Նոր Նորքի թաղապետը այսօր հրաժեշտ է տվել աշխատակազմին

Նոր Նորքի թաղապետը այսօր հրաժեշտ է տվել աշխատակազմին

Մեր տեղեկություններով՝ Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում  է ներկայացրել, նա այսօր հրաժեշտ է տվել թաղապետարանի աշխատակազմին։ Մհրյանն որոշել է աշխատանքի անցնել ոստիկանությունում։ 

Մեր տեղեկությունը հաստատեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ այսօր ստորագրվել է աշխատանքից ազատման դիմումը։ Վերջինս, սակայն, ասաց, որ տեղյակ չէ՝ որտեղ է այսուհետ աշխատելու։

Հիշեցնենք, որ մենք օրերս գրել էինք, որ  Դավիթ Խաժակյանի հաղորդումը` քաղաքապետարանում թույլ տրված պաշտոնեական` փաստաթղթերի եւ ստորագրությունների կեղծիքների մասով, դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը` «նյութեր պատրաստելու համար»: Սա, այսպես ասած, հենց այն է, ինչ ուզում է Հայկ Մարությանը, քանզի նա եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մանկության ընկերներ են, եւ ասում են՝ հենց ինքն է նրա նշանակմանը նպաստել։

«Գլուխն ազատելու համար դատախազությունը գործը փոխանցեց Հայկ Մարությանի ընկերոջը` ոստիկանությանը: Ի դեպ, Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալու դեպքում ոստիկանապետի առաջին տեղակալ է դառնալու Նոր Նորքի թաղապետը՝ Հայկ Մհրյանը, որը դարձյալ նրանց մանկության ընկերն է»,- ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը: