ Մոսկվայի վերահսկողության տակ են։

- Մակրոնն էլ, չէ՞, մոտ երկու ամիս առաջ Էրդողանին այսպես ասած «հաշտեցման նամակ» էր ուղարկել կապված թուրք-ֆրանսիական հարաբերությունների հետ։ Չավուշօղլուն հայտարարեց, որ գոհ են այդ նամակից։ Հնարավո՞ր է, որ փոխկապակցված լինեն այս հանդիպումը [Իգիթյանի և Օզարարատի հանդիպումը] և այս ամեն ինչը։ Օզարարատը նաև ներգրավված է եղել այս ֆրանսիական օգնության մեջ։ Ինչ-որ կապ տեսնո՞ւմ եք։ Թե՞ Ձեր նույն կարծիքին եք։

- Ես, այնուամենայննիվ, իմ կարծիքին եմ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կաթվածահար վիճակում է, Թուրքիան, ըստ երևույթին, փորձում է օգտվել պատեհ առիթից, իր պահանջները ներկայացնել։ Իհարկե, դա ենթադրություն է, կանխատեսում չեմ կարող անել, որևէ տվյալ չունեմ։ Ֆրանսիական օգնության համար ինքն [Օզարարատը] ինչո՞ւ պետք է գար։ Հետո՝ Օզարարատի նախորդ գործությունեությունը՝ «Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի և Տեր-Պետրոսյանի հանդիպումն է կազմակերպել։ Էս կարգի մարդիկ կապված լինեն մարդասիրական օգնության հետ․․․ ես իմ կարծիքին եմ մնում։  

- Պարո՛ն Չաքրյան, իշխանություններն էլ, կարծես թե, դեմ չեն Մեղրիով անցնող երթուղուն, բավականին թուրքամետ, ադրբեջանամետ հայտարարություններ են անում։

- Իրականում թուրքամետ չեն, «իշխանություն-ընդդիմություն» կռիվները, որ կան, երկու կողմերն էլ Պուտինին հաճոյանալու համար իրար միս են ուտում։ Եվ դրանով անընդհատ Հայաստանի «ջերմ բարեկամ» Պուտինի ջրաղացին ջուր են լցնում։

- Երբ որ Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ կոչ անելով Փաշինյանին հրաժարական տալ, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, հետո նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, հետո Էրդողանը [նաև նրա կոալիցիոն գործընկեր «Գորշ գայլերի» առաջնորդ Դևլեթ Բահչելին] դա «ռազմական հեղաշրջման փորձ» որակեցին։

- Չի կարելի վերագրել Փաշինյանին պաշտպանելու մտադրությանը։ Դե Թուրքիան բազմիցս հեղաշրջումների ականատես է եղել և հեղաշրջումներից տուժել է։ Էրդողանի օրոք էլ եղավ։ Եվրոպայում, Ամերիկայում Էրդողանի վարկանիշը ցածր է, հեղաշրջում պաշտպանելն ավելի կցածրացնի։ Նաև դեմոկրատ երևալու համար են այդպես արտահայտվել՝ «Տեսեք, մենք հեղաշրջում չենք պաշտպանում»։ Հետո էլ Թուրքիայում հասարակության շրջանում հեղաշրջումների դեմ հասարակական կարծիք էլ գոյություն ունի, ընդգծված։ 1960 թվականին արել են, 71-ին արել են, 80-ի սեպտեմբերի 12-ին արել են, հետո 1997 թվականին՝ Էրբաքանի կառավարության դեմ, տապալեցին այն, 2016-ին էլ՝ Էրդողանի օրոք, հեղաշրջման փորձ եղավ։

- Գյուլենի՞ կուրացիայով։

- Գյուլենի չէ։ Էրդողանենք էին Գյուլենին մեղադրում, թե նա է կազմակերպել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) պատվերով։ Եթե CIA-ն փորձեր Էրդողանի դեմ հեղաշրջում անել, այդ հեղաշրջումն անպայման հաջողությամբ կավարտվեր։ Եվ Էրդողանը վաղուց արդեն բանտում կլիներ։ Էդպիսի ապուշ հեղաշրջում ԿՀՎ-ն չի կազմակերպում։ Ինչո՞ւ եմ ասում ապուշ։ Որովհետև երբ Էրդողանին (նա Էգեյան ծովի ափին, ամառանոցային քաղաք Բոդրումում էր) հարցնում են, թե «Ե՞րբ եք իմացել հեղաշրջման մասին», պատասխանում է՝ «Ժամը 8-ին», հարցին՝ «Ումի՞ց իմացաք», գիտե՞ք՝ ինչ է պատասխանում՝ «Քրոջս ամուսնուց»։ Հեղաշրջումը 4-ին են սկսել։ Թուրքիայի պետանվտանգության աշխատակիցները գիտեին արդեն։ Նրանք էլ անմիջականորեն Էրդողանին են ենթակա։ Ուրեմն քրոջ ամուսինն իմանում է, երկրի նախագահը չի՞ իմանում։

- Նաև թուրքագետների մեջ կարծիք կա, որ թուրքական իշխանություններին ձեռնտու են այս թուլացած իշխանությունները [իմքայլականները] և ինչ ասում են, այս իշխանություններն անում են՝ տարածքներ են տալիս, թույլ են տալիս, որ Ադրբեջանն իր ուզած դիրքերը վերցնի, իր ուզած պահանջներն է դնում ապաշրջափակման կոնտեքստում։

- Քիչ առաջ ի՞նչ ասեցի։ Պուտինն, Արցախում պարտությունը մեզ պարտադրելով, հայաստանյան իշխանություններին կաթվածահար է արել։ Թուլացած չէ, կաթվածահար վիճակում է։ Թուրքիային ձեռնտու է, առավելևս՝ Պուտինին։ Ռուսաստանի ազդեցությունն արդեն մեծ էր տարածաշրջանում, բայց այստեղ Բայդենը, կարծես, խախտում է Պուտինի հաշվարկները։ Արցախում խաղաղապահ ուժեր է Ռուսաստանը տեղակայել։ Լավրովին վերջերս ասուլիսին ադրբեջանցի մի լրագրող հարցրել է, թե «ՄԱԿ-ը հաստատե՞լ է ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը», Լավրովն ասաց, որ «այդ հարցը խնդրահարույց է»։ Որովհետև նա իրավունք չուներ միանձնյա որոշեր խաղաղապահի անվան տակ զորքեր տեղակայել։ Մինսկի խմբի փաստաթղթում գրած է՝ «միջազգային խաղաղապահ ուժեր, եթե հարկ լինի»։ Սա բերեց, փաստի առաջ կանգնեցրեց Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ եռանախագահողներից երկուսին դուրս մղեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացից, հետևաբար նաև՝ Հարավային Կովկասից։ Իսկ Բայդենն ի՞նչ ասաց, ասաց՝ «Մենք վերադառնում ենք»։ Այսինքն՝ եթե ՄԱԿ-ը կհաստատի՞ մանդատը, հավանաբար չի հատաստելու։ Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ քանի որ Անվտանգության խորհրդի հավանությունն էլ չունեն, կկոչվեն «օկուպավիոն զորքեր» կամ «ագրեսորներ»։ Հետևաբար ահագին խնդիր է ունենալու դեռ։ Վերջին շրջանում, եթե ուշադրության դարձրել եք, մեր «շատ ջերմ բարեկամ» Պուտինը սկսել է հայամետ նախանշաններ ցույց տալ։ Լավրովը նույնպես «մեր բարեկամ Հայաստանը» բաներ էր խոսում։ Ես համոզված եմ, որ առնվազն Պուտինի չափ թշնամաբար է տրամադրված և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի հանդեպ։ Եթե մի մարդ Էրդողանին հռչակում է «իր լավագույն ընկերը», այն Էրդողանին, որ չի թաքցնում իր մտադրությունը և հայտարարում է՝ «Մենք այս պատերազմին մասնակցել ենք, որպեսզի 1915 Երիտթուրքերի սկսած, թողած գործը ավարտին հասցնենք»։ Դա արդեն ակնհայտ թշնամանքի դրսևորում է։ Այսինքն՝ հայ ժողովրդին կրկնակի ցեղասպանության ենթարկելու մտադրություն ունեցող ու այդ մասին բացեիբաց արտահայտվող գործչին դու հայտարարում ես «քո լավագույն բարեկամը»։ Պուտինը դրանով անարգում է ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին, նաև՝ հայ ժողովրդին։ Եվ դեռ լկտիաբար էլ բարեկամությունից է խոսում, իբր «ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները կատարել է»։ Երևի այդ դաշնակցային հարաբերությունները նա շփոթում է Էրդողանի ու Ալիևի պատվերների հետ։