Դեպի Վրաստան գունագեղ այցի հետքերով

Դեպի Վրաստան գունագեղ այցի հետքերով

Ես առանձնապես հիացած չեմ Վրաստանի իշխանություններով, բայց վրացի ժողովրդի դեմ ոչինչ չունեմ: Մարդ են մեզ նման՝ համարյա նույն կենցաղով ապրող, մեզ նման նստող- վեր կացող: Մեր ու նրանց ամենամեծ տարբերությունն էլ թերևս այն է, որ իրենք ավելի շատ գինի են խմում, քան օղի: Ինձ իրիկնահացի հրավիրած մի վրացի, մինչև սեղան կնստեինք, սառնարանից հանեց օղու շիշն ու աչքով արեց.

-Հատուկ քեզ համար եմ վերցրել…

-Շնորհակալ եմ բատոնո Օթարի, ես էլ քեզ կոնյակ եմ բերել…

Նեղացավ՝

-Վա, տո, պարտադիր է՞ր…

-Չէ, պարտադիր չէր, բայց ուրախ կլինեմ, որ ընկերներիդ հետ խմես, գովես մեր կոնյակն ու հիշես ինձ…

Կներեք, հիշողությունների գիրկն ընկա: Այսօր ուզում եմ խոսել ՀՀ քաղաքացիներից մեկի Վրաստան կատարած այցի մասին: Կարծեմ՝ պետական այցի: Հասկացաք, երևի, թե խոսքն ում այցի մասին է: ՀՀ քաղաքացիներից միայն մեկ մարդ կարող է պետական այց կատարել Վրաստան և այդ մեկ մարդն այսօր Նիկոլ Փաշինյանն է: Տարիքիս բերումով ՀՀ ղեկավարների պետական այցեր շատ եմ տեսել, բայց Փաշինյանի այս այցը առանձնացավ բոլորից: Եթե նախկինում ՀՀ ղեկավարների որևէ այցի մասին ամենաշատը գրում էին մեր և ընդունող կողմի լրատվամիջոցները, ապա այս դեպքում ամենաակտիվը ռուսական ԶԼՄ-ներն էին: Ինչո՞վ բացատրել սա, չգիտեմ՝ հետո կերևա, բայց, այդուհանդերձ, որպես լրագրող փորձեմ հասկանալ իմ ռուս գործընկերներին: Թե ասա՝ ինչո՞ւ եք այդպես կենտրոնացել Փաշինյանի այցի վրա: Ղեկավար մարդ է՝ գնացել է Վրաստան, ի՞նչ կա դրա մեջ, հարևան երկիր է, չգնա՞:

Փաշինյանի հանդեպ այդպիսի սեր ու ուշադրություն, իմ կարծիքով, հենց այնպես չէր կարող առաջանալ ռուս գործընկերներիս մոտ: Նրանց հաստատ Կրեմլից են դրդել, այն էլ շատ բարձր մակարդակով: Այլապես ինչո՞ւ պետք է Պուտինն ու Լուկաշենկոն Փաշինյան-Ղարիբաշվիլի հանդիպմանը հակահանդիպում կազմակերպեին: Ծիծաղո՞ւմ եք… Իզուր: Եկեք չմոռանանք, որ այս տարի հետխորհրդային հանրապետությունները նշում են ոչ միայն իրենց անկախության 30-ամյակները, այլև, ակամա, Խորհրդային Միության փլուզման 30-ամյակը, ինչը լավ առիթ է հակառուսական հիստերիայի նոր ալիք բարձրացնելու համար: Պուտին-Լուկաշենկո հանդիպումն ու այդ հանդիպման շրջանակներում միասնական պետության մասին քննարկումները ասածիս վառ վկայությունն են: Ամբողջ աշխարհն այսօր խոսում է ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունից՝ Վրաստանից, Ուկրաինայից, տաջիկա-աֆղանական սահմանից, Արցախից: Եվ այս ամենի խորապատկերին Նիկոլ Փաշինյանն այցելում է Վրաստան՝ Թուրքիայից ստացած դրական ազդակներով զինված: Թուրքիան էլ այն երկիրն է, որ Ուկրաինայի բարեկամների հարթակ է ստեղծել ու պահանջում է ռուսական զորքերը դուրս բերել Ուկրաինայից: Ենթադրում եմ՝ նաև Աբխազիայից, Օսեթիայից և… Արցախից: Թուրքիան նաև այն երկիրն է, որ առաջարկել է Հարավային Կովկասում հարթակ ստեղծել՝ իր, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Վրացիները վախեցել են Թուրքիայի այս առաջարկից և դեմ են, որովհետև Էրդողանը, հատկապես երբ խմած է լինում, հայտարարում է, որ Աջարիան ու Բաթումը Թուրքիա են: Հիմա հասկացա՞ք, թե ինչու էին ռուսական ԶԼՄ-ները, Վրաստանի տեսարժան վայրերը թողած, «կամերաները» ֆիքսել Փաշինյան Նիկոլի վրացական այցի վրա: Հրաշալի է, ուրեմն՝ գնանք առաջ:

Ռուս գործընկերներս Սահակաշվիլու, Պորոշենկոյի և Փաշինյանի նման գործիչներին միևնույն բառով են բնութագրում՝ «трепач»: Գռեհկաբանություն է, ճիշտ է, բայց հյութեղ բառ է: թարգմանաբար նշանակում է շատախոս, դատարկախոս… Շատ չերկարացնեմ՝ պոպուլիստ: Ահա և ռուս գործընկերներս առանձնապես ուշադիր չեն գտնվել Թբիլիսիում Փաշինյանի վարած բանակցությունների նկատմամբ և այս ողջ այցից առանձնացրել են Ղարիբաշվիլու հայտարարությունը, որ Վրաստանը դեմ է Հարավային կովկասում Թուրքիայի առաջարկով ինչ-որ հարթակի ստեղծմանը: Վերջ, Փաշինյանի Վրաստան կատարած այցի «խոսակցական մասից» մենք ավելին չիմացանք: Փոխարենը մեզ ցուցադրեցին Փաշինյանի «մեռելային արձանը»՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմում զոհված վրացի հերոսների հիշատակը հավերժացնող մեմորիալում: Այ սա արդեն պոպուլիզմ չէր: Սա այն էր, ինչին սպասում էին Ռուսաստանում և ինչին շատ արագ և օպերատիվ արձագանքեցին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությամբ. «Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում: Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է: Տեղակայման առաջին հինգ տարին սահմանվում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնությամբ, հետագայում կընդունվի ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգման որոշում»։

Կասեի՝ Մուրադովի այս հայտարարությամբ էլ ավարտվեց Փաշինյանի այցը Վրաստան, եթե չլինեին նրա՝ Թբիլիսի- Բաթում ճամփորդությունն ու Հայաստանում հակառուսական ուժերի բարձրացրած վայնասունը: Եթե Փաշինյանի այցը թուրքական ներդրումներով «բարգավաճող» և թրքացող Բաթում դեռ կարելի է հասկանալ ու մեկնաբանել որպես Թուրքիայից եկող դրական ազդակների հետ մոտիկից շփվելու հնարավորություն, ապա չգիտեմ ինչ ասել այս օրերին Հայաստանում թափ հավաքող հակառուսական խաժամուժի մասին, որ բոլորից առաջ ընկած պահանջում է ռուսական զորքերը հանել Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի «սուվերեն» տարածքից: Պարոնայք ռուսատյացներ, իսկ ինչո՞ւ այդ ցանկում չեք նշում Ադրբեջանը, որից մի 2.5 հազար քառակուսի կիլոմետր տարածք «զավթել» են ռուս խաղաղապահներն ու, ինչպես ասաց Մուրադովը, չեն պատրաստվում հեռանալ: Իսկ գուցե Հայաստանի Հանրապետության ապաշնորհ արևմտյան իշխանությո՞ւնն է մեղավոր, որ ռուս խաղաղապահները կարողացան 12,5 հազար քառակուսի կիլոմետրից միայն 2.5 հազարում տեղակայվել: Եվ հիմա ինչպե՞ս չասեմ, որ 44-օրյա պատերազմի հրձիգները Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևն էին՝ իրենց բայրաքթարներով, ինչպես նաև հակառուսական խաժամուժը, որ անկախացած Արցախում և Հայաստանում 30 տարի շարունակ իր սև գործն է արել՝ թելելով պանթուքիզմի ասեղը:

Հ.Գ. Կինտոյին ասեք՝ պարի: Ծափ տվեք, արա…